Առաջարկվել է Աղձքում տեղադրել երեք տեսախցիկ

Առաջարկվել է Աղձքում տեղադրել երեք տեսախցիկ
96 միլիոն 507 հազար դրամ` այսքան է եղել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» 2017-ի պետական սուբսիդիան։



Կենտրոնը սուբսիդիայի պայմանագրով պարտավորվել է իրականացնել հուշարձանների պահպանման գոտիների լրամշակում, նախագծում, հաշվառում, կադաստրային փաստաթղթերի մշակում եւ այլն: Կենտրոնի պայմանագրային պարտավորություններից է հուշարձանների տարածքում պեղումների եւ հետազոտական աշխատանքի իրականացումը: 2017-ին նման աշխատանք է իրականացվել Ոսկեհատի դամբարանադաշտում, Վերին Նավերում, Թագավորանիստում եւ Աղձքի դամբարանում:



ՊՈԱԿ-ի տնօրինությանը նախարարի կողմից առաջարկվել է Աղձքում տեղադրել երեք տեսախցիկ, որոնք նախարարության կայքէջի միջոցով հասանելի կդարձնեն այնտեղ իրականացվող աշխատանքը: Հուշարձանի հանրահռչակման նպատակով առաջարկվել է ակտիվորեն համագործակցել հեռուստաընկերությունների հետ, օրինակ՝ համատեղ փաստագրական բազմասերիանոց ֆիլմ նկարել Աղձքում իրականացվող պեղումների, հնագիտական արշավախմբի վերաբերյալ:



Հայկական պատմամշակութային ժառանգության գիտատեղեկատու շտեմարան կազմելու, թվայնացնելու եւ armonuments.am կայքն ստեղծելու պարտավորությունները կենտրոնը կատարել է, սակայն կայքի շահագործման հետ կապված խնդիրներ կան, մասնավորապես՝ որոնման մատչելիության, կայքի հասանելիության, թարմացման եւ այլն:



«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնն» իրականացնում է հուշարձանների պահպանման գոտիների լրամշակում, նախագծում, հաշվառում։ Սակայն, նախարարի համոզմամբ, տարիներ շարունակ իրականացվող ու պետության վրա մեծ գումարներ արժեցող այս գործառույթն իրականացվել է բացթողումներով, գրեթե բոլոր հուշարձանների պահպանման գոտիները խաթարված են: