Ես Ազատության հրապարակում այդ ոգեղենության հիմքերը տեսա

Ես Ազատության հրապարակում այդ ոգեղենության հիմքերը տեսա
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը 13-օրյա քայլարշավից հետո երեկ, որպես վերջնակետ, հանգրվանեց Ազատության հրապարակում, որտեղ մինչեւ ամսի 17-ը սկսելու են քառօրյա նստացույցներ ու շուրջօրյա հանրահավաքներ։



Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, ով Ազատության հրապարակում մասնակցել էր բազմամարդ հանրահավաքին, մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար ամենաէականն այն է, որ հիմա օդի մեջ ոգեղեն լիցքեր կան, որ վաղուց չկային։ «Այդ ամեն ինչը փոխանցված է ժողովրդի հոգեբանությամբ, ժպիտի, լավատեսության միջոցով, ես Ազատության հրապարակում այդ ոգեղենության հիմքերը տեսա։ Հիմա եթե մենք մեր քայլերով այդ լիցքը չմեծացնենք, չհիասթափեցնենք, ես վստահ եմ, որ սա ձնագնդի էֆեկտ կունենա։ Բացի ոգեւորվածությունից, բավականին ստվար զանգված կա ժողովրդի, հրապարակը լիքն է, եթե ավելանան, այդ լիցքը շատանա, ես վստահ եմ, որ վաղը, մյուս օրը ավելի շատ կլինեն։ Միասնության հոտ էր գալիս՝ ոչ թե քաղաքական դաշտից, այլ մթնոլորտից, ժողովրդի ակնկալիքից, որը շատ ավելի հզոր գործոն է»,- ասաց նա ու նշեց, որ այդ լավատեսությունը հիմա տեսնում է հրապարակում․ «Եթե որեւէ բան չստացվի, մեղավորը միայն մարդկային գործոնը կլինի՝ քաղաքական միասնությունը, այնտեղից հնչող տեքստերը, ժողովուրդը հիմա գործնական քայլերի է սպասում, ոչ թե հերթական ճառերի։ Այս պահին պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետեւ այն ոգին, որ կա, ոչ միայն դու իրեն պետք է սիրես, փայփայես, ինքն էլ քեզ պետք է հավատա։ Դա շատ կարեւոր է»։



Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն առանձնապես մեծ հույսեր չունի, նրա կարծիքով՝ քաղաքականությունը մեր երկրում ինքնուս մակարդակի է՝ հասուն վիճակ դեռ չկա։ «Երբ ընտրություն եղավ, Փաշինյանը գիտեր, չէ՞, որ նոր օրենքով, նոր Սահմանադրությամբ՝ ով մեծամասնություն կազմեց, նա էլ կառաջադրի վարչապետ։ Այդ ընտրությունների ժամանակ էր այդ ակտիվությունը պետք, որպեսզի ամեն ինչ արդար լիներ, նաեւ ընտրակաշառք չլիներ։ Հիմա այս ամենն արդեն կարծես ուշացած վրդովմունքի ալիք լինի։ Իրենք պետք է այն ժամանակ դա գիտակցեին ու փորձեին ընտրություններն այնպես անել, որ կասկածներ չլինեին ընտրությունների նկատմամբ»,- ասում է նա ու, այնուհանդերձ, նկատում, որ իրեն ուրախացնում է ուսանողների ակտիվությունը, ովքեր դուրս են գալիս՝ միանում պայքարին․ «Կարեւորը՝ անտարբեր չեն մեր երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ։ Ես էլ եմ եղել երիտասարդ, 65-ի դեպքերին ես էլ եմ մասնակցել, նույնիսկ պատժվել եմ դրա համար, բայց երիտասարդությունը կարող է իր ազնիվ մղումները, ոգեւորությունը սխալ ձեւով արտահայտել, նրանց ուղղորդողներն արդեն պետք է ճիշտ ճանապարհով տանեն։ Դրա համար մեր քաղաքական իրականությունը շատ ինքնուս վիճակում է, մենք պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չունենք, ցավոք։ Ես շատ եմ իմ ընկերների, ծանոթների հետ խոսել, քանի որ չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, որ մեր շուրջը կատարվում է, բայց մի տեսակ այդ ամենը վստահություն չի ներշնչում։ Եթե կար մի ժամանակ, որ ընդդիմության խոսքն ինչ-որ կերպ հավատ էր ներշնչում, մեր իրականությունը բերեց նրան, որ այսօր ընդդիմությունն ինքն իր դեմ է պայքարում։ Իրենք քայքայվել են, իրար թշնամի են դառել, նույն կուսակցությունից մեկը մյուսի արածն է ոտքի տակ տալիս։ Ժողովուրդն ինչքա՞ն կարող է վստահի, հավատա, մարդն այսօր ո՛չ եղած վիճակից է գոհ, ո՛չ էլ որեւէ սպասելիքներ ունի»։



Ոչինչ չանելն արդյոք հաշտվողականություն չի՞ ենթադրում։ Հաղթանակ Շահումյանն ասաց․ «Ոչ թե հաշտվողական վիճակ է, ուղղակի մարդիկ մտածում են՝ իզուր տեղը ինչի՞ ավելորդ ներվ քայքայեն, երբ չկա որեւէ վստահելի քայլ։ Երկրի ճակատագիրը մի անձի հետ չպետք է կապված լինի, որ քաղաքական գործչին ուզում ես՝ տար նախագահ նշանակի, այդ երկիրը չի փոխվի․ խնդիրը համակարգի մեջ է։ Մեր աչքի առաջ քանի նախագահ փոխվեց, ամեն մեկի ժամանակ մի խոստում տվեցին, բայց այս երկիրը մնացել է նույն վիճակում։ Այսինքն՝ համակարգի խնդիր է, եթե այն առողջ լինի, կապ չունի, թե ով կլինի նախագահը, ով՝ վարչապետը։ Ճիշտ է՝ ցավալիորեն մեր իրականությունն այնպիսին է, որ անհատի դերը շատ ավելի մեծ է ու ազդեցիկ, քան մի ամբողջ կուսակցություն, բայց երկիր կառավարելու համար այդպես չպետք է լինի։



Մենք պետք է խոհեմություն ունենանք, հատկապես նրանք, ովքեր պատասխանատվություն են վերցնում երկրի ճակատագրի համար, որովհետեւ հիմա աշխարհում շատ տագնապալի բաներ են կատարվում՝ Սիրիայի դեպքերը, միջազգային հարաբերությունները, մասնավորապես՝ Ռուսաստան-Ամերիկա։ Այս բոլորը մեր վրա շատ սուր են անդրադառնալու, որովհետեւ մեծ երկրներն այդքան չեն վնասվի, որքան մեր պես փոքր երկրները կարող են զգալի կորուստներ ունենալ։ Դրա համար, ով էլ որ ղեկավարի երկիրը, պետք է մասնագետների կարծիքը հաշվի առնի, խորհուրդ հարցնի․ այդպես բոլոր ասպարեզներում է։ Ես չեմ տեսել երբեւիցե, որ մասնագետները մի հարցի շուրջ կարծիք ունենան ու հանկարծ այդ կարծիքը հաշվի առնեն։ Միշտ եղել է այն, ինչ մի կամայական չինովնիկ ուզեցել է անել։ Աստված տա, որ կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**