Բնապահպանական քամիներն ու «Լիդիան Արմենիանի» քարավանը

Բնապահպանական քամիներն ու «Լիդիան Արմենիանի» քարավանը
Ամուլսարի ծրագիրն իրագործողները, հայտնի ասացվածքի քարավանի պես, շարունակում են առաջ շարժվել՝ առանց էկոլոգիական քամիներին ուշադրություն դարձնելու: Այս տարի հերթական անգամ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հայտարարել է հանքի շահագործումն սկսելու մասին: Ընկերության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ Ամուլսարում տարեկան միջին արտադրողականությունը նախատեսում է 10 միլիոն տոննա հանքաքար, ոսկու պարունակությունը մեկ տոննա հանքաքարում 0.78 գրամ է, ինչը, միջազգային ստանդարտներով, համարվում է միջին պարունակություն եւ ավելին է, քան Կոլորադոյի եւ Նեւադայի ոսկու հանքերինը:



Հայ գիտնականներն առարկում են: «2005 թվականից այս ընկերությունն առնվազն 4 անգամ նախագիծ է փոխել,- ասում է բնապահպանական ակցիաների մասնակից եւ կազմակերպիչ, աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Լեւոն Գալստյանը։- Ինձ թվում է՝ այդ հանքավայրն իրականում երեւակում է, որտեղ կա մոտ 20 տոննա ոսկու հանք, ոչ ավելի: Սկզբում իրենք հենց այդպես էլ ասում էին, 16.5 տոննայի մասին էր խոսքը, բայց 16 տոննան 2013 թվին դարձավ 73 տոննա, որ շահագրգռեն ներդրողներին, հիմա խոսում են 78 տոննայի մասին: Ես համոզված եմ, որ չկա այդ ոսկին, ինչպեսեւ Թեղուտում, չկան այն պաշարները, որոնց մասին խոսում են: Կարող է մի երկու տարի հանքավայրը շահագործեն, հիմնական պաշարը հանեն, հետո ասեն՝ գնացինք, էլ ձեռք չի տալիս»:



«Լիդիան Արմենիանի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նոր ֆինանսական հոսքեր է փորձում բերել: Մարտին նա մասնակցել է Տորոնտոյում հանքարդյունաբերության հարցերով խոշոր միջազգային համաժողովի, որի ժամանակ Ամուլսարի շահագործման ծրագիրը ներկայացրել է որպես ներդրողի համար խիստ շահավետ: Գնդեվազ գյուղի մոտակայքում, որտեղ բացվելու է ապագա հանքավայրը, արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում: Գնդեվազի բնակիչներից տեղեկացանք, որ տարածքում ինչ-որ աշխատանքներ են կատարվում:



«Ֆաբրիկայի տարածքն են սարքում, հանքի պայթեցումներ դեռ չկան, բայց կլինեն»,- հայտնեց մեզ հայցվոր, գնդեվազցիների ներկայացուցիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը: Հանքի պայթեցումներ չկան, բայց կան շինարարական պայթեցումներ:



«Լիդիան Արմենիանի» կայուն կառավարման գծով փոխտնօրեն Արմեն Ստեփանյանը «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում հայտնեց. «Շինարարական աշխատանքները բոլոր ուղղություններով ընթանում են»: Հարցին, թե ինչ փուլում են դրանք, մենեջերը պատասխանեց. «Շինարարական փուլում են»: Նա հայտնեց, որ աշխատանքների ընթացքում եղել են պայթեցումներ: «Շատ պայթեցումներ են եղել ու դեռ շարունակվում են, բայց արդեն բան չի մնացել: Էնպես չէ, որ օրը մի քանի անգամ են լինում: Կարող է շաբաթը մեկ կամ երկու անգամ կատարվեն: Հստակ հաճախականություն նշել չեմ կարող: Շինարարական աշխատանքների նպատակով պայթեցումներն աննշան են, կարող է պայթեցնեն, մարդը մի 100 մետր այն կողմ չլսի»: Թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները, Արմեն Ստեփանյանը չհայտնեց: «Մի քանի կապալառուներ կան: Ֆաբրիկան հիմա կառուցվում է»: Հիշեցնենք, որ մոտ երկու տարի առաջ Գնդեվազում ոռոգման ջրագիծ կառուցելու պատվերը «Լիդիան» ընկերությունը տվել էր «Արփա-Սեւան» ընկերությանը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդուն: Արմեն Ստեփանյանը չհերքեց, որ «Լիդիան Արմենիանն» աշխատել է այս ընկերության հետ:



Պայթեցումները, անգամ եթե խոսքը լոկ շինարարական պայթեցումների մասին է, վտանգավոր են՝ վստահեցնում է իրավաբան-էկոլոգ Նազենի Վարդանյանը. «Վերին շերտը՝ հումուսային, եթե հանեն, արդեն թթվային դրենաժի վտանգ է առաջանում, որի մասին մասնագետները զգուշացնում են: Ջերմուկի շրջակայքում չի կարելի որեւէ պայթեցում անել, որովհետեւ դա կարող է բերել ակունքների կորստի, նույնիսկ եթե պայթեցնում են ոչ թե հանքը, այլ շինարարություն են անում: Այստեղ միայն փորող տեխնիկա է կարելի օգտագործել»: Նա առաջիկայում նոր հայց է ներկայացնելու Ամուլսարի դեմ՝ Վայոց Ձորի մի խումբ բնակիչների անունից: «Պահանջելու ենք պարտավորեցնել՝ ուժը կորցրած ճանաչել բնապահպանության նախարարության փորձաքննության եզրակացությունը, որում թթվային դրենաժի մասին ընդհանրապես խոսք չկա: Քանի որ այնտեղ սուլֆիդային ապարներ են, ձնհալի, անձրեւի արդյունքում դրանք լվացվելու են հողի շերտի հետ, առաջանալու է ծծմբաթթու, որը, ծանր մետաղները եւ ռադիոակտիվ նյութերը լուծելով իր մեջ, լցվելու է Արփա գետը, Սպանդարյան ջրամբարը: Մի մասը Սեւան է լցվելու, մյուսն էլ Արփա գետով՝ Արարատյան դաշտավայր»,- վստահեցնում է իրավաբանը:



Իսկ ապրիլի 25-ին վարչական դատարանում նիստ է նշանակված Ամուլսարի ոսկուն վերաբերող մեկ այլ գործով: 8 գնդեվազցիներ դատի են տվել բնապահպանության եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններին: Դատն սկսվել է 2015 թվականին, ընթանում է մեծ ընդմիջումներով: Գնդեվազցիները պահանջում են, որ չեղյալ համարվեն Ամուլսարի ոսկու արդյունահանման թույլտվությունները: Դատարանում արդեն քննվել են կառավարության փորձաքննական եզրակացություններին հակասող մասնագիտական կարծիքներ, որոնց համաձայն՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործող ճանաչված «Լիդիան Արմենիային» նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, դրա իրագործումը բերելու է թթվային եւ հանքաբեր ապարների գոյացման եւ արտազտման, ինչն սպառնում է ջրի որակին: Գնդեվազցիների շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ միջնորդել է դատարանին՝ նշանակել նոր փորձաքննություն, որը կլինի կողմերից անկախ: «Այս փուլում դատարանը քննարկում է իմ միջնորդությունը՝ անկախ փորձաքննություն նշանակելու մասին»,- ասաց նա:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**