Դասեր անցյալից

Դասեր անցյալից
Որքան մոտենում ենք ապրիլի 17-ին, երբ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը, այնքան շիկանում են կրքերը։ Երեկ Երեւանում միանգամից երկու ակցիա է կազմակերպվել՝ ավտոերթ եւ քայլերթ։ Հեղափոխության ծուխն են ծխեցրել, շչակներով ազդարարել իրենց պայքարի մասին, ապա Մաշտոց-Բաղրամյան հատվածում փակել են ճանապարհը, նստացույց արել։ Մի խոսքով՝ մարդկանց քանակը շատ մեծ չի եղել, բայց ակտիվ են եղել եւ համառ։ Նկատելի է, որ այս ակցիաներին հետեւող իշխանությունը ոստիկանական ուժերին հրահանգել է քայլեր չձեռնարկել, սպասել, հետեւել եւ միջամտել միայն ծայր անհրաժեշտության դեպքում։ Քանի դեռ ընդվզող զանգվածը վտանգավոր չափերի չի հասել, իշխանությունը ձեռնպահ կմնա բռնի գործողություններից՝ գիտակցելով, որ ցանկացած նման գործողություն շատ ավելի մեծ հակազդեցություն կառաջացնի, եւ կայծից կարող է հրդեհ բռնկվել։ Մյուս կողմից՝ ընդդիմությունն էլ բավական խելամիտ է պահում իրեն։ Դեռեւս կտրուկ գործողությունների չի գնում, սադրանքների չի դիմում, բռնի պայքարի կոչեր չի անում։



Մի բան պարզ է, որ անցյալից դասեր քաղել են երկուստեք՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։ Եվ երկուստեք էլ ամեն ինչ անելու են, որ խուսափեն Մարտի 1-ի կրկնությունից։ Այդ բեռը ո՛չ Սերժ Սարգսյանը կարող է իր ծերացող ուսերին վերցնել, ո՛չ 2 տարի բանտում անցկացրած Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ցանկացած նման միջադեպ անխուսափելիորեն ծանրանալու է առաջին հերթին հենց նրանց երկուսի ուսերին։



Այսօր դեռ դժվար է ասել, թե ինչպես կընթանան հետագա զարգացումները, եւ մեզ ինչ է սպասվում առաջիկա 4 օրերին։ Առավել եւս՝ դրանից հետո։ Հուսանք, որ այս փորձությունից բոլորս պատվով դուրս կգանք՝ առանց անմեղ զոհերի ու կորուստների եւ ավելի իմաստնացած։