«Ռոման» եւ մեր հավաքականի նոր մարզիչը

«Ռոման» եւ մեր հավաքականի նոր մարզիչը
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում հավերժական քաղաքը ներկայացնող ակումբը՝ «Ռոման», սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային» եւ արեց անհնարինը՝ երեք անպատասխան գնդակ ուղարկեց կապտանռնագույնների դարպասն ու դուրս եկավ հաջորդ փուլ։ Սա իսկական հերոսություն էր, իսկական դրամա, կենաց-մահու պայքար, որին ականատես եղան միլիոնավոր երկրպագուներ։ «Ռոման» հերթական անգամ ապացուցեց, որ անհնարին բան չկա, որ անհաղթահարելի թիմ չկա, որ հրաշքներ լինում են, եւ այդ հրաշքները կյանքի են կոչում հենց ֆուտբոլիստները՝ նրանք, ովքեր դեռ չեն կորցրել մինչեւ վերջ պայքարելու ջիղը, ովքեր ֆուտբոլ խաղում են հանուն ֆուտբոլի։



«Ռոմայի» խաղը դիտելիս մտածում էի նաեւ մեր ֆուտբոլի ազգային հավաքականի ապագայի մասին։ Մեր հավաքականը նոր մարզիչ ունի՝ Վարդան Մինասյանը․ մարդ, ով 2009-2013 թվականներին գլխավորել է Հայաստանի հավաքականը, ով հավաքականի հետ ունեցել է որոշակի հաջողություններ, եւ ամենաէական կողմերից մեկը՝ Վարդան Մինասյանը հասցրել է սիրվել երկրպագուների կողմից, եւ առայսօր էլ երկրպագուները ջերմորեն են վերաբերվում նրան, ինչը շատ կարեւոր է, ընդհանուր առմամբ, լարված ու մռայլ մթնոլորտի ֆոնին։ Ահա․ «Ռոմայի» հերոսական խաղը նոր հույս արթնացրեց, այդպես լինում է, երբ մի թիմի հաջողությանը հետեւելիս վստահությամբ ես համակվում, որ վաղ թե ուշ նույնը քո սիրելի հավաքականի հետ է լինելու։ Համանման փառավոր հաղթանակներ ունենալու համար հսկայածավալ աշխատանք է պետք՝ նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, մարզչական ազատ կամքի դրսեւորում, քիչ թե շատ բարվոք ազգային առաջնություն, ընկալունակ ղեկավարություն։



Ցավոք, Արթուր Պետրոսյանին չհաջողվեց աչքի ընկնել, նրան չհաջողվեց կարճառոտ ժամանակահատվածում մարտունակ ու մրցունակ թիմ ստեղծել։ Վստահ եմ՝ այս պահին հավաքականի համար նա որեւէ էական ու ծանրակշիռ բան չէր էլ կարող անել, դրա համար անհրաժեշտ նախադրյալներ չկան՝ խորտակման դատապարտված նավին անկարող է օգնել անգամ ամենատաղանդավոր նավապետը, իսկ մեր հավաքականի, առհասարակ՝ մեր ֆուտբոլի ներկան փոքր-ինչ նման է խորտակման դատապարտված նավի։ Տա Աստված՝ մեր հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ հասնի այն երկար սպասված հաջողություններին, որոնց մասին միայն երազում ենք։



Սակայն սթափ ու իրատես մարդիկ հասկանում են՝ դրա համար հայկական ֆուտբոլը պիտի բարեփոխվի, նույնիսկ հեղաշրջվի, Ռուբեն Հայրապետյանը պիտի հեռանա իր պաշտոնից, ինչ-որ կերպ ազգային առաջնությունը պիտի զարթոնք ապրի, պիտի կարգավորվեն բոլոր տարաձայնությունները։ Սա է ճանապարհը, այլ տարբերակ պարզապես չկա։ Մեկը մյուսի ետեւից մարզիչների հրաժարականներն ընդունելը դժվար թե հաճելի գործ լինի, ինչ-որ պահից սկսած՝ նաեւ պիտի մտածես ինքդ քո հրաժարականի մասին։ Հավերժական աթոռներ, հավերժական անուրջներ չկան, տասնյակ անգամ ձախողվելը հերոսություն չէ՝ հերոսություն են նաեւ հեռանալը, տեղ զիջելը, նոր մարդկանց ընդառաջ գնալը։



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**