«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը համագործակցում է բոլոր ուժերի հետ

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը համագործակցում է բոլոր ուժերի հետ
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը եւ «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանը Չարենցի այգում` համալսարանի մոտ, նախօրեին հանդիպում էին մի խումբ ուսանողների հետ՝ հորդորում էին միանալ իրենց պայքարին։ Նրանց պնդմամբ՝ շատ կարեւոր է, որ ուսանողությունը նույնպես միանա Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ մղվող պայքարին։ Հանդիպումից հետո պայքարի ընթացքի շուրջ զրուցեցինք «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, «Ժառանգության» նախկին խոսնակ Դավիթ Սանասարյանի հետ։



**- Պարոն Սանասարյան, հանդիպեցիք ուսանողների հետ եւ կոչ արեցիք նրանց միանալ պայքարին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման։ Ինչպե՞ս պետք է նրանք միանան պայքարին, պետք է դասադո՞ւլ սկսեն։**



Ես դեռ դրա մասին չեմ հասցրել խոսել, իհարկե, ես Ֆեյսբուքով եւ այլ միջոցներով ասում եմ դասադուլների անհրաժեշտության մասին եւ հուսով եմ, որ ուսանողները կկայացնեն իրենց որոշումը եւ ամսի 13-ից սկսած՝ դասադուլներով կմիանան շուրջօրյա հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին։



**- Ապրիլի 9-ին հանրահավաք անցկացրիք, հավաքված քաղաքացիների թիվը Ձեզ գոհացնո՞ւմ է։**



Անկեղծ ասած՝ ավելի քիչ էինք սպասում, որովհետեւ նախկին հանրահավաքներում ավելի քիչ էին, այս անգամ ավելի շատ էին, ու այդ քանակից ավելի կարեւոր էներգետիկա կար, սպասում կա՝ գործ անելու, քաղաքացիները վճռական են տրամադրված, այնպես որ, այդ առումով ես որոշ չափով բավարարված եմ ամսի 9-ի միջոցառումից։ Մենք պետք է այնպես անենք, որ այդ էներգետիկան հանրահավաքների ժամանակ նաեւ լինի մեծաքանակ։



**- Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ պայքարող մի քանի ճակատ է ձեւավորվել՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության ճակատը», Արամ Հարությունյանը, ով անժամկետ հացադուլ է հայտարարել, Զարուհի Փոստանջյանը… Կա՞ համագործակցություն այս ճակատների միջեւ։**



Ասեմ հետեւյալը․ «Մերժիր Սերժին», «Իմ քայլը» նախաձեռնությունների եւ «Հանուն Հայաստան պետության ճակատի» միջեւ կա կոնկրետ հարցերի շուրջ փոխըմբռնում։



**- Նիկոլ Փաշինյանն այս հարցի առնչությամբ ասաց, որ եղել է միայն հաղորդակցություն եւ տեղեկատվության փոխանակում, եւ կողմերի միջեւ համագործակցության հարցը մնալու է առկախված այնքան ժամանակ, մինչեւ որ «Հանուն Հայաստան պետության ճակատը» չընդունի իրենց դիրքորոշումը՝ բռնությունների եւ հակաբռնությունների հետ կապված։**



Ես կարծում եմ, որ հստակ պատասխան եղել է, որ խաղաղ անհնազանդության կողմնակից է «Հանուն Հայաստան պետության ճակատը»։ Ես չասացի, որ միացում է տեղի ունեցել, որեւէ ուժ մյուսին միացնելու խնդիր մենք չենք դրել։ Մենք հրապարակը չենք կիսելու, որ ամեն մեկն իր միջոցառումն անի, ամսի 13-ին ես վստահ եմ ու հուսով եմ ու տեսնում եմ այդ պատկերը, որ լինելու են փոխհամաձայնեցված եւ փոխլրացնող գործողություններ։ Հանդիպումներ եղել են 2 ուժերի հետ էլ՝ առանձին-առանձին, եթե չասենք՝ եռակողմ, եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը համագործակցում է բոլոր ուժերի հետ։



**- Արամ Հարությունյանն ասաց, որ քաղաքացիներին Ազատության հրապարակ բերելու ամենակարեւոր նախապայմանն ընդդիմադիր ուժերի՝ հարթակ միասնաբար դուրս գալն է։ Ի՞նչ եք կարծում՝ ապրիլի 13-ին բոլոր ուժերը միասին դուրս կգա՞ն հարթակ։**



Ես չեմ կարող ասել։ Տեսեք՝ միգուցե պարտադիր չէ, որ բոլորը միասին հարթակում լինեն, ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ քաղաքացիների մեջ եմ ու ուժ եմ ստանում քաղաքացիներից։ Չգիտեմ, թե Արամ Հարությունյանն ինչ է նկատի ունեցել, բայց, ամեն դեպքում, ողջունում եմ ցանկացած պայքար ռեժիմի դեմ եւ կուզենայի, որ հացադուլներ չլինեն, բայց ես դա էլ եմ ողջունում։ Ես չեմ ուզում, որ որեւէ ուժ կամ գործիչ բացարձակեցնի, թե ինչպես պետք է անել, ես կարծում եմ, որ հենց դա պետք է չլինի , փոխըմբռնումն ու փոխլրացումը հենց այդտեղ են աշխատում, երբ ինչ-որ մի ուժ չի ասում՝ սա է ու վերջ։



**- Իսկ գուցե մարտավարություն է առանձին-առանձին պայքար ծավալելը, որպեսզի քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվի, որ քաղաքական դաշտի մեծ մասն է պայքար ծավալում։**



Այնպես չէ, որ նախապես պայմանավորված է՝ առանձին- առանձին պետք է պայքար ծավալվի, պարզապես այդպես է ստացվել, ու նորմալ է, որ քաղաքական միավորները տարբեր մոտեցումներ են ունենում․ դա շատ բնական է։ Բնականաբար, ամեն մեկն ունի իր համախոհների շրջանակները։ Մեկի համախոհները գուցե չեն սիրում մյուսին։ Հնարավոր է, որ բոլորը նույն անվան տակ դուրս գան, ու չլինի նույն էֆեկտը։ Ես չեմ կարող այստեղ բացարձակ գնահատականներ տալ, բայց մի բան կարող եմ հստակ ասել, որ քաղաքական ուժերի թիրախը մեկն է , ոչ թե մի քանիսը, այստեղ հաջողություն կարելի է ակնկալել։



**- Զարուհի Փոստանջյանին ձեր կողմից համագործակցության առաջարկ եղե՞լ է։**



Զարուհու հետ որեւէ խոսակցություն չի եղել։ Զարուհին իմ հին ընկերն է, ես նրան շատ հարգում եմ ու նրա պայքարը գնահատում եմ։ Ես հրապարակից կոչ էի արել, բայց արձագանք չստացա։ Եթե Զարուհին հանրահավաք հրավիրի, ես կգնամ։ Մենք հիմա խնդիր ունենք ժողովրդին ցույց տալու էդ բռունցքը, թե ոնց ենք դուրս գալիս էս իրավիճակից։



**- Ձեր նախաձեռնությունը կոչվում է «Մերժիր Սերժին», եթե, այնուամենայնիվ, ձեզ հաջողվի իշխանափոխություն անել, Արմեն Սարգսյանը կմնա՞ երկրի նախագահի պաշտոնին։**



Գիտեք՝ ես հիմա չէի ուզի հետագա նման հեռահար պլանների մասին խոսել։ Ասեմ հետեւյալը՝ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ, քանի որ ՀՀԿ-ի կողմից նշանակված է, եւ, բնականաբար, մենք Հայաստանում անելու ենք ամեն ինչ, որ լեգիտիմության պակաս չլինի, եւ որեւիցե խնդիր չունենանք, ամեն ինչ պետք է լինի իրավական եւ լեգիտիմ, այդ ճանապարհը պետք է անցնել։