Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը՝ վաղը

Հրապարակ մշակութային հավելվածի նոր համարը՝ վաղը
Սիրելի ընթերցող․



Վաղը՝ ապրիլի 12-ի «Հրապարակ» օրաթերթի համարում, կարող եք ընթերցել նաեւ Հրապարակ Մշակութային Հավելվածի 3-րդ համարը։



Համարում կարող եք կարդալ արձակագիր **Լեւոն Ջավախյանի** «Վեպից ծնվելիք պետություն» էսսեն․ «Պետականությանն ապավինող գրականությունը զոռով չի լինում։ Դա նշանակում է՝ կա՛մ մշակույթի գործիչները չեն կարողանում հասնել դրան, կա՛մ պետությունը չի կարողանում նպաստել այդպիսի մշակույթին։ Մի բան, որն անհրաժեշտ է։ Եթե լուրջ, ապա մենք լրջախոհ վեպ չունենք»։



Բանաստեղծ **Գոռ Արզումանյանի** «Հաց ու կրկես» շարքը․



«Մի օղակ անընդհատ լայնացող,



Անընդհատ պտտվող մի կրկես,



Քեզ այնտեղ միայն աղ ու հացով,



Լոկ պատվով կընդունեն այնտեղ քեզ:



Կբացեն նոր դռներ քո դիմաց,



Կվառեն քեզ համար նոր կանթեղ,



Ու բաներ կլինեն անիմաց,



Դու միայն իմացիր, որ այնտեղ



Մեկը հագնում է դիմակը,



Մյուսը բացում է քամակը»:



Գրող, հրապարակախոս **Մհեր Արշակյանի** ««Ճի՞շտ» էր Սեւակի մահը» հոդվածը․ «Բայց ինչո՞ւ Մաթեւոսյանի լեզուն սնում էր գրականությունը, մինչ Սեւակինը՝ նույնիսկ հրապարակախոսության մեջ, իր բառամթերքով ինքն իրենից ավելին չէր նշանակում: Սեւակը չափազանց շատ բառեր ուներ չափազանց քիչ ասելիքի համար: Սեւակը բանաստեղծության անունից էր ապականում դեռ կլիշեի չձգող ասելիքը: Սեւակը դրանք դարձնում էր բանաստեղծական կլիշեներ: Բայց ի՜նչ հրավառությամբ»:



Բանաստեղծ **Հասմիկ Սիմոնյանի** եւ արձակագիր **Անրի Գրիգորյանի** զրույցը․ «Իսկ ո՞ր հասարակական խնդիրների մասին պիտի գրի հայ գրողը: Մեր հասարակությունը, համոզված եմ, էս հարցում էլ խիստ սելեկտիվ է: Իսկ եթե հայ գրողը Երեւանի կապույտ աղջիկների մասին գրի, մեր հասարակությունը գո՞հ կմնա: Իսկ եթե ես ուզում եմ գրել յուպիտերցիների մասին, ում մինչեւ հիմա չեն բացահայտել, բայց ես էնքան լկտի եմ, որ հայտարարում եմ՝ ես գտել եմ նրանց, չգրե՞մ»:



Թարգմանիչ **Լիլիթ Հայրապետյանի** «Երգեր երկրորդ հարկից» թարգմանական կոլաժը․ «Լաց մի՛ եղիր: Ամեն ինչ կարգին է, Թոմաս: Սիրեցեալ լինի նա, ով նստում է: Լացելը վնասակար չէ: Պետք է լացել, երբ տխուր ես: Հիսուսը նույնպես լաց էր լինում խաչի վրա՝ ցավից: Նրան խաչեցին, որովհետեւ բարի մարդ էր: Թոմասը նույնպես բարի է: Բայց բիզնես-գաղափարներ չունի: Հիսուսն էլ չուներ՝ միայն ցավ: Նրան խաչեցին, որովհետեւ բարի մարդ էր: Նա Աստծո Որդին չէր»: