Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հայտարարությունը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հայտարարությունը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը



-Նպատակ ունենալով նպաստել կոռուպցիայից զերծ Հայաստանի ստեղծումը,



-Առաջնային համարելով կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորումը, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծումը,



-Նկատի ունենալով հասարակության մեջ կոռուպցիայի՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորումը և արմատավորումը,



-Ընդգծելով հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորումը,



-Կարևորելով հակակոռուպցիոն օրենքների, այդ թվում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունումն ու կյանքի կոչումը, հայտարարում է ՀՀ Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի կազմավորման և գործունեության նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու մասին։



Կոչ է անում



ա) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհուրդ կազմավորող Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի ղեկավարներին



- մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունն իրականացնել նախապես սահմանված և հրապարակված չափանիշների հիման վրա, որոնք կներառեն, սակայն չեն սահմանափակվի հետևյալ չափանիշներով` հանրության կողմից ճանաչելիություն, բարոյական բարձր նկարագիր, հակակոռուպցիոն ոլորտում փորձառություն,



- մրցութային խորհրդի իրենց ներկայացուցչի ընտրությունը իրականացնել մրցութային հիմունքներով` բաց և հրապարակային ընթացակարգի հիման վրա,



- առաջիկա օրերերին հանդիպել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ՝ վերը նշված հանձնառությունները քննարկելու և իրականացնելու նպատակով:



բ) ՀՀ Ազգային Ժողովին.



-ստեղծել համապատասխան պայմաններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման և գործունեության ամբողջ գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովման, ինչպես նաև հասարակության կողմից մշտադիտարկման համար:



գ) Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.



-Մշտադիտարկել և լուսաբանել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի կազմավորման և դրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության ողջ գործընթացը:



**Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց**



**10 ապրիլի, 2018**