Նյարդերի պատերազմ է

Նյարդերի պատերազմ է
Ապրիլի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը ենթակաների խորհրդակցություն է հրավիրել եւ ասել, որ նախագահական ընտրություններին ընդառաջ «հակառակորդը կարող է դիմել սադրանքների, պետք է մշտապես պատրաստ լինել եւ հուժկու հակահարված հասցնել»: Հաջորդ օրը շփման գծի հարավում ադրբեջանական կողմի կրակոցից հայ դիրքապահ զինվոր է սպանվել, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Նախիջեւանի ուղղությամբ հրադադարի խախտման մասին տեղեկատվությունը: Հակառակորդի պահվածքը փոփոխության չի ենթարկվել, Ադրբեջանը ձգտում է մշտապես պահպանել լարվածությունը: Հակառակ դեպքում, ինչպես Բաքվում են կարծում, բոլորը կմոռանան ղարաբաղյան հակամարտության մասին, կհաշտվեն ստատուս-քվոյի հետ: Ադրբեջանը, կարելի է ասել, նյարդերի պատերազմ է վարում: Եւ շարունակելու է նույն քաղաքականությունը նաեւ ապրիլի 11-ի «ընտրություններից» հետո: Բաքուն չափազանց տպավորված է սիրիական Աֆրինում Թուրքիայի «հակաահաբեկչական» գործողությունների հանդեպ միջազգային անտարբերությունից: Ադրբեջանցի փորձագետները գտնում են, որ «միանգամայն հնարավոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ նման ընկալունակության հասնել եւ անցնել օկուպացված տարածքների ուժով ազատագրմանը»:



Կարելի է ենթադրել, որ խնդրի շուրջ թուրք-ադրբեջանական խորհրդատվություններ են անցկացվում: Նախագահի թեկնածուներից մեկը զարգացրել է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին մամուլի առաջադրած գաղափարը եւ ակնարկել, որ այդ դեպքում «Թուրքիայի օժանդակությունը կարող է շոշափելի լինել»: Ըստ երեւույթին, ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանում համոզվել են, որ ժամկետային ծառայության բանակն ի զորու չէ «ազատագրել օկուպացված տարածքները»:



Մամուլի հրապարակումներից դիտարկվում է, որ հավանական պատերազմի ժամկետը 2020թ. գարուն-ամառն է: Պրոֆեսիոնալ, իսկ ավելի ճիշտ՝ վարձկան, բանակ կազմավորելու համար, այսպիսով, Ադրբեջանին երկու տարի ժամանակ է պետք: Այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն այնքան կխորանա, որ հազարավոր թուրք զինվորականներ Ադրբեջանում ծառայության կանցնեն: Բաքվում լիահույս են, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու հնարավորություն կգտնվի, եթե մինչ այդ չհաջողվի խնդրի քննարկումը տեղափոխել ռուս-թուրք-իրանական դաշինքի հարթություն: Ռուսական աղբյուրները շարունակաբար ակնարկում են, որ «պետք է Հարավային Կովկասից հեռացնել արտատարածաշրջանային ուժերին»:



Խոսքը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մասին է: Նախագահական «ընտրություններից» հետո Ադրբեջանը հայտարարելու է մոտակա երկու-երեք տասնամյակների կտրվածքով զարգացման տեսլականը: Նյարդերի պատերազմն ավելի է խորանալու: