Ծեսը պետք է անթերի լինի

Ծեսը պետք է անթերի լինի
Նախագահի երդմնակալության արարողությունները, որին հինգ տարին մեկ ականատես ենք լինում մենք, ուշագրավ ծեսեր են, որոնք բծախնդիր մշակված արարողակարգ են ենթադրում ողջ աշխարհում։ Հյուրերի մանրակրկիտ ընտրություն, հրավիրատոմսեր, անվտանգության խիստ միջոցառումներ, հյուրերի ընդունելություն, դահլիճ մտնելու հերթականություն, դրոշի, Ավետարանի, Մայր սահմանադրության մուտքը դահլիճ, երդման տեքստ, ելույթներ, ֆուրշեթ։



Ամբողջ արարողությունը հազիվ մեկ ժամ է տեւում, բայց հիշարժան է, եւ արժե այն հասցնել վիրտուոզ կատարման մակարդակի։ Ասենք, չի կարող ողջ պատկառելի դահլիճը 10 րոպե լուռ նստած սպասել, մինչեւ արարողությունը կսկսվի։ Կամ՝ նման արարողության ֆոնը չի կարող լինել բոլշեւիկյան կարմիրն ու սովետական կոլխոզնիցայի արձանը հիշեցնող պաստառը, իսկ դրոշը դահլիճ բերող զինվորական շքախումբը չպետք է հագած լինի խորհրդային ժամանակների համազգեստ։



Այդ բոլոր ատրիբուտները մեկ անգամ պետք է մշակվեն, ստեղծվեն հայկական ոգով ու մոտիվներով եւ տարիներ շարունակ պահպանվեն՝ վերածվելով հին, սիրելի ավանդույթի։ Այնպես, ինչպես երկրի նախագահը, անգամ նվազ լիազորություններով օժտված, ոչ թե պետք է իր օրհնությունը բերած Վեհափառի աջը սեղմի, այլ համբուրի, որքան էլ այդ Վեհափառը հարգանք ու հավատ չի ներշնչում։ Ի վերջո, պետականության զգացումը, հարգանքը պետական խորհրդանիշների նկատմամբ, հպարտությունը, որ դու պետություն ունես, եւ այդ պետությունը նաեւ հստակ մշակված արարողակարգեր, անանցանելի զգացումներ են եւ անձերից ու մերօրյա տխուր իրողություններից շատ ավելի արժեքավոր։ Իսկ նման զգացումները ծնվում եւ ամրանում են հենց նման արարողությունների մանրակրկիտ մշակված, անթերի ծիսակարգերի եւ դրա մասնակիցների անթերի կատարման շնորհիվ։