Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, ապա ես կարտագաղթեմ այս երկրից

Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, ապա ես կարտագաղթեմ այս երկրից

«Վերածննդի տասնամյակ»։ Ահա այսպես պետք է բնութագրվի Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանը։ Եվ սա ամենևին էլ պատահական գնահատական չէ։ 2008-2018 թթ․ Հայաստանի Հանրապետությունն իսկապես թևակոխեց վերածննդի և վերելքի բացառիկ մի շրջափուլ, որի գլխավոր ճարտարապետն ու գաղափարախոսը նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնեց բավականին ծանր ժամանակաշրջանում, երբ պետությունը թաղված էր անհաղթահարելի ճգնաժամի մեջ՝ զրկված զարգացման որևէ հեռանկարից։ Բայց նա չընկրկեց անլուծելի թվացող մարտահրավերների առջև և աստիճանական կերպով սկսեց կյանքի կոչել պետության սրընթաց զարգացման իր տեսլականը, որի մասին խոսում էր տակավին 2008 թ․ նախընտրական կամպանիայի ժամանակ։

Սերժ Սարգսյանն առաջին հերթին հույս ներշնչեց բարոյական տեսանկյունից կազմաքանդված հանրությանը, վերականգնեց մարդկանց կորսված հավատը իշխանության նկատմամբ։ Իսկ այդ ճանապարհին նրա առաջին քայլն եղավ ազգային համերաշխության միջավայրի ստեղծումը, համերաշխություն, որի առաջնային գաղափարախոսն էր հենց հանրապետության նախագահը։ Եթե հիշում եք, 2008 թ․ ներքաղաքական իրավիճակը բավականին սրված էր, Հայաստանը կանգնած էր եղբայրասպան բախումների սպառնալիքի առջև։ Այսպիսի ծանրագույն պայմաններում Սարգսյանն իր վճռականությամբ, երկաթյա կամքով ու գթասրտությամբ կարողացավ կանխել արյունահեղությունն ու հաշտեցնել հակամարտող կողմերին՝ առաջնային պլան մղելով «Երևանում արյուն չպետք է թափվի» արժեքային կարգախոսը։ Բարոյական արժեքների վրա խարսխված մոտեցումն այս հավելյալ լիցք հանդիսացավ ազգային միասնության մեծ գաղափարը կյանքի կոչելու տեսանկյունից՝ ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կոնցեպտը։ Այլ խոսքով ասած՝ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն էր և անսխալ առաջնորդն ու նավավարը աշխարհասփյուռ հայության։

Նախագահ դառնալուց ի վեր Սարգսյանը հետևողական կերպով իրականացրել է միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդման քաղաքականություն։ Ասվածի վառ վկայությունն են Հայ-թուրքական արձանագրությունները։ Ինչպես Թուրքիան, այնպես էլ միջազգային խաղացողները ստիպված եղան առերեսվել վագրի թռիչքներով զարգացող «Կովկասյան Իսրայել»-ի հետ, որի առաջնորդն էր Սերժ Սարգսյանը։ Վագրի թռիչքների արդյունքը մենք տեսանք նաև հետագայում, երբ հանրապետության նախագահը հաղթական վճռականությամբ ՄԱԿ-ի ամբիոնից «գուրողի» ծոցն ուղարկեց այդ արձանագրությունները։ Խոստովանենք, որ այդպիսի խրոխտ կեցվածք ոչ բոլորը կարող էին դրսևորել։ Սարգսյանը դարձավ նաև Հայաստանի անկախության և ինքնիշխանության երաշխավորը՝ կարողանալով զսպել Ռուսատանի կայսերական ձգտումներն ու ճնշումները Հայաստանի նկատմամբ։ Նա կանգնեց ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը չպետք է ԵԱՏՄ անդամ դառնա՝ մի գիշերվա ընթացքում ԵՄ-ի հետ ստորագրելով ասոցացման համաձայնագիրը։

Նշենք, որ կառավարման ամբողջ շրջանում Սերժ Սարգսյանը վայելել է ժողովրդի բարձր վստահությունը։ Նրան սիրում էին ոչ միայն գյուղացիներն ու աշխատավորները, այլ նաև լրագրողները, մշակութային գործիչներն ու գիտնականները։ Հիշում եմ, հուլիսյան մի օր տեսախցիկը ձեռքիս սպասում էի Սերժ Սարգսյանին։ Բազմահազար ժողովուրդ էր հավաքված, և դա իրավամբ սովորական օր չէր։ Հանրապետության նախագահը պետք է դառնար Ստեփանակերտ-Երևան ավիաչվերթի առաջին ուղեւորը։ Իսկապես ազդեցիկ տեսարաններ էին, թե ինչպես էր ոգևորված ժողովուրդը դիմավորում իր սիրելի առաջնորդին ու ծափահարություններով ճանապարհում դեպի հերթական սխրանքը։ Նույնիսկ ես հուզմունիքց չէի կարողանում լուսանկարել։ Մի կողմից երջանիկ էի, իսկ մյուս կողմից՝ չափազանց անհանգիստ։ Չէ՞ որ վայրագ ու նենգ թշնամին կարող էր ամեն պահ խոցել նախագահի ինքնաթիռը, ի՞նչ կլիներ այդ ժամանակ, Հայաստանը չէր կարող կորցնել իր անփոխարինելի առաջնորդին։ Բայց ամեն ինչ բարեհաջող անցավ։ Սերժ Սարգսյանը վերստին ցույց տվեց աշխարհին, որ «Կովկասյան վագրը» անպարտելի է։

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը միշտ է աչքի ընկել անձնուրացությամբ։ Երբ բացվեց նոր ատոմակայանը, նա բանվորների և ինժեներների հետ միասին մասնակցում էր դրա փորձարկման աշխատանքներին՝ մի կողմ դնելով այն սպառնալիքը, որ անհաջող փորձարկման դեպքում վթարի զոհ կդառնար նաև հենց ինքը՝ մեր նախագահը։ Բայց նա ինչպես միշտ առաջնորդվում էր «թող առաջին ճառագայթվողը ես լինեմ» սկզբունքով։

«Վերածննդի տասնամյակը» նշանավորվեց Իրան-Հայաստան երկաթուղու հանդիսավոր բացմամբ։ Ճիշտ է, այս անգամ առաջին ուղեւորը Սերժ Սարգսյանը չէր, բայց դրա անհրաժեշտությունն էլ չկար, քանի որ նա որպես կանոն առաջինն է լինում միայն առաջինների շարքում, երբ տագնապած ազգը միահամուռ կերպով սպասում է նրա առաջին քայլին։ Ինչևիցե, Սարգսյանի ջանքերի շնորհիվ Հայաստանը դարձավ Մետաքսի ճանապարհի այն կարևորագույն հանգույցներից մեկը, որը Արևելքը միավորում ու կապակցում է Արևմուտքի հետ։ Այո՛, Սերժ Սարգսյանը նաև Արևելքի և Արևմուտքի միջև քաղաքակրթական երկխոսություն նախաձեռնող առաջնորդ է։

Իհարկե, մեկ հոդվածի սահմաններում հնարավոր չէ ըստ պատշաճի նկարագրել «Վերածննդի տասնամյակի» ողջ էությունը։ Դրա համար նույնիսկ հատորներն էլ բավական չեն։ Մենք երիտասարդ պատմագետներով մտածում ենք ապագայում Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանի վերաբերյալ հանրագիտարան ստեղծելու գաղափարի շուրջ, որպեսզի ապագա սերունդները կարդան ու հպարտանան վերածնված Հայաստանով։ Ինչու չէ, նաև օրինակ վերցնեն։ Բայց եթե խոսում ենք Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանի մասին, ապա չենք կարող չհիշատակել 7 տոկոս տնտեսական աճի մասին։ Իսկապես պետք է արձանագրենք, որ տնտեսությունն անկասելի կերպով անընդհատ զարգացել ու աճել է, ինչը պատճառ է դարձել արտագաղթի կասեցման համար։ Ավելին՝ արտագաղթը ոչ միայն կասեցվել է, այլ նաև սկսել է ներգաղթի տրամաբանական գործընթաց։ Այս տասը տարիների ընթացքում Հայաստան է ներգաղթել ավելի քան 360 հազար մարդ։ Երբեք չեմ մոռանա ներգաղթողների արտասվաթոր հայացքները, որոնք կարծես թե «Ավետյաց երկիր» էին վերադառնում՝ համբուրելով Հայաստանի հողն ու օրհնելով Սերժ Սարգսյանին, որը ներգաղթի կազմակերպիչն ու իրագործողն էր։ Երկու կարծիք լինել չի կարող, Սարգսյանի Հայաստանն աշխարհասփյուռ հայության համար դարձավ հոգևոր հայրենիք։

Երրորդ նախագահը Հայաստանը ոչ միայն հոգևոր, այլ նաև ապահով հայրենիք դարձրեց։ Նրա կառավարման ժամանակաշրջանում պետական սահմանն անառիկ էր ու հակառակորդի համար անհաղթահարելի։ Պաշտպանության ոլորտում նրա նախաձեռնած բարեփոխումների արդյունքում Հայաստանն ու Արցախը անհասանելի միջնաբերդի կարգավիճակ ստացան։ Բայց պաշտպանվելուց զատ Սարգսյանը նաև հակառակորդին պատժել գիտի։ 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ նրա անմիջական հրամանատարությամբ հայկական զորքերը ոչ միայն ետ մղեցին նենգ հակառակորդին, այլ նաև Արցախը տարածքային աճ արձանագրեց։ Հայ զինվորը գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ու հայրական օրհնանքը սրտում ազատագրեց պատմական հայրենիքի 800 հեկտար տարածք։ Փառք հայ զինվորին, փառք գերագույն գլխավոր հրամանատարին։

Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում արմատախիլ արվեց կոռուպցիան, վերացվեցին մենաշնորհներն ու բյուրոկրատական կամայականությունները։ Հայաստանը տարածաշրջանում դարձավ սոցիալական արդարության և ժողովրդավարության մի կղզյակ։ Ի սպառ ոչնչացվեց ընտրությունների կեղծման արատավոր պրակտիկան, իսկ սոցիալական բևեռացումը հավասարեցվեց զրոյի։ Թերևս ամենամեծ նվաճումներից մեկն այն էր, որ այս տասնամյակում հասարակական գիտակցությունից անէացան իշխանությունը զենքի ուժով վերցնելու տրամադրությունները։ Սերժ Սարգսյանը նաև ողորմած առաջնորդ էր, նա ապրում էր ժողովրդի մեջ և ժողովրդի համար։ Եվ այսքանից հետո այս մարդը պետք է հեռանա քաղաքանությունից՝ Հայաստանը թողնելով անտեր ու անօգնական։ Բայց դա արդար չէ։ Չէ՞ որ նա բարեփոխումներ իրականացրեց, ոչ կենսունակ կառավարման համակարգը փոխարինեց կենսունակ խորհրդարանական համակարգով և այսքանից հետո ի՞նչ խղճով պետք է հեռանա։ Ո՛չ, մենք չպետք է թույլ տանք, որ նա հեռանա։ Ես անձամբ պատրաստ եմ դուրս գալ փողոց՝ պահանջելու, որ նա մնա։ Թեկուզ հրապարակային խոստումը դրժելու գնով, պետք է մնա, որովհետև նա մեր անփոխարինելի և անսխալ նավավարն է։ Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, ապա ես՝ Կարպիս Փաշոյանս, կարտագաղթեմ այս երկրից։