Ալիեւը «վերադառնում է» Կազա՞ն

Ալիեւը «վերադառնում է» Կազա՞ն
Երկրորդ օրն է, ադրբեջանական բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները խոսում են ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ «հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի» մասին, որի տեքստը, նրանց փոխացմամբ, «տեղադրված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում»:



Ըստ ադրբեջանական [հրապարակումների](https://ru.oxu.az/war/250571), Լավրովն ասել է, որ կողմերը պետք է հաղթահարեն վստահության պակասը, հրաժարվեն զգացմունքայնությունից եւ կենտրոնան «իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա, որոնք բավարար չափով առկա են»: Ընդ որում, ՌԴ արտգործնախարարը հատուկ ընդգծել է 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը «մշակվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ»: Լավրովն ավելացրել է, որ Կազանի գագաթաժողովում «ի հայտ են եկել լրացուցիչ հարցեր եւ մեկնաբանություններ, այդպես պատահում է, մենք դրանից ողբերգություն չենք ստեղծում, աշխատանքը կշարունակվի»:



Եւ, ամենակարեւորը՝ Լավրովի գնահատմամբ Կազանի փաստաթղթի «շատ մշակումներ այսօր էլ մնում են պահանջված»: Ադրբեջանում, ինչպես արտգործնախարար Մամեդյարովն է օրերս ասել, սպասում են, որ ընտրական փուլի ավարտից հետո ԼՂ կարգավորման բանակցություններում ինտենսիվացում կլինի: ՌԴ արտգործնախարարի ասուլիսի նկատմամբ ադրբեջանական լրատվամիջոցների ուղղորդված մոտեցումը, թերեւս, պետք է գնահատել այդ սպասումների համատեքստում: Եւ, որքան կարելի է հասկանալ, Բաքվում կարծես դեմ չէին լինի, եթե բանակցային գործընթացը վերադառնար Կազանի փաստաթղթի մշակումներին: Ստույգ հայտնի է, որ Կազանում «լրացուցիչ հարցեր եւ մեկնաբանություններ» առաջադրել է Ադրբեջանը: Դա արձանագրված է նաեւ համանախագահների կողմից: Այդուհանդերձ, անցած տարիներին Կազանի փաստաթուղթը ԵԱՀԿ գրասենյակին ի պահ չի հանձնվել: Դա նշանակում է, որ այն մնում է աշխատանքային տարբերակ եւ կարող է կրկին դրվել բանակցությունների սեղանին:



Ի՞նչ մշակումներ են արվում ներկայումս: Լավրովի ասածից կարելի է ենթադրել, որ Կազանի փաստաթուղթը որոշակի լրամշակման է ենթարկվում: Պետք է սպասել, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ներիշխանական վերադասավորումներն ավարտվելուց հետո տեղի կունենա համանախագահների տարածաշրջանային այց: Ըստ երեւույթին, փորձ կարվի կազմակերպել հայ-ադրբեջանական գագաթաժողով: Ի՞նչ ընթացք կունենան իրադարձությունները՝ պարզ կլինի, երեւի, առաջիկա մայիս-հունիսին: Բայց տպավորություն կա, որ Ալիեւը մտադիր է վերադառնալ Կազանի տարբերակին: