Գյուղացուն գիտելի՞քն է խանգարում

Գյուղացուն գիտելի՞քն է խանգարում
Գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցով նպատակ ունեն զարգացնել գյուղատնտեսությունը։ Այս տարի, օրինակ, նախատեսում են իրականացնել արհեստական սերմնավորման, գյուղտեխնիկան լիզինգային նպաստավոր պայմաններով ձեռքբերելու ծրագիրը, այնուհետև մտադիր են իրականացնել գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը, որն արդեն քանի տարի է՝ խոստանում են իրականացնել, բայց դեռ ծայրը չի երևում։



Գյունախարարության ծրագրերին լրագրողները ծանոթացան Ծաղկաձորում կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ, որին ներկա էր նաև գյուղնախարար Իգնատի Առաքելյանը։



Լրագրողներից մեկը նկատեց, թե նախատեսված ծրագրերի բացակայությո՞ւնն է խանգարում, որ գյուղատնտեսությունը զարգանար, քանի որ գյուղերը գնալով դատարկվում են, այսինքն՝ շահութաբերությո՞ւն չկա, որ գյուղացիները թողնում հեռանում են երկրից։ Ի՞նչ պետք է անել սրա դեմն առնելու համար։



Նախարարն ասաց․ «Շահութաբերություն կա, չկա այն գյուղատնտեսների մոտ, որոնք չգիտեն՝ ոնց հողի վրա աշխատեն»։



Այսինքն՝ գիտելի՞քն է խանգարում գյուղացուն, Իգնատի Առաքելյանը տարօրինակ պատասխան տվեց․ «Այո»։



Նկատենք, որ եթե իսկապես այդպես է, ապա այստեղ իր մեղքի ու պատասխանատվության չափն ունի նաև հենց գյուղնախարարությունը, որն ունի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը նաև խորհրդատվական ծառայություններ է մատուցում, գիտելիքներով է զինում գյուղացուն։ Ուրեմն ինչ-որ բան այն չեն անում, որ գյուղացին այսօր չունի բավարար գիտելիք։ Իսկ ի՞նչ անեն այն գյուղացիները, որոնք գիտելիք ունեն, բայց պայմանները թույլ չեն տալիս տնտեսություն հիմնել և զարգացնել։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**