Մերգելյանցի Սամվելիկի ավտոտնակում զենք-զինամթերք է հայտնաբերվել (ֆոտո)

Մերգելյանցի Սամվելիկի ավտոտնակում զենք-զինամթերք է հայտնաբերվել (ֆոտո)
2007 թվականին սպանված քրեական հեղինակություն Մերգելյանցի Սամվելիկի ավտոտնակում զենք և զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին **«Հրապարակին»** հայտնեց հանգուցյալի կինը՝ Լիանա Հարությունյանը: «Ես ու աղջիկս իջանք ավտոտնակ, դուռը բացեցինք, տեսա՝ անծանոթ պայուսակ, մեջը՝ թերթերով փաթաթած զենք: 4 հատ ավտոմատ և 100-ից ավելի փամփուշտներ՝ սիգարետի տուփերով: Զանգեցինք 1-02», - հաղորդեց նա:



Դեպքը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 6-ին: Ոստիկանները եկել են, արձանագրել են փաստը, Լիանա Հարությունյանը բացատրություն է տվել ոստիկանությունում: Նա հայտնել է, որ ավտոտնակը պատկանում էր հանգուցյալ ամուսնուն և նրա հորը՝ Նորայր Շահվերդյանին: Ոչ ինքը, ոչ իր երեխաները երկար տարիներ չէին մտել ավտոտնակ: Ոստիկանը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ ամուսնուդ հայրն է պահել զենքը: Լիանան պատասխանել է, որ ոչ:



«Երբ կեսրարս դեռ կենդանի էր, մի երկու անգամ երեխու հեծանիվի ակը փչելու համար գնացել եմ այնտեղ երեխու հետ ու նման պայուսակ չկար», - հայտնեց Լիանան «Հրապարակի» հետ զրույցում: Նա նկատել է նաև, որ ԱԿՄ տեսակի ավտոմատները փաթաթված են 2011-2012 թվականների թերթերի մեջ: «Այդ թվերին կեսրարս կենդանի չէր: Նա մահացել է 2010 թվականին և չէր կարող զենքը փաթաթել նոր թերթերի մեջ», - ասաց նա:



Լիանա Հարությունյանը նաև նկատել է, որ փամփուշտները պահված են եղել «Պարլամենտ» տեսակի սիգարետի տուփերում:



Հիշեցնենք, որ Լիանա Հարությունյանի ամուսինը՝ Սամվել Շահվերդյանը, որը հայտնի է նաև «Բառեց Սամո» և «Մերգեկլյանի Սավելիկ» մականուններով, սպանվել է 2007 թվականին, Գյուլբենկյան 37 շենքի մոտակայքում, որտեղ բնակվում էր: Նա մարմնին և գլխի շրջանում բազմակի վերքեր է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Կրակոցների պահին Սամվելիկի կողքին նրա հայրն է եղել՝ Նորայր Շահվերդյանը, որը չի տուժել, ինչից իրավապահները ենթադրել են, որ սպանողը պրոֆեսիոնալ մարդասպան է եղել: Երկար և անարդյունավետ քննությունից հետո հարուցված քրեական գործը կասեցվեց, քանի որ հայտնի չէ մարդասպանի ինքնությունը։ Հիշեցնենք, որ Մերգելյանցի Սամվելիկը ևս խբվել էր ԱԿ տեսակի զենքից, որին հարմարեցված են եղել «Մակարով» ատրճանակի փամփուշտներ:



**Սյուզան Սիմոնյան**



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/30415458_2079779782286775_492366521008390144_n.jpg?_nc_cat=0&oh=6871b47802316acbdd1ca771f0b6bcbb&oe=5B30CC53)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/30226605_2079779792286774_716608919606132736_n.jpg?_nc_cat=0&oh=8bbcd7e74f69ac7f8ee2ff5aa929b27b&oe=5B34E1EC)