Այս երկիրը Հանրապետականինը չէ

Այս երկիրը Հանրապետականինը չէ
Հարցազրույց գրականագետ, Մտավորականների խորհրդի անդամ Ազատ Եղիազարյանի հետ



**- Պարոն Եղիազարյան, Մտավորականների խորհուրդն այսօր ինչո՞վ է զբաղված, մի շրջան բավականին ակտիվ էիք, հանդիպումներ էիք ունենում, հայտարարություններ տարածում։**



**-**Մենք ինչ-որ քայլեր անում ենք, այս վերջերս մի քանի անգամ հանդիպել ենք, հայտարարություններ ենք ընդունել ե՛ւ բնապահպանական խնդիրների շուրջ, ե՛ւ կրթության մասին օրենքի շուրջ, ինչպես նաեւ Նախիջեւանի հարցով քննարկումներ ենք ունեցել, ավելի ճիշտ՝ Նախիջեւանում թուրքական զորքերի առկայության խնդրով։ Դա իսկապես շատ մեծ վտանգ է։ Իմ նման մարդիկ երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է Ալիեւը նման հիմար հայտարարություններ անում Երեւանը գրավելու մասին։ Բայց մեր հանդիպումներից մեկի ժամանակ լսեցինք 2 ադրբեջանցի վերլուծաբանների զրույց, որտեղ նրանք խոսում էին ոչ թե Ղարաբաղը գրավելու մասին, այլ որ պետք է Հայաստանը գրավել։ Այսինքն՝ թուրքական այդ պլանը մնում է, նրանք միշտ պայքարելու են Հայաստանը ջնջելու համար։



**- Մեր քաղաքական դաշտում այս հարցի լրջությունը գիտակցող կա՞, թե՞ զբաղված են իշխանությունը կիսելով։**



**-**Ես չեմ տեսնում։ Մեր պետության մեջ, ղեկավար մարմինների մոտ կարծես թե այդ վտանգի զգացողությունը չկա։ Արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ լավ բաներ տեսնում եմ, բայց տարօրինակ է, որ այս դեպքում, երբ մեր թիկունքում թուրքական բանակներ կան, վախի, տագնապի զգացողությունը չկա։ Մենք հիմա շատ ավելի վտանգավոր վիճակում ենք, քան խորհրդային տարիներին։ Այսօր մենք շատ անպաշտպան ենք ու, դժբախտաբար, շատ ենք կախված Ռուսաստանից։



**- Օրեր առաջ «Հոգեւոր Հայաստան» ճակատը հայտարարեց, որ մտադիր է հանդիպել եւ համախմբել իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Դուք չե՞ք ուզում հանդիպումների ձեր շրջանակն ընդլայնել։**



**-**Այդ հանդիպումների մասին խոսելը, միեւնույն է, օգուտ չի տալիս՝ շատ տարբեր պատճառներով, որից մեկը մեր հասարակության քաղաքական փորձի պակասն է։ Դրա համար ինչ ասես կարողանում են մեզ թելադրել, մենք պայքարի ձեւ չենք կարողանում գտնել։ Այդ պատճառով չեմ կարծում, որ «Հոգեւոր Հայաստանը» կարող է ինչ-որ մեծ հաջողության հասնել։ Ես հիմա շատ եմ մտածում այն մասին, որ իշխանությունները լավ օգտագործում են այն հանգամանքը, որ ժողովուրդը, հասարակությունը քաղաքական փորձ չունեն, եւ ցանկացած նախագիծ կարողանում են այնպես ներկայացնել, որ թվում է, թե ամեն ինչը շատ օրինական է, տեղին է, եվրոպական դիտորդները հիանում են, բայց այդ բոլորին մեր ժողովուրդը, ըստ էության, մասնակցություն չունի։



**- Հիմա ժողովրդի մասնակցության աստիճանն ինչպե՞ս պետք է բարձրացնել այս գործընթացներում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը քայլերթի մասնակիցների հետ գյուղերով, քաղաքներով ճանապարհ է անցնում, որից հետո՝ ապրիլի 13-ին՝ կհավաքվեն Ազատության հրապարակում ու հանրահավաք կանեն։ Նպատակը քաղաքացու հաղթանակն է եւ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի կասեցումը։**



**-**Ես հետեւում եմ այդ ամենին ու գնահատում եմ Նիկոլի ակտիվությունը թե՛ դրսում, թե՛ պառլամենտում, բայց չեմ կարծում, թե այդ ակտիվությունը մի մեծ բանի կհասցնի։ Համենայնդեպս, ամսի 13-ի հանրահավաքը ոչինչ չի փոխելու քաղաքական գործընթացների մեջ։ Չեմ ուզում ասեմ՝ թող չանի, իհարկե՝ պետք է փորձել: Երբ անցնում էինք պառլամենտական համակարգի, ասում էին, որ մենք դա անում ենք, որպեսզի կուսակցություններն ուժեղանան։ Այդպիսի բան չկա, դա նշանակում է սայլին դնել ձիուց առաջ։ Կուսակցություններ պետք է լինեն, որ պառլամենտական համակարգ ձեւավորվի, որ պառլամենտը կարողանա իսկապես հսկողություն սահմանել։ Հիմա մենք ունենք Հանրապետական կուսակցություն կոչվող կազմակերպությունը, որն ամեն ինչ հավաքել է իր ձեռքը, եւ ես չեմ տեսնում, թե ինչ ուժ կարող է գոնե հաջորդ պառլամենտում դիմակայել դրան։ Երբ ես ասում եմ՝ փորձ չունենք, սա նկատի ունեմ, մինչդեռ այնպես են ներկայացնում, որ հրաշալի դեմոկրատիա է, անցանք պառլամենտական կառավարման, ինչպես Գերմանիայում, եվրոպական մի քանի պետություններում։ Վայց ո՞ւր են մեր կուսակցությունները, որ կարողանան Հանրապետական կուսակցությանը դիմադրել։ Չկան։ Դրա համար ես ժամանակին դեմ էի պառլամենտական համակարգին անցնելուն։ Այն ժամանակ՝ նախագահական համակարգի պայմաններում, գոնե գիտեինք, որ սահմանված ժամկետից ավելի նախագահը չի մնա, արդեն ավանդույթ կար, բայց հիմա՝ պառլամենտական համակարգում, ժամանակային սահմանափակումներ չկան, եւ կա մի կուսակցություն, որն ամեն ինչ հավաքել է իր ձեռքը, եւ Դաշնակցությունը կլինի իրենց դաշնակիցը, թե «Բարգավաճ Հայաստանը», դա արդեն ոչինչ չի փոխում։



**- Այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ այս փակուղուց դուրս գանք, որը դուրս կբերի նաեւ հասարակական եւ քաղաքական միտքը ճգնաժամից, հատկապես որ նշում եք՝ հանդիպումները տարբեր անհատների, կառույցների հետ արդյունք չեն տալիս**։



-Չկա պատասխան, ու ոչ միայն ես չունեմ, այլեւ ընդհանրապես չկա այդ պատասխանը։ Այսօր մեր ողջ հասարակությունն այն վիճակում է, որ եթե ամբողջ մտավորականությունն իրար միանա, դրանից ժողովրդին ոչինչ չի լինի։ Դրա համար երկար, ծանր աշխատանք է պետք, եւ այդ աշխատանքի համար այս նոր պառլամենտական համակարգն ամենավատ համակարգն է, որովհետեւ ոչ մի ազատություն էլ չկա, մենք բոլորս գիտենք, թե իշխանության թեւերում ովքեր են կենտրոնացած եւ որ կուսակցության ձեռքում են կենտրոնացած, եւ այդ կուսակցությունը չի էլ պատրաստվում գոնե մի թելը ձեռքից բաց թողնել։ Այնպես որ՝ երկար, ծանր աշխատանք է պետք, երիտասարդությունը պետք է զարթնի, հասկանա, որ այս երկիրը Հանրապետականինը չէ, մյուս կուսակցություններինը չէ, այս երկիրը մերն է, մինչեւ սա չլինի, էական փոփոխություններ չեն լինի։



**- Ամեն դեպքում, փոքրիկ օջախներ, քաղաքացիական նախաձեռնություններ, մտավորականների ճակատներ ակտիվանում են, դրանք ինչ-որ մի մթնոլորտ կձեւավորե՞ն։**



**-**Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, բայց, մյուս կողմից, այդ փոքրիկ օջախների աշխատանքը գնահատում եմ, որովհետեւ հասարակությունը նաեւ այդպես է հասունանում, այդ գաղափարների մեջ վերլուծություններ են արվում, եւ այդ առումով շատ օգտակար եմ համարում։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**