Հասունության վկայական

Հասունության վկայական
Երբ տարիներ առաջ ասպարեզում հայտնվեցին քաղաքացիական նախաձեռնությունները եւ սկսեցին պայքարել՝ սկզբում բնապահպանական խնդիրների համար (Մաշտոցի պուրակ, Խոսրովի անտառ, ուրանի հանքեր, Ամուլսար), ապա՝ քաղաքային-կենցաղային խնդիրներ դրեցին (տրանսպորտի, հոսանքի գնի բարձրացում, հուշարձան շենքերի պահպանություն, կարմիր գծեր ու արագաչափեր), հույս արթնացավ, որ մի օր քաղաքացիական հասարակություն կոչվող հանրույթը կսկսի պայքարել նաեւ քաղաքական ազատությունների, մասնավորապես՝ ընտրական իրավունքի համար։



Որովհետեւ չի կարող բնությունը պաշտպանված լինել, սպառողների իրավունքները հարգված լինեն, իսկ պատմական հուշարձանները չավիրվեն մի երկրում, որտեղ չկա, չի գործում ընտրական իրավունքը, եւ իշխանության փոփոխությունը կախված չէ հանրային կամքից։



Ուստի տարիներ շարունակ երիտասարդ ակտիվիստներին հետեւելով, հասարակությունը սպասում էր, որ նրանք կհասունանան, եւ քաղաքացիական պահանջները կփոխարինվեն քաղաքական պահանջներով։ Վերջապես, կարծես թե մոտեցել է այդ օրը, եւ պրոցեսները սկսել են արագորեն զարգանալ։ Ահա՝ ընդամենը ամիսներ առաջ Երեւանի պետական համալսարանի պատերի ներսում ծնված նախաձեռնությունը՝ «Ռեստարտ» անունով, որը սկզբնական շրջանում պայքարում էր համալսարանում զուգարանի թուղթ դնելու համար, կարծես հաղթահարում է քաղաքական «մանկության» շրջանը եւ սկսում է քաղաքական պահանջներ առաջ քաշել՝ մասնակցել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ սկսված պայքարին։



Թող որ առաջին քայլերը զավեշտի ու անլրջության տարրեր են պարունակում (մետաղադրամներ հավաքել Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար եւ քայլերթով դրանք տանել-հանձնել նախագահական)։ Բայց հիմքում քաղաքական պահանջ է դրված, եւ հույս կա, որ հասունությունը հեռու չէ։