Փակել կեղծ օրակարգը

Փակել կեղծ օրակարգը

Արցախի նախագահի թեկնածու առաջադրված, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակն արդեն երկրորդ հայտարարությունն է տարածել կարգավորման բանակցություններին ԼՂ «ադրբեջանական համայնքի մասնակցության» թեմայով՝ համարելով, որ դա կլինի Արցախի Հանրապետության «գոյության ընթացքում ամենամեծ վտանգներից ու սպառնալիքներից մեկը, որի չեզոքացմանը կուղղվեն հայության բոլոր առողջ եւ իրատես ուժերը» եւ «այդ կարեւորագույն պայքարի առաջնագծում կլինեն նաեւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հազարավոր համախոհներն ու աջակիցները»: Այն դեպքում, երբ խնդրին անդրադարձել եւ սպառիչ պատասխանել է Արցախի նախագահի խոսնակը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» սուբյեկտ գոյություն չունի, դա քաղաքական ֆեյք է, թվում է՝ հարցը վերստին օրակարգ բերելու եւ, մանավանդ, այն «կարեւարագույն պայքար» անվանելու, դրանում  հազարավոր համախոհներին ու աջակիցներին առաջնագիծ մղելու անհրաժեշտություն չպետք է լիներ: Եթե տեսակետ է արտահայտում երկրի նախագահի խոսնակը, նշանակում է, որ դա պաշտոնական Ստեփանակերտի հստակ ձեւակերպած դիրքորոշումն է: Երեւում է, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարին Արցախի նախագահի մոտեցումը չի բավարարում, նա մտադրված է համահայկական զորաշարժ նախաձեռնել:

Եւ դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի այն մտքին, որ վարչապետ Փաշինյանը դեմ չէ, եթե բանակցություններին Ադրբեջանի նախագահի պատվիրակության կազմում լիներ մեկը, որ իրեն համարում է ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ կամ ժառանգ»: Կարելի է ընդունել, որ արվել է բավական անհաջող ձեւակերպում: Բայց մի՞թե սպառված են բացատրություն ստանալու ոչ հրապարակային հնարավորությունները: Արցախի Ազգային ժողովը չէ՞ր կարող, չի՞ կարող այդ հայտարարության հեղինակ Հովհաննես Իգիթյանին հրավիրել Ստեփանակերտ, կազմակերպել նրա հանդիպումը խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու եւ ծագած մտահոգությունները փարատելու համար: Կամ՝ Երեւան գործուղել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին՝ խնդիր դնելով հանդիպել հայաստանյան իրենց գործընկերների հետ՝ քննարկելու Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը, պարզելու, թե ինչ է նկատի ունեցել:

Ի վերջո, Արցախն ունի արտաքին գործերի նախարարություն, Բրատիսլավայի հանդիպման նախօրեին Երեւանում տեղի էր ունեցել Մնացականյան-Մայիլյան հանդիպում, երկու արտգործնախարարներին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հասկանալի է, թե ինչ թեմայի շուրջ են ընթացել քննարկումները: Եւ եթե այդքանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը խիստ անհանգստություն է պատճառել ԱՀ նախագահի թեկնածուներից մեկին, այնքան, որ նա համահայկական ճակատ ձեւավորելու եւ իր համախոհներին ու աջակիցներին առաջնագիծ ուղարկելու խնդիր է բարձրացնում արդեն երկրորդ անգամ, ապա չարժե՞, որ Արցախի ԱԳՆ-ն թեկուզ մամուլի խոսնակի մակարդակով ցրի կասկածները: Չէ՞ որ ակնհայտ է, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակը բացարձակ կեղծ օրակարգ է բերում: Կրկնեմ՝ նույնիսկ ԱՀ նախագահի խոսնակի մեկնաբանությունից հետո: Եւ եթե այս իրավիճակում ոչ Ազգային ժողովից, ոչ ԱԳՆ-ից արձագանք չկա, ապա ի՞նչ հետեւություն կարող ենք անել: Իսկ կեղծ օրակարգը պետք է փակել: