Դեռ մտածելու ժամանակ ունի

Դեռ մտածելու ժամանակ ունի
Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարել է մրցույթ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար: Համաձայն ԳԱԱ կանոնադրության 21-րդ կետի, կազմակերպության տնօրենի թեկնածություն առաջադրելու իրավունք ունեն կազմակերպության գիտական անձնակազմը, համապատասխան բաժանմունքի բյուրոն եւ կազմակերպության գիտական գործունեությանը համապատասխանող մասնագիտությամբ ԳԱԱ անդամները, որոնք կարող են առաջադրել միայն մեկ թեկնածու: Տնօրենի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, ընտրության պահին լինի 65 տարեկանից ցածր տարիքի, ունենա նաեւ գիտակազմակերպչական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ համապատասխանի գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:



2002-ից առայսօր Պատմության ինստիտուտի տնօրենն է **Աշոտ Մելքոնյանը**, ումից, մասնավորապես, հետաքրքրվեցինք, թե այս անգամ ե՞ւս առաջադրվելու մտադրություն ունի։ «Քանի որ դեռ նոր է հայտարարություն տրվել, ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, եւ մոտավորապես ամսի 16-17-ի կողմն արդեն հստակ կլինի»: Իսկ ինչո՞ւ է վարանում։ «Նպատակահարմարությունից ելնելով, սա լուրջ հարց է, պետք է մտածել»։ Հնարավո՞ր է նպատակահարմար գտնի չառաջադրվել, սակայն գիտական անձնակազմը կամ բաժանմունքի բյուրոն առաջադրեն իր թեկնածությունը։ «Չեմ կարող բացառել ոչ մի բան, ուղղակի մի քիչ շուտ է դրա մասին հարցնել, թող որոշ ժամանակ անցնի։ Այս տարիների ընթացքում այնքան կարգ է փոխվել․ սկզբում կոլեկտիվն էր առաջադրում, հետո կարգը փոխվեց՝ գիտական խորհուրդներն սկսեցին առաջադրել, հետո բաժանմունքի կողմից արվեց։ Ընտրության կանոնադրությունն այս ընթացքում մի 3 անգամ վերափոխվել է»,- ասաց Մելքոնյանն ու նկատեց, որ տարիքային շեմը դեռ թույլ է տալիս առաջադրվել, քանի որ 57-ը նոր է լրացել, իսկ առաջադրման շեմը մինչեւ 65 տարին է։ Նշենք միայն, որ թեկնածուների առաջադրումները բաց կլինեն մեկ ամսվա ընթացքում՝ հայտարարության հրապարակման օրվանից։