Տխուր վիճակագրություն

Տխուր վիճակագրություն
Մեր քաղաքական իրականությունը բազմաթիվ միավորումների, բայց, առավել շատ՝ անջատումների ու բաժանումների է ականատես եղել։ Գրեթե յուրաքանչյուր ընտրությունից առաջ հակաիշխանական ուժերը փորձել են միացնել իրենց ուժերը եւ համախմբված պայքարել ընտրություններում մշտապես գերազանցություն ունեցող իշխանության դեմ։ Հենց այդ միավորման հետ է կապել բողոքական զանգվածն իր հույսերը՝ գնացել եւ ձայն տվել հակաիշխանական ուժերին։



Բայց կարճ ժամանակ անց պարզվել է, որ այդ միավորները, որոնք ստեղծվել են բացառապես մեկ, թեկուզեւ ազնիվ նպատակի՝ իշխանափոխության հասնելու համար, սնանկ են, անհեռանկար եւ կարճ կյանք ունեն։ Շատ արագ նախկին համախոհների միջով «սեւ կատու է անցել», ի հայտ են եկել լուրջ գաղափարական, երբեմն՝ միջանձնային տարաձայնություններ, որոնց արդյունքում միավորը քայքայվել է։ Այդպես եղավ 90-ականներին «Հանրապետություն» խմբավորման, հետագայում՝ «Միասնություն» դաշինքի, ավելի ուշ՝ ՀԱԿ, «Ժառանգություն»-քաղաքացիական հասարակություն միավորումների հետ, հիմա եկել է «Ելք» դաշինքի հերթը։



Ընդ որում՝ բոլոր այդ ուժերը ժամանակին ձեւավորվել են երկարաժամկետ գործունեության ծրագրով, միավորվել են մեծ հույսերով ու վառ երազներով, բաժանվել սկանդալով, աղմուկով, վեճ-ղալմաղալով, որից բոլորը տուժած են դուրս եկել։ Բոլորը հիշում են Րաֆֆի Հովհաննիսյանի ձեւավորած ուժի ներսում ծագած տարաձայնությունները, Խաչատուր Քոքոբելյանին ԱԺ մանդատից զրկելու քաշքշուկը, ապա Զարուհի Փոստանջյան-Ռուբեն Հակոբյան վեճերը, Ալեքսանդր Արզումանյանի եւ Թեւան Պողոսյանի խռովել-մի կողմ քաշվելը։



Այս վեճերի մեջ ներքաշված անձանցից մեկ-երկուսն ընդհանրապես հեռացան քաղաքականությունից, իսկ «Ժառանգությանը» չփրկեց անգամ նոր ալյանսը՝ ՕՐՕ դաշինքի կազմում։