Մենք չենք ուզում կոյուղուց հրաժարվել, մենք ուզում ենք կոյուղի ունենալ․Օդեսայի փողոցում իսկական գարշահոտություն է

Մենք չենք ուզում կոյուղուց հրաժարվել, մենք ուզում ենք կոյուղի ունենալ․Օդեսայի փողոցում իսկական գարշահոտություն է
Երևան քաղաքի Օդեսայի փողոցի բնակիչները արդեն մի քանի տարի է ապրում են գարշահոտության մեջ։ Փողոցի երկայնքով ձգվող առուն, որտեղով ջուրը մի քանի տարի է՝ չի հոսում, իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար։ Բանն այն է, որ տարածքում կոյուղի չկա, իսկ առուն, որը կոյուղու դեր է կատարում և թափվում է Երևանյան լիճ, ի սկզբանե ջրահեռացման համար է եղել։ Բացի Օդեսայի փողոցից առուն «սպասարկում է» նաև Մադոյան, Մուսայելյան, Պատկանյան փողոցների բնակիչներին․



«Տղա ջան, մեր վիճակը շատ ահավոր վիճակ ա, էսքան տարի մնացել ա, շան հոտ ա գալիս, շնչել չենք կարողանում։ Երեխեքը բոլորը մանր երեխաներ են, խաղալու հնարավորություն չունեն, խաղահրապարակներ չկան, երեխեքին վախենում ենք, որ թողնենք, կընկնեն էս կեղտաջրի մեջ։ Ահավոր հոտ ա, էսա որ ամառն էլ գա, ընդհանրապես չենք կարողանա պատուհանները բացենք, նույնիսկ շնչելու հնարավորություն չունենք։ Մենք ուղղակի խնդրում ենք մի միջոցառում , մի հնար գտնեն սրա դեմ․ կամ խողովակներ բերեն գցեն, կամ մի բան անեն, օգնեն էլի մեզ էս հարցում»,- ասաց բնակիչներից մեկը։



«Կողքի փողոցներից համարյա 10 տուն իրենց կեղտը իմ տան մոտով են անցկացնում, մարդկանց չես էլ կարող մեղադրել, կոյուղի չունեն։ Ես 16-17 տարի ա՝ էստեղ եմ , 17 տարի ա՝ էս մարդիկ կոյուղի չունեն, ինչքան կարելի ա, ո՞ր թիվն ա, ո՞ր դարն ա»,- հավելեց բնակիչներից մյուսը։



Բնակիչների խոսքով իրենք կոմունալ վճարումներ կատարելիս վճարում են նաև կոյուղու համար, իսկ վճարել հրաժարվելու դեպքում էլ առաջարկում են իրենց դիմում գրել ու հրաժարվել, սակայն, ինչպես բնակիչներն են ասում, իրենք չեն ուզում կոյուղուց հրաժարվել, ուզում են կոյուղի ունենալ։



Մանրամասն՝ տեսանյութում



**Կորյուն Սիմոնյան**