Երկու տարի բանտ եւ 45 հազար եվրո, եթե օրենք ես խախտում․ ֆրանսահայ հրատարակիչ

Երկու տարի բանտ եւ 45 հազար եվրո, եթե օրենք ես խախտում․ ֆրանսահայ հրատարակիչ
Ֆրանսիայում 2004 թվականից գործող «SIGEST» հրատարակչության տնօրեն Վարուժան Սրապյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ հայ հեղինակներից ֆրանսերեն թարգմանել եւ հրատարակել է Հովհ․ Թումանյանի, Պարույր Սեւակի, Ղազարոս Աղայանի, Խնկո Ապոր գործերը։ Ֆրանսահայ գրողներն, ըստ Վարուժան Սրապյանի, ավելի շատ ֆրանսերեն են գրում, քան հայերեն։ «Նրանց մեծ մասն էլ գրում է ցեղասպանության մասին կամ էլ աշխարհաքաղաքական թեմաներով։ Շատ քչերն են գրում գեղարվեստական թեմաներով։ Իրենց հոդվածներն էլ հիմնականում տպագրվում են աշխարհաքաղաքական ամսագրերում»,- ասաց Վարուժան Սրապյանը։



Կա՞ գրաքննություն Ֆրանսիայում, հրատարակչություններն իրենց վրա զգում են ճնշում, գրաքննության ազդեցությունը։ «Ճնշում չկա։ Եթե գրվածքներուն մեջ իրապես օրենքին հակառակ բան կա, դա մեծ վտանգ է, երկու տարի բանտ եւ 45 հազար եվրո, որ պետք է վճարի հրատարակչությունը։ Բայց եթե գրքի մեջ հարձակվելու բան չկա, ապա իրենց անելիքն է արձագանք չտալ, չխոսել այդ գրքից, գովազդ չտալ եւ այլն։ Մեկ-երկու անգամ մեզ ուզեցին տարածքից հանել, բայց չկարողացան։ Մեր հրատարակչության վրա որեւէ ճնշում չկա։ Մեր որոշելիքն է, թե ինչ գիրք պետք է հրատարակենք»,- ասաց մեր զրուցակիցը։



Հարցին, թե հետեւում է ժամանակակից հայ գրականությանը, ո՞ր գրողներին է հավանում, Վարուժան Սրապյանը պատասխանեց․ «Դժբախտաբար՝ ոչ։ Հասմիկ Պողոսյանի հետ եմ խոսել, երբ ինքը մշակույթի նախարար էր, որպեսզի գտնենք ժամանակակից 4-5 հայ գրողներ, հավաքենք իրենցից մեկական վեպ եւ մեկ ժողովածուով ներկայացնենք։ Բայց ամենամեծ պրոբլեմը թարգմանությունն է։ Այսօր չկա Ֆրանսիայում թարգմանիչ, որ արեւելահայերենից ֆրանսերեն լավ թարգմանություն կատարի։ Ամեն անգամ, երբ փորձեցինք, այդ պրոբլեմը եղավ։ Ֆրանսախոսները այդքան լավ չեն տիրապետի արեւելահայերենին»։