Հրազդանի քաղաքապետը հարստանում է համայնքի բյուջեի հաշվին

Հրազդանի քաղաքապետը հարստանում է համայնքի բյուջեի հաշվին
Հրազդանի քաղաքային շուկայից ներքև՝ Զովաբեր համայնք տանող ճանապարհին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանելյանը 2014թ.-ին գազալցակայան է կառուցել: Գազալցակայանն քաղաքապետին ահռելի գումարներ է բերում, քանի որ քաղաքապետարանի աշխատողները, քաղաքային տրանսպորտը, հատուկ հրահանգով, այստեղ են «լիցքավորվում»: Զարմանալի չէ, որ այս տարիների ընթացքում Հրազդանի համայնքապետարանի կարիքների համար հայտարարված սեղմված բնական գազի ձեռքբերման գնումների հաղթողը քաղաքապետին պատկանող ընկերությունն է՝ «Դանիել-Ա» ՍՊԸ-ն, պետական ռեգիստրում ընկերության միակ բաժնետերը քաղաքապետի եղբայրը` Անաստաս Դանիելյանն է:



Օրենքով գազալցակայանները, ինչպես նաեւ բենզալցակայանները, շուրջօրյա աշխատող օբյեկտներ են, հետեւաբար ժամը 24-00-ից հետո աշխատելու համար նույնպես թույլտվություն պետք է ստանան: Գիշերային ժամերին աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը առեւտրային օբյեկետների օրացուցային տարվա համար Հրազդանի ավագանին սահմանել է 5000-ից մինչեւ 50 000 դրամ: Ըստ որոշ տեղեկություններով 4 տարի շարունակ «Դանիել-Ա» ՍՊԸ-ն ոչ միայն հարկային պարտավորությունները չի կատարել, այլեւ գիշերային ժամերին աշխատելու թույլտվություն չի ունեցել, սակայն գործել է:



Հրազդանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ օրեր առաջ քաղաքապետը իր իսկ ընկերությանը՝ «Դանիել-Ա» ՍՊԸ-ին սեղմված բնական գազի վաճառքի եւ ժամը 24 00-ից հետո աշխատելու թույլտվություն է տվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ թե որքա՞ն հարկ է 4 տարիների ընթացքում վճարել համայնքի բյուջե, մենք գրավոր հարցում ենք ուղարկել Հրազդանի քաղաքապետարան եւ ստանալուն պես կհրապարակենք:



**Նելլի Կարապետյան**