Հրազդանի ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի

Հրազդանի ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի
Մի քանի օր է, ինչ ինտենսիվ աշխատում է Հրազդանի ցեմենտի գործարանը՝ ամեն անգամվա պես ծուխ տարածելով շուրջբոլորը։ Գործարանի տնօրեն **Հայկազ Հովասաֆյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ գործարանի ֆիլտրերն աշխատում են, բայց գործարանից դուրս մղվող ծուխը, մանավանդ՝ երեկոյան ժամերին, այլ պատկերի մասին է խոսում։ «Ո՞վ ասաց, որ առանց ֆիլտր ենք աշխատում: Ես չգիտեմ՝ ինձանից առաջ ով ոնց է աշխատել, իմ օրոք ֆիլտրերն աշխատում են»:



-**Պարո´ն Հովասաֆյան, Դուք ասացիք, որ գնորդ կա, եւ մոտակա ամիսներին լուրջ ներդրումներ կլինեն գործարանում: Գործարանը վաճառե՞լ են, ներդրումներ եղե՞լ են**:



-Ես չեմ կարող ասել, թե ինչու է ձգձգվում գնման գործընթացը, ներդրումներ էլ դեռ չեն եղել: Բայց գործարանում շատ բան է փոխվել, եւ ինչ արվում է, գործարանի հաշվին է արվում: Ես Ձեզ խոստանում եմ՝ երբ ներդրումներ լինեն, կիմանաք:



-**Այս տարի որքա՞ն ցեմենտ եք պատրաստվում արտադրել: Գնի բարձրացում կլինի՞**:



-Որքան պահանջարկ եղավ, այնքան կարտադրենք, ոչ մի գնային փոփոխություն չի եղել եւ չի լինի: Ցեմենտը միայն Հայաստանում ենք իրացնում, դեռ չենք արտահանում: Մի բան էլ ավելացնեմ, որ աշխատողների քանակն ավելացրել ենք եւ աշխատավարձը տալիս ենք ժամանակին: Պետության հարկերն էլ վճարում ենք, այս պահին գործարանը որեւէ ֆինանսական խնդիր չունի:



Չգիտես ինչու, տնօրենը չցանկացավ բարձրաձայնել, որ գործարանն արդեն 2 ամիս է՝ վաճառվել է: Գործարանի աշխատակիցներից տեղեկացանք, որ հունվարին տեղի է ունեցել գործարքը։ Հրազդանի ցեմենտի գործարանի նոր սեփականատերը «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն է, որը գրանցված է Արցախում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: Մեր տեղեկություններով՝ «Ջի Էմ Հոլդինգ»» ՍՊԸ հիմնադիրներն են ռուսաստանաբնակ գործարար Վիտալի Գրիգորյանցը, ով «Հայբիզնեսբանկի» սեփականատերն է, եւ Արսեն Միքայելյանը՝ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահը: Վիտալի Գրիգորյանցը Սերժ Սարգսյանի մտերիմներից է:



**ՀԳ**. Անդրադառնալով ցեմենտի գործարանին՝ հնարավոր չէ չհիշատակել դեպի գործարան տանող ճանապարհի անմխիթար վիճակի մասին: Տարիներ շարունակ հսկա գործարանը միլիոնների հասնող գույքահարկ եւ վարձակալության գումար է մուծում Հրազդանի քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը մատը մատին չի խփում ճանապարհը վերանորոգելու համար:





**Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ**