Մրջնաբույնի մասին

Մրջնաբույնի մասին
Բոլորը գիտեն, սա բոլորովին նոր բնույթի խոսակցություն չէ՝ «էդ ղարաբաղցիները, էդ հայերը, հայերն ու ղարաբաղցիները տարբեր են, ղարաբաղցիք էկան գրավեցին Հայաստանը»… եւ այսպես շարունակ: Մարդկանց մեջ այսօրինակ խոսակցությունները, ինչպես ասում է ժողովուրդը՝ «խորաթան», դեռ տասնամյակներ առաջ են սկզբնադրվել՝ հացի սեղանների շուրջ, ճաշկերույթներին, զանազան փակ ու բաց հավաքներին, երբ այլեւս տոլերանտության ու կոկետության ոչ մի ճիգով հնարավոր չէր թաքցնել դժգոհությունն առաջին հերթին իշխանություններից, ապա՝ ստեղծված քաղաքական իրավիճակից, որի արդյունքում տարեցտարի Հայաստանում էլ ավելի խորացավ ներքին եւ արտաքին ճգնաժամը՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով:



Չմոռանանք՝ ժողովրդի մեջ արդեն իսկ կար լրջագույն դժգոհություն, երբ Արցախից Հայաստան էր բերվում Ռոբերտ Քոչարյանը, դե, իսկ հետո «ձեռք բերվեց», «ստացվեց», «եղավ» օրգանական շարունակությունն այս ցավալի պատմության՝ «Սերժ Սարգսյան եւ ընկերներ» կազմավորումը, որը ոչ մի կերպ չի կամենում հեռանալ: Ահա՝ մարդիկ, որոնք ի սկզբանե ավելի շատ որպես եկվորներ են ընկալվել, եկվորներ, որոնք այստեղ են լոկ հակամարտության կարգավորման առաքելությամբ։ Ծրագրերը ձախողած մարդիկ, որոնք բացարձակորեն մերժվեցին, մեղմ ասենք՝ չսիրվեցին, չդարձան հույսը ո՛չ ներկայի եւ ո՛չ էլ ապագայի, ընդհակառակը՝ համարվեցին քաղցկեղ, չարիք ամեն անհաջողության, ամեն դժբախտության:



Իսկ Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը վերջնականապես խորացրին արդեն իսկ ցեցը ընկած անջրպետը, չքացան վստահության վերջին կենդանի բեկորները, պատը կառուցվեց ինքնակա, ինչպես կառուցվում է բազմահարկ մրջնաբույնը․ թեկուզեւ ակամա յուրաքանչյուրն իր քարը դրեց, քարն իր ետեւից քար բերեց, եւ ունենք այն, ինչ ունենք: Նրանք, ովքեր հարձակվում են մրջնաբույնի լանջերին նոր քար ավելացնողների վրա, չեն էլ գիտակցում, որ իրենց հարձակումներն ակնթարթորեն նույն մրջնաբույնի համար ավազահատիկների են վերածվում՝ լցնելով ծակոտկենները: Այս մրջնաբույնն իշխանությունն է արարել եւ իշխանությունն է գլխավոր պատասխանատուն իր «ճոխ արարչագործության»: Բացորոշ է՝ շատ շատերը «ղարաբաղցի» ասելով նկատի ունեն հենց իշխանությանը, այն «բերվածին, սարքվածին, առաքելվածին», այն իշխանությանը, որն աղքատության ու անհուսության շեմին է հասցրել երկիրը:





**Արամ ՊԱՉՅԱՆ**