Դեպի հայրենիք

Դեպի հայրենիք
Այս տխուր եւ անհույս իրականության մեջ փորձում ես կառչել ցանկացած լուսավոր կետից, մխիթարություն գտնել յուրաքանչյուր դրական լուրի մեջ։ Զրուցակիցս, որ պատկանում է գործարար շրջանակներին եւ կապեր ունի ռուսական շուկայի հետ, հետեւում է հայկական բիզնես-աշխարհում կատարվող իրադարձություններին եւ պարբերաբար ինձ ներկայացնում դրանց վերաբերյալ իր դիտարկում-վերլուծությունները։ Մեր վերջին զրույցի թեման արտագաղթն է, այդ թվում՝ նաեւ բիզնեսի, կապիտալի շարժերը։ Հուրախություն ինձ, այս անգամվա վերլուծությունը հուսադրող է։



Պատմում է, որ հայ բիզնեսմենների մի շերտ հասկացել է, որ Ռուսաստանում բիզնես-գործունեություն ծավալելու եւ, առհասարակ, ապրելու հեռանկարներ չկան, ուստի կամաց տեղափոխվում է Հայաստան։ Նա օրինակներով պատմում է, թե ովքեր, որ ոլորտներից են «հետ կանչում» իրենց կապիտալը եւ տեղափոխում են, կամ ծրագրում են տեղափոխել Հայաստան, այստեղ գույք ձեռք բերել, բիզնես դնել, հիմնավորվել։ Նրանցից ոմանք բավականին մեծ կարողությունների տեր մարդիկ են՝ շատ բան տեսած, շատ դժվարություններ հաղթահարած, երբեմն զրոյից ոտքի կանգնած։ Նաեւ՝ միամիտ չեն, որ չհասկանան, թե ինչ դժվարություններ են իրենց սպասվում Հայաստանում։



Բայց լավ ծանրութեթեւ են արել թեր ու դեմ կողմերը եւ որոշել, որ հայաստանյան «բացասականը» զիջում է ռուսաստանյան «բացասականին», ուստի որոշել են տեղափոխվել հայրենիք։ Տեղափոխում են նաեւ ընտանիքները։ Հայաստանյան միջավայրում երեխաներին կրթելու, դաստիարակելու հնարավորությունն անգամ դրական դեր է խաղում այս բարդ որոշումը կայացնելու հարցում։ Ռուսական միջավայրում երեխա մեծացնելու հեռանկարից ոչ մեկը ոգեւորված չէ։ Իսկ, դե, Հայաստանի արեւի, օդ ու ջրի, ապահովության մասին խոսք անգամ լինել չի կարող։