Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Կեղծ երկընտրանք

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Կեղծ երկընտրանք
Թուրքիայի ներխուժումը Սիրիա խաղաղության տերպետրոսյանական կոնցեպցիայի ջատագովներին լուրջ մտորումների տեղիք պետք է տար: Մինչդեռ նրանք այսօր էլ մտմտում են ԼՂ հարցի կարգավորման թուրք-ադրբեջանական առաջարկների շուրջ, այն է` ազատագրված տարածքների վերադարձ և դրան որպես փոխզիջում` ԼՂ ստատուս քվոյի երևակայական փոփոխություն և խաղաղության հաստատում: Թուրքիայի ներխուժումը ՄԱԿ անդամ պետության տարածք, Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան վերադարձնում է իր պատմական տարածքները, ինչպես նաև Երևանի մասին Բաքվից հնչող զառանցանքները ի զորու չեն, փաստորեն, խելքի բերել տերպետրոսյանական կոնցեպցիայի ջատագովներին:



Սրանք նույն համառությամբ պնդում են, որ Արցախի Հանրապետության ներկա ստատուս քվոն պահելն անհնարին է, հղի է վտանգներով, ինչպես նաև աննպատակահարմար` Հայաստանի զարգացման տեսանկյունից: Պատերազմի և խաղաղության միջև կեղծ երկընտրանքի մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է երկու անգամ: Ասում ենք կեղծ երկընտրանք, որովհետև առնվազն հայերիս դեպքում նման երկընտրանք գոյություն չունի, որովհետև մենք այն վիճակում չենք, որ խաղաղության և պատերազմի միջև մտածված ընտրենք պատերազմը: Մեր ընտրությունը խաղաղությունն է եղել 1988-ին և այսօր էլ խաղաղությունն է: Հետևաբար Տեր-Պետրոսյանի` ինչպես «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հանրահայտ հոդվածը, այնպես էլ 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի քարոզարշավի հիմքում դրված նույն զիջողական կոնցեպցիան, ըստ որի` պետք էր ընդունել ԼՂ հարցի կարգավորման բանակցային սեղանին եղած առաջարկները, և այդկերպ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, մեղմ ասած, այնքան էլ լավ ծառայություն չեն մատուցում մեր ժողովրդին ու պետությանը: Շեշտը դնել ապրիլյան պատերազմի վրա և հայտարարել, թե տեսա՞ք, բա որ ասում էինք, այլ բան չէ, քան չարախնդություն, որ, ինչ-որ տեղ, հատուկ է պարտված և քաղաքականությունից հեռացող ուժերին: Պարզապես արձանագրենք` Տեր-Պետրոսյանը թե իր հանրահայտ հոդվածից և թե 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո քաշվեց քաղաքական հետնաբեմ:



Թուրքիայի ներխուժումը Սիրիա Տեր-Պետրոսյանին, ամենայն հավանականությամբ, կստիպի լրջորեն խորհել խաղաղության միջազգային օրենքների մասին, որոնց գոյությանն ու անխախտ կիրառությանը, ով գիտի, հավատում էր մինչ օրս: Ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցը լավ առիթ է դարձել որոշ լրատվամիջոցների համար` իրենց էջերը պատերազմի և խաղաղության միջև կեղծ երկընտրանքի մասին լայնածավալ հոդվածներով լցնելու համար: Սպասելի էր, անշուշտ, որ դրանց հեղինակները պետք է հիշեին տերպետրոսյանական կոնցեպցիաներով գծված նահանջի ճանապարհները և, փոխանակ տեսնելու Արցախի Հանրապետության 30-ամյա դե ֆակտո անկախությունը, պնդեին ստատուս քվոյի պահպանման անհեռանկարայնության փոչ, ոչնչով չհիմնավորված իրենց տեսակետը: Մոտեցումն էլ սա է` Արցախի խնդրի պատճառով Հայաստանը շրջափակված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ինչը մեզ թույլ չի տալիս զարգանալ: Սրան ավելացնում են նաև Տեր-Պետրոսյանից հետո կոռումպացված իշխանությունների վարած քաղաքականությունն ու ամեն ինչ տեղը գցում` հայտարարելով, որ մոլորություն է ստատուս քվոյի պահպանումը, որովհետև «այն, ըստ էության, ոչ թե մտածված համակարգային քաղաքականություն է, որը միտված է Հայաստանում` քաղաքական և տնտեսական համակարգային բարեփոխումների միջոցով նոր որակի պետության կայացմանը, այլ, ըստ էության, դիվանագիտական բլեֆ, որի հիմքում այն հաշվարկն է, որ միջազգային, ռեգիոնալ համատեքստը այս պահին հնարավոր չեն դարձնում կոնսենսուս ԼՂ խնդրում»:



Աչք փակելով այս ողջ հերյուրանքի վրա` երկու բառ ասենք «կոնսենսուս ԼՂՀ խնդրում» արտահայտության մասին, որովհետև հավկուրությամբ տառապող մեր «խաղաղասերները» հենց այդ կոնսենսուսի մեջ են տենում հարցի կարգավորումը: Թվում է` իսկապես վատ բան չկա, ի՞նչ է պատահել, բոլորը գալիս են կոնսենսուսի, և Արցախի հարցը լուծվում է: Բայց սա կատարյալ երազախաբություն է, չի կարող նման բան լինել: Կարո՞ղ եք մատնանշել մեր օրերի որևէ հակամարտություն, որ կարգավորվել է կոնսենսուսի շնորհիվ: Ավելին ասեմ, մատնանշեք որևէ հակամարտություն, որ երբևէ կարգավորվել է կոնսենսուսով և այսօր գոյություն չունի: Թվում էր` Ղրիմը Ուկրաինա է և վերջ: Պարզվեց` այդքան էլ այդպես չէ: Թվում էր` Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստան են, Կուրիլները Ռուսաստան են, Վարշավայի պակտի երկրները մեկ բլոկ են, Կոսովոն Սերբիա է, ԿԺԴՀ-ն հրեշ է, Կիպրոսը հույներինն է, վերջապես ապուշներ էլ կային, որ մտածում էին, որ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ: Պարզվում է` ոչինչ էլ այնպես չէ, ինչպես թվում է: Փոխարենը աշխարհում ամեն ինչ այնպիսին է, ինչպիսին կա դե ֆակտո` գործող ստոատուս քվոյով: Թե ինչ կկատարվեի հետո, դա արդեն ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է, որ եթե զիջում ես այսօր, տալիս ես քեզ ձեռնտու ստատուս քվոն, ոչինչ չես կարող ձեռք բերել ապագայում: Խոսքը փոխզիջումների մասին չէ, որոնցից պետք է միայն հրաժարվել: Խոսքն այն մասին է, որ փոխզիջման ենթակա չէ բուն խնդիրը, որի արդյունքում այսօր կա Արցախի Հանրապետությունը:



«Հայդատականությունը կամ պահանջատիրությունը քաղաքական ծրագիր չէ, հիմնված է էմոցիաների, պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության, կենցաղային հայրենասիրության, նույնիսկ ատելության վրա»: Սա ասում է Տեր-Պետրոսյանի «խաղաղության կոնցեպցիան» քաղաքական ծրագիր համարող վերլուծաբանը, որ նաև պնդում է, թե, «Ոչ մի թիզ հող» հավաքական պայմանական անունով հանդես եկող գործիչները ընդդիմանում են փոխզիջման որևէ հեռանկարի: Բայց եկեք հարցին նայենք այն տեսանկյունից, որ այսօր ոչ մի երկիր մյուսին հենց այնպես «մի թիզ հող» չի զիջում: Իսկ ինչ վերաբերվում է Արցախին և ազատագրված տարածքներին, ապա դրանք երբեք չեն եղել Ադրբեջանի անկախ հանրապետության տիրապետության տակ: Հիմա մենք ի՞նչ պետք է անենք` վերադարձնե՞նք Խորհրդային Ադրբեջանին կցմցած տարածքները: Ո՞վ դրա համար կհամբուրի մեր ճակատը և ի՞նչ երաշխիք կտա, որ ազատագրված տարածքներն Ադրբեջանին նվիրաբերելուց հետո Ղարաբաղի հարցը կլուծվի: Երբ չունեք Արցախի հարցի կարգավորման սեփական ծրագիր, որի շուրջ, ձեր պատկերացմամբ, հնարավոր է այնպիսի կոնսենսուս ձևավորել, որի հետ համաձայն կլինի նաև հայ ժողովուրդը, ապա մնացած ամեն ինչ, այդ թվում և տերպետրոսյանական «խաղաղության կոնցեպցիան», պետք է նետվի աղբարկղ և այլևս որևէ հարթակում չդառնա քննության առարկա: Հակառակ պարագայում մենք կվտանգենք ամեն ինչ, այդ թվում և Հայ դատն ու պահանջատիրությունը, որը սխալմամբ համարում եք էմոցիաների, պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության, կենցաղային հայրենասիրության և նույնիսկ ատելության վրա հիմնված մի բան: Մեծագույն մոլորություն է «հայադատականներին ու պահանջատերներին» Տեր-Պետրոսյանի խաղաղության կոնցեպցիայի ընդդիմություն համարելը: Ավելի ճիշտ կլիներ հակառակը պնդել, թեև Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակի քննություն չբռնած իր տեսակետներով երբեք չի հասել պահանջատիրության ընդդիմախոսի աստիճանին: Չի էլ հասնի, որովհետև առանց պահանջատիրության նույնիսկ փոխզիջումների մասին խոսակցություններն են անիմաստ: Եթե պահանջատեր չես, ուրեմն նաև խնդիր չունես, իսկ եթե խնդիր չունես, ուրեմն դու աշխարհում քաղաքական առումով սուբյեկտ չես: Սրա շուրջ պետք է խորհել:



Այո, 2016-ի Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ստատուս-քվոն կարող է խախտվել ցանկացած պահի. զսպող հանգամանքներ չեն անգամ միջնորդներն ու միջազգային երաշխիքները: Բայց Ապրիլյան պատերազմը նաև ցույց տվեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան (իսկ նրանք միասին էին գործում այդ պատերազմում) դեմ չեն կուլ տալու Արցախը: Նրանք, «իրենց հողերը» չազատագրած, արդեն սպառնում էին Ստեփանակերտին: Ի՞նչ փոխզիջման մասին է խոսքն, առհասարակ: Նույն կերպ Ալիևը Երևանը գրավելու մասին է խոսում: Եվ գիտե՞ք ինչն է հետաքրքիր. եթե Ալիևին հաջողվի հասնել Սևան և նոր ստատուս քվո ձևավորել, հանկարծ կարող են հայդատականությունն ու պահանջատիրությունը մերժող տերպետրոսյանական կոնցեպցիայի ջատագովներ ի հայտ գալ և խորհուրդ տալ Սևանը հայկական ու ադրբեջանական ազդեցության գոտիների բաժանել, «փոխզիջել»` ամբողջը չկորցնելու համար: Վաղը Սիրիայում մի ուժ կբերեն իշխանության, որն ըմբռնումով կմոտենա թուրքական ներխուժմանն ու Թուրքիայի տարածքային ամբողջականության վերականգնմանը: Եվ պատկերացրեք, Սիրիային չեն օգնի ոչ «զսպող» հանգամանքները, ոչ էլ միջազգային միջնորդները, որոնք տեղում են եղել թե Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացման, թե Ղրիմի անեքսիայի, թե ռուս-վրացական պատերազմի, թե Սերբիայից Կոսովոն պոկելու և թե բազմաթիվ այլ հակամարտությունների ժամանակ:



«Ոչ թե Հայաստանի պոտենցիալն է ամրապնդվում ԼՂ խնդրում ավելի ուժեղ դիրքերից բանակցելու համար, այլ ԼՂ խնդիրն է շահարկվում անորակ կառավարումը, կոռուպցիան, ընտրակեղծարարությունը մոտիվացնելու համար»,- Իմ կարծիքով` սա մեր անկախության 30-ամյա տարածության մեջ ճիշտ դիտարկում է, սակայն այս դեպքում էլ հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է հայրենի «կոռումպացված և ընտրակեղծարար» իշխանություններին կոչ անել` հանձնել ազատագրված տարածքները, միայն թե Ադրբեջանը նոր պատերազմ չսկսի: Եվ սրա անունը դնում են պատերազմի և խաղաղության միջև երկընտրանքի կոնցեպցիա: Շատ գեղեցիկ կոնցեպցիա է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի իշխանությունները, հասկանում ես, ոչ կոռումպացված են, ոչ էլ ընտրակեղծարար: