Էդմոն Մարուքյանը թիկունքից հարված հասցրեց հակաիշխանական պայքարին

Էդմոն Մարուքյանը թիկունքից հարված հասցրեց հակաիշխանական պայքարին

Քաղաքական և քաղաքացիական տիրույթներում համերաշխության յուրօրինակ միջավայր է ձևավորվել։ Տարատեսակ քաղաքական ուժեր և տարբեր անհատներ միավորվել են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը կանխելու խնդրի շուրջ։ Պայքարի առաջնագծում են հայտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը , «Հանուն Հայաստան պետության» ճակատը և քաղաքացիական հասարակության մի զգալի մասը։ Չնայած մոտեցումների, գործիքակազմերի և առհասարակ պայքարի վերաբերյալ ուժերի տարատեսակ պատկերացումներին, դրանք համագործակցում են՝ փորձելով համատեղ ուժերով ինչ-որ էական արդյունքների հասնել։

Տիրապետող է ռացիոնալ այն եզրահանգումը, որ քաղաքական ուժերն առանձին-առանձին չեն կարող հաղթել զորեղ իշխանական համակարգին։ Այսինքն՝ հաղթանակի հասնելու ճանապարհին անհրաժեշտ է մի կողմ դնել հակասություններն ու տարաձայնությունները և տեղափոխվել երկխոսության ու գործընկերության միջավայր։ Ավելի քան օրինաչափ է, որ համերաշխության այս միջավայրը չէր կարող սահուն ու անարգելք ընթացք ունենալ։ Բնական է, որ ընդդիմադիր դաշտի համախմբման գործընթացը հանդիպել ու հանդիպելու է ՀՀԿ-ի կտրուկ հակազդեցությանը, որը բացահայտ և քողարկված գործիքակազմերի կիրառմամբ ամեն ինչ անելու է միասնական պայքարը կազմաքանդելու համար։

Բայց սա ընդդիմության առջև ծառացած միակ մարտահրավերը չէ, ավելին՝ իշխանական հակազդեցությունը տեսանելի է և կանխատեսելի։ Շատ ավելի վտանգավոր է, երբ ընդդիմության ընդդիմություն են դառնում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող գործիչներն ու քաղաքական ուժերը։ Եվ այսպես, մինչ ՔՊ անդամները քայլարշավով Գյումրիից շարժվում են դեպի Երևան, իսկ մյուս ուժերն էլ պայքարի տարատեսակ մեխանիզմներ են մշակում, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հոդվածով, որտեղ մանրամասն կերպով փորձել է բացատրել, թե ինչու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանում պայքարին։

Մինչ հոդվածի առանձին կետերի մասին խոսելը, միանգամից արձանագրենք, որ Մարուքյանի հոդվածը թիկունքից հարված է ոչ միայն պայքարին, այլ՝ նաև հենց «Ելք» դաշինքին։ Այն ոչ միայն հակաժողովրդավարական է, այլ առաջին հերթին հենց ժողովրդավարական առանձին տարրերի ձևախեղված մեկնաբանության միջոցով կանաչ լույս է վառում Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման համար։ Հոդվածին վերագրվող հակաժողովրդավարական եզրույթը կարող է տարակուսանք առաջացնել, քանի որ հեղինակը գրծվածքի մեջ շեշտադրված կերպով խոսում է ժողովրդավարական առանձին դրսևորումների անհրաժեշտության մասին։ Բայց ժողովրդավարությունը չի կարող կտրված լինել իր ամբողջական բովանդակությունից և դրսևորվել հատվածային ու մասնակի կերպով։

Այսինքն՝ եթե պարոն Մարուքյանը շեշտադրում է ընտրությունների կարևորությունը՝ դրանք դիտարկելով որպես իշխանության հասնելու միակ ու բացառիկ մեխանիզմ, ապա ժողովրդավարությունը կտրում է իր բուն կոնտեքստից և սահմանափակում ընտրությունների անցկացման ֆորմալ ծիսակարգի մեջ։ Ընտրական ինստիտուտը ինքնաբավ չի կարող լինել։ Այն ածանցյալն է հասարակական-քաղաքական կյանքի տարատեսակ երևույթների։ Ասվածից կարելի է եզրակացնել, որ առանց ժողովրդավարական բովանդակության և նպաստավոր միջավայրի առկայության ընտրություններն որպես հակաշխանական պայքարի միակ գործիք դիտարկելը առնվազն հակաժողովրդավարական է։ Փաստորեն պատգամավորը բացառում է հանրության ընդվզման և մինչև ընտրությունները պայքարի դուրս գալու բնական իրավունքները՝ մարդկանց դատապարտելով ընտրությունից ընտրություն կենդանության նշաններ ցույց տալու անտրամաբանական ու բնազդային վարքագծի։

Բայց Մարուքյանը այսքանով կանգ չի առնում։ Ավելին՝ նա ժողովրդին անուղղակի կերպով մեղադրում է 2017 թ․ իրենց ձայն չտալու «մահացու» մեղքի մեջ։ Այսինքն՝ եթե իրենց ձայն չեն տվել, ապա դատապարտված են հավերժ ապրել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հավերժ տիրապետության ներքո։ Կոնցեպտուալ խնդիրը հենց այստեղ է թաքնված։ Նա համոզված է, որ եթե 2017-ին ՀՀԿ-ն կարողացել է մեծամասնություն կազմել ԱԺ-ում, ապա անբեկանելի կերպով հենց ինքը պետք է վարչապետ ընտրի և այդ ընտրությունը հաստատուն է ու կասկածից դուրս։ Երիցս ո՛չ։ Ժողովուրդն իր իսկ սահմադրական իրավունքի համաձայն կարող է տապալել վարչապետի ընտրությունն ու նոր խորհրդարանական ընտրություններ նախաձեռնել։ Մի՞թե սա ժողովրդավարական ակցիա չէ։

Բայց ո՛չ։ Էդմոն Մարուքյանի համար ժողովրդավարությունը միայն 5 տարին մեկ տեղի ունեցող ընտրություններն են, անկախ դրանից, թե դրանք ինչ պայմաններում են անցկացվում։ Նույնիսկ ամենահակաժողովրդավարական ընտրությունները նրա համար ժողովրդավարական են, միայն թե ինքն ու իր զինակիցները չմնան առանց մանդատների։ Այստեղ նաև անկեղծության խնդիր կա։ ԼՀ-ն շատ ավելի ճիշտ կանի, եթե խոստովանի, որ առնվազն դեմ չէ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին, քան դրա փոխարեն Մարուքյանի գրչի միջոցով հանդես գալ դեմագոգիայով լեցուն ինչ-որ հոդվածով, որտեղ ձևախեղվում են ժողովրդավարության էությունն ու բովանդակությունը։

Բայց դեմագոգիան այսքանով չի ավարտվում։ Մարուքյանն իր հոդվածը եզրափակում է ընդդիմությանը վերահկման, փոխզսպման եւ հավասարակշռման գործառույթներ տրամադրելու անհրաժեշտությունը շեշտադրելով։ Փաստորեն համակարգային ընդդիմադիրի կարգավիճակ ունեցող պատգամավորը ցանկանում է էլ ավելի խորանալ համակարգի մեջ։ Դառնալ հավերժ ընդդիմություն՝ վերահսկելի ու կառավարելի, իսկ միակ լիազորությունը պետք է լինի խոսելը, գործնական հիմքից կտրված և օդում ցրվող ճայթրուկի պես։ Ահա սա է Մարուքյանի պատկերացրած ընդդիմությունը։ Ավելի շուտ դա արդեն ընդդիմություն էլ չէ, այլ՝ բյուրոկրատների ինչ-որ խումբ, որի միակ գործառույթը իշխանություններին մեղմ քննադատելն է՝ անվնաս ու անհետևանք։ Հենց այս վտանգի մասին էինք խոսում ամենասկզբում, քանի որ «ընդդիմադիր» բյուրոկրատներն են հենց հակաիշխանական պայքարի ամենամեծ հակառակորդները։ Էդմոն Մարուքյանն ու «Լուսավոր Հայաստան»-ը փաստորեն հենց այդ կարգավիճակում են՝ բոլոր այն բյուրոկրատների պես, որոնց միակ մոտիվացիան կլիենտիզմն է ու «պատրոնի» համար ճանապարհ հարթելը։ Ընդդիմադիր բյուրոկրատների միակ ու բացառիկ պատրոնն, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանն է։