Ռոբերտ Աբաջյանի մասին գիրքն արդեն վաճառքում է․ հասույթն ուղղվելու է խորհրդանշական գործի

Ռոբերտ Աբաջյանի մասին գիրքն արդեն վաճառքում է․ հասույթն ուղղվելու է խորհրդանշական գործի

Ապրիլյան պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին գիրքը, հեղինակ Լիլիթ Հարությունյանը գրել է երեք տարում։ Գրքի շնորհանդեսը եղավ անցյալ տարի նոյեմբերի 16-ին․ այդ օրը իրեն վստահված մարտական դիրքը կյանքի գնով պահած Արցախի հերոսը կդառնար 25 տարեկան։ 

«Հեշտ չէր գրել տարեկից երիտասարդի մասին, ով իր ներկան և ապագան առանց վարանելու զոհաբերեց մեր հայրենիքին»,- գրքի առաջաբանում նկատել է հեղինակը՝ Լիլիթը։

Hraparak.am-ի հետ զրույցում Լիլիթ Հարությունյանը հիշեց, որ գրքի շնորհանդեսի օրը՝ նոյեմբերի 16-ին, որը նաև Ռոբերտի ծննդյան օրն է, երբ ինքը պետք է ողջուներ հյուրերին և ներկայացներ գիրքը, հաղորդագրություն ստացավ, որ Սյունիքում մարտեր են սկսվել․ «Ու ինձ համար սարսափելի էմոցիոնալ պահ էր՝ նորից պատերազմ, իսկ դու խոսում ես նախորդ պատերազմի մասին։ Այսինքն՝ սա այնքան անվերջ է թվում, որ դու չես հասկանում, թե այդ շղթայի որ հատվածում է կյանքը ավարտվում։ Այնքան շատ մարդ էր եկել այդ օրը շնորհանդեսին, սպասվածից էլ շատ մարդ, հետո էլ արձագանքներն էին շատ մեծ, Միացյալ նահանգներից եմ առաջարկ ստացել գիրքը թարգմանել և ուղարկել, նաև Մոսկվայից, Կրասնոդարից մի արցախցի էր գրել՝ խնդրելով որևէ տարբերակով գիրքը հասցնել իրենց, ինչպես նաև Արցախից են շատ-շատ արձագանքները, ու հիմա ասել եմ, որ հաջորդ նպատակը Արցախում շնորհանդես անելն է։ Թեև ես որոշել էի, որ գիրքը պիտի հասցնեմ Արցախ, և դա արեցի, բայց, մեծ հաշվով, մասշտաբի խնդիր կա։ Աղավնո տարա գրքերը և դպրոցի գրադարանում թողեցի, որովհետև Աղավնոն չհանձնվելու խորհրդանիշ է, իսկ չհանձնվող տղայի պատմությունը պիտի ճիշտ տեղում լինի»։

Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող գիրքը, որում նկարագրված է ոչ միայն Աբաջյանի, այլև իր մարտական ընկերների, մյուս հերոսների սխրանքները, նրանց կյանքի պատմությունը, այսօր վաճառվում է մայրաքաղաքի երկու ամենահայտնի գրադարաններում՝ «Բուկինիստում» և «Զանգակում»։ Արժեքը մեծ չէ՝ 3 հազար դրամ։ 

Լիլիթն ասաց, որ գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է բարեգործական որևէ նպատակի իրագործման։ Օրինակ՝ ստացված գումարով փորձելու են Մոնումենտում գտնվող Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի համար որևէ խորհրդանշական գործ անել, այսինքն՝ որևէ եկամուտ այս գրքի վաճառքից որևէ մեկը չի ստանալու։

«Ես որևէ դրամ չեմ վերցրել գրքի համար և չեմ էլ պատկերացրել այդպիսի բան, բայց ինձ համար՝ որպես հեղինակի, շատ կարևոր է խրախուսել մարդկանց՝ գնել այս գիրքը, որովհետև դա ժեստ է հերոսի ընտանիքի հանդեպ, ժեստ է հերոսի ինստիտուտի հանդեպ, Ռոբերտի, մյուս տղաների պայքարի հանդեպ»,-ասաց գրքի հեղինակը։