Ով ում է ցեղասպանել

Ով ում է ցեղասպանել
Մարտի վերջին օրերին ադրբեջանական մամուլը բառիս բուն իմաստով պայթում էր «ցեղասպանության 100-ամյակի» մասին ամենաէկզոտիկ հրապարակումներից: Բայց պետական եւ հասարակական մակարդակներում որեւէ նշանակալի միջոցառում, որ կվկայեր երեւույթի համաժողովրդականությունը, կապացուցեր, որ ադրբեջանցիների համար դա իրոք ողբերգական տարելից է, այդպես էլ տեղի չունեցավ: Ալիեւյան ռեժիմը նպատակահարմար էր գտել թեմայի շուրջ խորհրդարանի հատուկ նիստ եւ Ադրբեջանի կրոնական համայնքների առաջնորդների հավաք անցկացնել միայն:



Դա վկայում է, որ ադրբեջանցիների գիտակցության մեջ հարյուրամյա վաղեմության դեպքերը խոր նստվածք չունեն: Ընդհակառակը, կա ընկալում, որ ժամանակին թուրքերը եւ իրենք են սպանել հայերին եւ խոր ափսոսանք, թե ինչու գործը չեն հասցրել ավարտին: Այս եզրակացության համար հիմք է ծառայում Ադրբեջանի նախագահի թեկնածու, սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեի հետեւյալ միտքը. «Եթե ժամանակին հայերին լիովին ոչնչացնեին, նրանց պետություն ստեղծելու համար հողեր չտրամադրեին, նրանք այսօր մեր դեմ նման քաղաքականություն չէին կարող իրականացնել: Բոլոր դժբախտությունների պատճառը մենք ինքներս ենք»:



Ալիզադեն այս [հայտարարությունն](http://www.1news.az/news/kandidaty-v-prezidenty-obsudili-temu-vneshney-politiki---video) արել է հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում՝ նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ: Թվում է, մանրամասնելու կարիք չկա: Ալիզադեն արտահայտել է Ադրբեջանում իշխող տեսակետ: Նրա ասածի ենթատեքստն էլ այն է, որ եթե ժամանակին դա չի արվել, ապա այսօր պետք է նպատակադրվել եւ հասնել դրան: Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդդիմությունը չի մասնակցում, առաջադրված բոլոր թեկնածուներն ունեն մի խնդիր՝ իրենց չափով օգտակար լինել Իլհամ Ալիեւին, ապահովել նրա վերընտրության լեգիտիմությունը:



Եւ, իհարկե, նախընտրական հեռուստաբանավեճերի ժամանակ հնչեցնել մտքեր ու գաղափարներ, որ Ալիեւը հանգամանքների բերումով խուսափում է բարձրաձայնել: Ալիադեի երազանքը Ալիեւի քաղաքականությունից է բխում: Եւ ակնհայտ է դարձնում, որ «ադրբեջանցիների ցեղասպանությունը» մի քարոզչական ծածկաքող է, որի տակ Բաքվում հայ ժողովրդի դեմ նյութվում են ցեղասպանական նոր դավեր: