ՀՀ նախագահի օգնականն ու ՀՀԿ բիզնեսմենը բիզնեսն ընդլայնում են կանաչ տարածքի հաշվին

ՀՀ նախագահի օգնականն ու ՀՀԿ բիզնեսմենը բիզնեսն ընդլայնում են կանաչ տարածքի հաշվին
Մարտի 31-ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ Երեւանում 10 հազար ծառ եւ թուփ է տնկվել։ Բայց այն պահին, երբ մայրաքաղաքի իշխանությունները՝ պատգամավորների, դեսպանների, կառավարության անդամների եւ ՀՀ քաղաքացիների հետ, իրենց աշխատանքից դուրս ժամերին, կամավոր հիմունքներով, աշխատում են՝ ծառ են տնկում, որ մեր մայրաքաղաքի կանաչ տարածքն ավելանա, որ խախտված էկոլոգիական միջավայրը գոնե փոքր ինչ բարելավվի, որոշ բիզնեսմեններ շարունակում են խլել կանաչ տարածքը մեզնից՝ իրենց բիզնեսի տակ մեռցնելով հողն ու գազոնը։



Ընդամենը երկու օրինակ կբերենք, որոնք գալիս են ապացուցելու, թե ինչքան նյութապաշտ են մեր գործարարները, որ ոչ մի մետր չեն ուզում կորցնել՝ եթե այն կարող է եկամուտ բերել։ Առաջին օրինակը․Արամի 72 շենքի առաջին հարկն ու նկուղային հատվածը մի քանի տարի առաջ երկու գործարարներ վերցրեցին, լուրջ ներդրումներ արեցին, գարեջրատուն բացեցին, որը հետագայում դարձավ երեւանցիների սիրելի վայրը։ Արդեն երկու տարի է «Դարգետ» գարեջրատունը մեծ թափով աշխատում է՝ մշտապես լի է հաճախորդներով։ Ներսում երկու հարկ՝ հավանաբար մոտ 1000 քառակուսի մետր օգտակար տարածք կա՝ մեծ թվով սեղաններ են դրված եւ միշտ լեփ-լեցուն։ Բացի այդ՝ ամառային սեզոնին դրսում են սեղաններ դրվում՝ միջշենքային հատվածում։ Բայց այս ամենը չբավարարեց սրճարանի տերերին՝ նրանք որոշեցին զավթել նաեւ շենքի դիմացի հողն ու կանաչ տարածքը, որտեղ գազոն պետք է լիներ, ծառեր տնկվեին։ Առաջին տարին տախտակամած դրեցին այստեղ։ Հետո՝ երբ բողոքող չեղավ, համատիրություն էլ մի քանի գրոշով իր համաձայնությունը տվեց, բետոն արեցին, որ ոչ մի սանտիմետր հանկարծ չկորցնեն եւ եկամուտն ավելի ճոխ լինի։



Այստեղ էլ սեղաններ շարեցին։ Իսկ մոտ 30-ը 2 մետրի վրա մայթեզրը կարող էր գեղեցկացնել տարածքը, ծառ ու ծաղիկ կարող էին աճեցնել՝ մի քանի դոլար պակաս աշխատելով, բայց հաճախորդների համար հաճելի եւ օգտակար միջավայր ստեղծելով։ Ամենակարեւորը՝ այս սրճարանի տերերն աղքատ չեն, ոչ էլ սկսնակ բիզնեսմեններ․ մեկը ՀՀ նախագահի երկարամյա օգնական Ավետիս Բերբերյանն է, մյուսը՝ մասնագիտության բժիշկ, նախկին պատգամավոր, հիմա հաջողակ բիզնեսմեն Հովհաննես Դուրգայանը։ Ի դեպ, գործընկերները բազում այլ բիզնես- պրոյեկտներ էլ ունեն Երեւանում, որոնք բարեհաջող աշխատում են՝ հուրախություն տերերի։ Երկրորդ օրինակը․ Մոսկովյան-Իսահակյան փողոցների միջնամասում գտնվող Առագաստ» սրճարանի այգին բոլորը գիտեն։ Գիտեն նաեւ, որ սա Նուշիկյանների տիրույթն է՝ սրճարանն էլ է նրանց պատկանում, մանկական խաղահրապարակն էլ։ Երբ տարիներ առաջ այստեղ մի քանի կարուսել դրեցին, մարդիկ անգամ ուրախացան՝ երեխաների հետ ոչ մի կզբոսնեն, այլ նաեւ նրանց հանգիստը կկազմակերպեն։ Բայց հասկանալի էր, որ կանաչ տարածքում նման բան անել չի կարելի։



Աշխարհի ոչ մի երկրում կանաչի մեջ սրճարաններ կամ կարուսելներ չեն դնում՝ կանաչ տարածքում միայն զբոսնում են մարդիկ եւ կանաչի իմաստը թթվածին արտադրելու մեջ է։ Այն էլ՝ մեր քաղաքի նման փոշոտ, վատ էկոլոգիա ունեցող, կանաչից աղքատ քաղաքում։ Բայց փող աշխատելու մարմաջը, փաստորեն, կուրացրել է բոլորին։ Եւ անգամ այնպիսի գրագետ բիզնեսմենի, ինչպիսին Գարեգին Նուշիկյանն է։ Այս պահին «Առագաստի» այգում շինարարություն է գնում՝ խաղահրապարակը գազոնի, հողի, կանաչի հաշվին մեծացնում են, որ մի երկու կարուսել ավելացնեն եւ մի քանի դոլար ավելի աշխատեն։ Բայց ագահ բիզնեսմենները մեղավոր չեն։ Անգամ եթե նրանք փող աշխատելու մարմաջի մեջ մոռացել են կանաչի ու էկոլոգիայի մասին, նրանց չպետք է նման հնարավորություն տան։ Չէ որ օրեցօր աճող ախորժակը կարող է հետո ավելի վտանգավոր չափերի հասնել։ Այստեղ արդեն շաբաթօրյակներ կազմակերպող քաղաքապետարանի խնդիրն է, որ թույլտվությունների հարցում ոչ մեկի հեղինակության առաջ չնահանջի՝ ոչ ՀՀ նախագահի օգնականի, ոչ իշխանական բիզնեսմենի։



##### ​



![](https://scontent-mxp1-1.xx.fbcdn.net/v/t34.0-12/30007735_212822676136705_385009572_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=58987c6b579077c0bbf4b44ffed31b65&oe=5AC4484B)



![](https://scontent-mxp1-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29855279_212822692803370_1044176087_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=598d52b91bc72aa817a1a9f429be2a1d&oe=5AC49AFF)



![](https://scontent-mxp1-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29939678_212822702803369_962687824_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=ed5fb2446c10e8475e1990c9a07f232a&oe=5AC476C0)