Պուտինի սիմվոլիկան

Պուտինի սիմվոլիկան
Նախագահի պաշտոնում վերընտրվելով՝ Պուտինն առաջին արտասահմանյան այցը կատարում է Թուրքիա: Ընդ որում, դա ոչ միայն սիրիական հարցով եռակողմ գագաթաժողովին մասնակցություն է, այլեւ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության խորացման նպատակ ունի: Անկարայում Պուտինը կանցկացնի երկու օր: Նախատեսվում է, որ նա Թուրքիայի նախագահի հետ ներկա կլինի այդ երկրում ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը:



Ինչպես ռուսաստանյան աղբյուրներն են տեղեկացնում, Պուտինին կուղեկցի ներկայանալի պատվիրակություն: Կքննարկվեն նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Ռուս-թուրքական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում: Վերլուծաբաններից ոմանք դա բացատրում են երկու երկրների «միջազգային մեկոսւսացմամբ»: Դատելով ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների հետ Թուրքիայի բավական լարված հարաբերություններից, Ռուսաստանը, կարծես, փորձում է պատմական պահն օգտագործել առավելագույնս: Թուրքիան էլ իր հերթին է ձգտում հնարավոր արդյունք քաղել, քանի դեռ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը կարգավորվելու հեռանկար չի խոստանում:



Խոշոր հաշվով երկու կողմերն էլ շահում են, բայց զուտ ժամանակագրական առումով Պուտինի թուրքական այցը բավական խորհրդանշական է: Այն տեղի է ունենում ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան սրացումից երկու տարի անց: 2016թ. Թուրքիան միակ երկիրն էր, որ բացահայտ աջակցություն հայտնեց Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը հանդես եկավ որպես միջնորդ եւ հասավ հրադադարի հաստատման: Անցած երկու տարիներին առնվազն երեք անգամ Թուրքիայի նախագահը հրապարակային խոստովանություն է արել, որ Պուտինի հետ քննարկել է ղարաբաղյան հարցը: Էրդողան-Պուտին բանակցություններում եւս մեկ անգամ կարծարծվի՞ ԼՂ կարգավորման թեման: Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական կողմը նման ցանկություն Էրդողանին փոխանցած լինի: Սիրիայում Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը փորձում են կարգավորման հասնել ԱՄՆ գլխավորած կոալիցիայից սեպարատ ռեժիմով:



Մի քանի օր առաջ Բավում էր Իրանի նախագահը եւ ԼՂ հարցով հանդես եկավ նկատելի պրոադրբեջանական հայտարարությամբ: Բացառված չէ, որ Էրդողանը փորձ անի Լեռնային Ղարաբաղի թեման ներառնել եռակողմ գագաթաժողովի եթե ոչ պաշտոնական, ապա առնվազն միջանկյալ քննարկումներում: Մանավանդ որ Իրանը մշտապես պնդում է, որ ղարաբաղյան կարգավորմանը չպետք է մասնակից լինեն արտատարածաշրջանային ուժեր: