Արտաշատի թատրոնը նոր տնօրեն ունի

Արտաշատի թատրոնը նոր տնօրեն ունի
Նախօրեին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որի ժամանակ հանձնաժողովը հաղթող է ճանաչել Գագիկ Ռոստոմյանին: Արդեն 3 ամիս թատրոնի տնօրենի ԺՊ-ի պարտականություններն իրականացնող Ռոստոմյանը երկար տարիներ աշխատել է Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ որպես դերասան, ապա նաեւ՝ փոխտնօրեն։



Մինչեւ մրցույթը մեզ հետ զրույցում Ռոստոմյանը, խոսելով թատրոնի զարգացման իր հայեցակարգի մասին, նշել էր, որ Արտաշատի թատրոնը, լինելով Երեւանին կպած թատրոն, ե՛ւ շատ մոտ է, ե՛ւ շատ հեռու, որը տարիներ շարունակ կես ծանրաբեռնվածությամբ է աշխատել․ «Հիմա ես խնդիր եմ դրել ու նաեւ ասել եմ դերասաններին, որ թատրոնն անպայման մեծահասակների համար պետք է աշխատի։ Ես չեմ մեղադրում նրանց, տարիներ շարունակ նրանք պահել են թատրոնը, բայց աշխատել են մանկապատանեկան ծրագրով։ Դա, ինչ խոսք, շատ կարեւոր պայման է հանդիսատեսի կրթման համար, բայց թատրոնը պետք է ունենա լիարժեք երեկոյան ներկայացումներ մեծերի համար։ Ես այդպիսի խնդիր եմ դրել։ Իմ նշանակման առաջին օրվանից բանակցում եմ շատ ռեժիսորների հետ, որպեսզի իրենց առաջարկները ներկայացնեն, թե ինչ կբեմադրեն թատրոնում՝ կյանքը մի քիչ աշխուժացնելու համար»։ Ռոստոմյանը նաեւ Արմեն Ամիրյանի բարեկամն է (քենակալը)։ Այս առիթով նա մասնավորապես նկատել էր․ «Եթե ես բարեկամ եմ, ապա թող ինձ տեղավորեին Սունդուկյան թատրոնի տնօրեն կամ Երեւանում ինչ-որ մի թատրոնի տնօրեն։ Այստեղ նման խնդիր չկա»։