Սեփական շքամուտքից այն կողմ ոչինչ չի հետաքրքրում

Սեփական շքամուտքից այն կողմ ոչինչ չի հետաքրքրում
Ինչո՞ւ է մեր հասարակությունն ու, ընդհանրապես, հայկական մշակույթը պրոգրեսի փոխարեն ռեգրես ապրում, ինչո՞ւ են մեր հասարակության մեջ հակասոցիալական երեւույթները համարվում նորմա, ինչո՞ւ են այդ նույն հակասոցիալական մարդիկ կարիերա անում, իսկ կրեատիվ մտածողություն ունեցող, պատասխանատու եւ պունկտուալ մարդիկ, որոնք, բացի սեփական եսակենտրոն մոտիվացիաներից, նաեւ ընդհանուրի շահը գիտակցելու կարողություն ունեն, ուղղակի դուրս են մղվում հասարակությունից:



Ինչո՞ւ են մեր մարդիկ եվրոհարդարում իրենց բնակարանները, բայց իրենց իսկ շենքերի շքամուտքերի ջարդված պատուհանների, կեղտի մեջ կորած բակերի ու քարուքանդ փողոցների մասին չեն անհանգստանում։ Ի՞նչն է պատճառը, որ երբ գողերն իրենց տնից մի փոքրիկ ոսկյա զարդ են գողանում, այդ գողերի գլուխն են ջարդում, բայց միեւնույն ժամանակ ուղղակի թքած ունեն, երբ իրենց իսկ մուծած հարկերից ձեւավորվող բյուջեն թալանվում է չինովնիկների կողմից:



Դերասան Վարդան Պետրոսյանն իր ներկայացումներից մեկում ասում էր, որ մեզանում «լավ տղեն» իր տան մեջ միայն կարող է լավ տղա լինել կամ իրենց «շենքի հայաթում», կամ էլ, լավագույն դեպքում՝ «քուչի» մեջ, բայց ոչ ավելին: Ավելիի համար արդեն պետականության գիտակցություն է հարկավոր երեւի, որից զուրկ է հայության գերակշիռ մեծամասնությունը, դրա համար էլ մեր պետական այրերն ինքնուրույն գործելու կարողություն չունեն ու միշտ օտար պապաներ են ունենում իրենց գլխին նստեցրած: Մեր «լավ տղերքն» անպայման պիտի, մաքսիմում, «զոն նայող» լինեն, այլ բան նրանց մտքով անգամ չի անցնում, այլ բաներն իրենց հագով չեն:



Ի՞նչն է պատճառը, որ մեր չինովնիկները կարծում են, թե պաշտոնն իրենց տրված է, որ մարդկանց խանգարեն ապրել, ստորացնեն ու ստիպեն սողալ իրենց առջեւ, իսկ իրենք էլ, պարտադիր, պիտի սողան իրենց վերադասի առջեւ: Մի՞թե մեր հասարակության մեջ բոլորն անխտիր ստրկամիտ են, թե՞ համակարգն է այնպիսին, որ միայն նման թույլ ու ստոր մարդիկ են առաջ գնում եւ կարիերա անում:



Ինչո՞ւ են մերոնք կապկում եվրոպացիներին, վերցնում նրանց արժեհամակարգի միայն ձեւական կողմը, բայց ատում են նրանց արժեքների բովանդակային մասը: Աբդուլ Համիդի մասին պատմում են, որ նա իրեն այնպես էր պահում մարդկանց մոտ, որ ամենաթունդ եվրոպացիները կնախանձեին նրա քաղաքակիրթ պահվածքին։ Պատմում են, որ նա հագնվում էր եվրոպական ոճով, նիստուկացով ոչնչով չէր տարբերվում բարեկիրթ եվրոպացուց, բայց իրականում ընդամենը վայրենի ասիացի ու արնախում դիկտատոր էր: Նույնն էլ՝ մեր ապուշները, որոնք եվրոպական ասելով հասկանում են նրանց նման հագնվելը կամ նրանց լեզուներին տիրապետելը, բայց ո՛չ նրանց նման մտածելը:



Սրանք լուրջ հարցեր են, որ մեր՝ առնետի պես բազմացած, տարբեր տիպի ու որակի փորձագետ կոչվածները պիտի վերլուծեն ու փորձեն հասկանալ պատճառները եւ մատնանշեն ելքեր, այլ ոչ թե էժանագին բամբասանքներով զբաղվեն կամ էլ, լավագույն դեպքում, կապկելու իրենց հատկությանը հոգեհարազատ, օտար մասնագետներից, կոնտեքստից ընդհանրապես դուրս ինչ-որ անկապ մեջբերումներ անեն:



Կարճ ասած՝ ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ, այլապես, այս տեմպերով շարունակելով, նորից ենք ցեղասպանվելու:



**Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ**