Ալքիմիան եվ քաղաքականությունը

Ալքիմիան եվ քաղաքականությունը
ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմը շփոթության է մատնել նրանց, որոնք իրենց գիտակցական կյանքի մեծագույն մասը վատնել են ՀՅԴ ղեկավար մարմինների եւ շարքերի միջեւ խզում հայտնաբերելու վրա: Սրանք 21-րդ դարի ալքիմիկոսներն են, որոնք անվերջ տքնում են մի բան հայտնագործել, որ գոնե մի փոքր նման լինի քաղաքական մտքի: Նրանց չես կարող մեղադրել աշխատասիրության, կրթության, ընդհուպ` հայրենասիրության պակաս ունենալու մեջ, բայց ինչ անում-չեն անում, վերջում մի անհեթեթություն է ծնվում եւ ոչ թե քննադատություն, որին, թերեւս, կարելի կլիներ լրջորեն անդրադառնալ:



Ստորեւ կխոսենք գերժամանակակից ալքիմիայի տակավին երբեւէ չուսումնասիրված մի ճյուղի մասին, որն ի հայտ եկավ ՀՅԴ 21-րդ Գերագույն ժողովից հետո: Շարժառիթը ՀՅԴ ԳՄ կազմն է, իսկ խնդիրը, որի լուծման համար մեծագույն ջանք է գործադրվում, նոր կազմի մեկնաբանությունը: Մարդը դժվարանում է մարսել ՀՅԴ-ի հերթական քաղաքական «սյուրպրիզը», չնայած, որ ՀՅԴ ԳՄ-ն իր ասուլիսում էլ հայտարարեց, որ առաջիկա տարիները` մինչեւ 2022թ., կլինեն կազմակերպական աշխատանքների, ԱԺ նոր ընտրություններին նախապատրաստվելու տարիներ: Իսկ ինչ վերաբերում է օրենսդիր եւ գործադիր մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող ընկերներին կուսակցական ղեկավար մարմնում չընդգրկելուն, ապա նշվեց, որ դրանով նրանց հնարավորություն է տրվել ժամանակի ու զբաղվածության առումով ավելի ազատ գործելու իրենց վստահված ճակատներում եւ ոլորտներում: Նաեւ հավելեմ, որ սա կարող է հետագայում դառնալ կանոնագրային կետ, եթե այս ընթացքում ՀՅԴ-ն հստակեցնի իր համար, որ պետական պաշտոններ զբաղեցնեղ ընկերների, այսպես ասենք՝ այդ ազատությունը նպաստում է թե՛ նրանց աշխատանքի արդյունավետությանը եւ թե՛, դրանով պայմանավորված, կուսակցության անուղղակի քարոզչությանն ու դերակատարության մեծացմանը:



Մյուս կողմից էլ, ՀՅԴ Գերագույն մարմնի կազմի փոփոխությունը մի այնպիսի արտառոց երեւույթ չէ, որ նստես ու մտածես, թե ինչու այդպես եղավ: Արսեն Համբարձումյանը վերջին 6 տարիների ՀՅԴ ԳՄ երրորդ ներկայացուցչն է, իսկ եթե հաշվելու լինենք ՀՅԴ ԳՄ անդամների փոփոխությունները, ապա նրանց թիվը տասնյակների կհասնի: Ինձ ցույց տվեք մի ուրիշ կուսակցություն, որի նախագահը կա՛մ մանդատ չունի, կա՛մ մի այնպիսի պաշտոն, որով էլ չափվում է տվյալ կուսակցության դերակատարությունը: ՕԵԿ-ը, որ նույնիսկ մի քանի անուն է փոխել, գոնե մեկ նախագահ չի փոխել: Ասում ենք ՕԵԿ` հասկանում ենք Հեղինե Բիշարյան եւ հակառակը: Իրողությո՞ւն է: Իհարկե: «Ժառանգության» ու ԲՀԿ-ի մասի՞ն ինչ կասեք: Իսկ ՀՀԿ-ի՞: Սրանց առաջնորդներին, Աստված նրանց երկար կյանք ու առողջություն տա, մինչեւ ոտքերն առաջ չտանեն, չեն փոխելու: Քաղաքական կուսակցության այս ընկալումն էլ մեր ալքիմիկոսներին թույլ չի տալիս հասկանալու ՀՅԴ ներքին կազմակերպական դինամիկան, եւ դա է պատճառը, որ ՀՅԴ ղեկավար մարմիններում տեղի ունեցող փոփոխություններից հետո նրանք մատնվում են անլուր տառապանքների:



Տեսեք` ինչ է բստրել «մեծ մտածողը»: Ասում է. «ՀՅԴ-ն, ըստ ամենայնի, մշակել է հետապրիլյան զարգացումների մի քանի սցենար, ընդհուպ` կոալիցիան լքելը, եթե նոր կառավարության ձեւավորման գործընթացում կուսակցության ակնկալիքները չբավարարվեն: Թերեւս նման սցենարի չբացառումն է պատճառը, որ ՀՅԴ Հայաստանի նոր Գերագույն մարմնի կազմն ամբողջովին «բեռնաթափված» է այն կուսակցականներից, որոնց անուններն ասոցացվում են Սերժ Սարգսյանի իշխանության հետ»: Ես շուտով բոլորելու եմ Դաշնակցության շարքերն անցնելուս 30-ամյակը, բայց այսպիսի ծանր դեպքի դեռ չէի հանդիպել: Այս տարիներին ընդդիմություն էլ ենք եղել, իշխանություն էլ, բայց չեմ հիշում մի դեպք, որ Դաշնակցությունն իշխանությունների հետ «ասոցացված» իր ընկերներին թողնի իշխանությունում ու ինքն անցնի ընդդիմություն: Հակառակը նույնպես չի եղել: Երբ անցել ենք իշխանություն կամ մաս ենք կազմել իշխանությանը, ապա «ասոցացվել» ենք բոլորով, ո՛չ ընտրողաբար:



Կարծում եմ՝ մեծ սխալ թույլ տված կլինեմ, եթե Դաշնակցության վարքին հետեւող վերլուծաբաններին եւս մեկ անգամ չհիշեցնեմ, որ 2017թ. ԱԺ ընտրություններից հետո միայն հավերը չգիտեին, որ Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Հետեւաբար, հազիվ թե խելամիտ համարվի որեւէ քաղաքական ուժի կողմից վերջին պահին Սերժ Սարգսյանի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու շուրջ բանակցելը կամ նրան սպառնալը, թե՝ գիտես, կգնամ ընդդիմություն, եթե ինձ նոր պաշտոններ չտաս քո կառավարությունում: Ընդդիմության ճամբարում գուցեեւ գտնվեն մարդիկ, որ այս օրերին գնան փողոցում մնացած իշխանության հետեւից, դա նույնիսկ գովելի է, բայց երբ պարզ է, որ Հայաստանում նոր իշխանությունը ձեւավորվում է ոչ թե իշխանություն-ընդդիմություն պայքարում, այլ ներիշխանական հարաբերություններում, արդեն իսկ պետք է հասկանալի լինի, որ նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն չի զգացվելու: Այլ խնդիր է այդ հարաբերություններում լճացում թույլ չտալը, Սերժ Սարգսյանի մշտնջենական իշխանության մասին միֆի փարատումը, անխտիր բոլորի գործողությունները նրա անվան ու անձի հետ կապելու տխուր մտածողության հաղթահարումը: Ի վերջո, ի՞նչ է պատահել, կառավարություն է, կաշխատի՞, լավ, չի՞ կարողանա աշխատել` հրաժարական կտա: Երբ բանը հասնում է կառավարության հրաժարականին, ի՞նչ կապ ունի` այդ պահին երե՞ք պորտֆել ունես այնտեղ, թե՞ 13: Ո՞րն է կոալիցիայում մնալու իմաստը, երբ գործընկերդ չի աշխատում եւ ամեն ինչ տանում է դեպի հրաժարական: Անցել են ինքնանպատակ կոալիցիաների եւ փառքի դափնիներին ննջելու ժամանակները: Ընթերցողին, հասարակ քաղաքացուն մեր բոլորովին նոր իրականությունը պետք է ներկայացվի, մարդիկ պետք է ձերբազատվեն անձեր ու փրկիչներ փնտրելու հիվանդությունից ու վերջապես հասկանան, որ ամեն ինչ իրենք են որոշում իրենց ընտրությամբ` ընդհուպ մինչեւ կայուն մեծամասնության առանձին կուսակցություններին, որոնք ոչ միայն ԱԺ-ում, այլեւ կառավարությունում ստիպված կլինեն զգալ ընտրողի ամեն մի քվեի ուժը: Այսքան բան թողած՝ մարդը զարմանում է, որ Դաշնակցությունն առանձին հարթակներում քննադատում է կառավարությանը, գոհ չէ զարգացման տեմպերից: Վա՞տ է: Իսկ գուցե կարծում եք, որ ՀՀԿ-ն բոլոր հարթակներում միայն գովերգո՞ւմ է Դաշնակցությանը: Չսխալվեք: ՀՀԿ-ի հետ ճանապարհ գնալու համար 127-ամյա պատմությունը դեռ քիչ է, ամուր նյարդեր էլ են պետք:







**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**