Սերժ Սարգսյանը պետք է զգուշանա

Սերժ Սարգսյանը պետք է զգուշանա

Իշխանական քարոզիչները Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ կազմակերպված ցանկացած քաղաքական ակցիա փորձում են ներկայացնել որպես արտաքին աշխարհից հրահրված գործընթաց։ Այսինքն՝ Հայաստանում ամեն ինչ կարգին ու զիլ է եւ ինչ-որ «մութ» ուժեր պարբերաբար փորձում են արհեստականորեն պխտորել Հայաստանի «վճիտ» ջրերը։

Նշենք, որ տեսակետն այս իր ողջ փիլիսոփայությամբ համապատասխանում է հետխորհրդային տարածքի, ինչպես նաեւ Միջին եւ Մերձավոր Արեւելքի ավտորիտար ռեժիմների գաղափարական ընկալումներին։

Սկսենք նրանից, որ համանման մոտեցումները առաջին հերթին ունեն քարոզչական նշանակություն եւ հեռու են հեղափոխությունը որպես քաղաքագիտական իրողություն դիտարկելու անհրաժեշտությունից։ Ավտորիտար ռեժիմները այդպիսի քարոզչական հնարքներով առաջին հերթին խաղում են հանրության հայրենասիական զգացմունքների հետ՝ փորձելով հեռու պահել մարդկանց քաղաքական գործընթացներից։ Հայկական միջավայրում դա դրսեւորվում է ղարաբաղյան պատերազմի սպառնալիքով։ Մարդկանց զգուշացնում են. «եթե դուրս գաք իշխանության դեմ, ապա կմեծանա պատերազմի սպառնալիքը» եւ այսպես շարունակ։ Կամ՝ «օտար դավադիր ուժերը ցանկանում են կործանել Հայաստանը եւ հեղափոխության նախապատրաստության ապազգային աշխատանքներ են տանում»։

Թվարկած քարոզչական հնարքները իհարկե հերյուրանք են, հակագիտական եւ քաղաքական ընկալումներից հեռու։ Այնուամենայնիվ չի կարելի բացառել այն հանգամանքը, որ քաղաքական գործընթացի ինչ-որ փուլում շարժումները արտաքին աշխարհից աջակցություն ստանում են, բայց այն պնդումը, թե քաղաքական պրոցեսը նախաձեռնել են հենց օտար ուժերը, իհարկե ֆանտաստիկայի ժանրից է։ Հնարավոր չէ մոլորակի ինչ-որ կետում գործընթաց հրահրել, եթե  չկան դրա համար անհրաժեշտ նպաստավոր պայմանները։ Հրդեհ չի կարող լինել, եթե չկա ծուխը, որն ամեն պահ կարող է վերածվել կայծի։ Այս տեսանկյունից Հայաստանում հաճախ բերում են Ուկրաինայի օրինակը, իբրեւ թե. «տեսեք ինչ ճակատագրի արժանացավ Ուկրաինան, մենք Հայաստանում չենք կարող մայդան թույլ տալ»։

Նշենք, որ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման առաջնային մեղավորները ոչ թե Ռուսաստանն ու Արեւմտյան տերություններն էին, այլ հենց երկրի իշխանությունները։ Ի սկզբանե Ուկրաինան պառակտված, երկփեղկված կառուցվածքով անկայուն համակարգ էր, իշխանությունները հասարակության քաղաքակրթական, քաղաքական, մշակութային պառակտվածությունը հավասարակշռելու, ներդաշնակեցնելու եւ համակեցական վիճակի բերելու փոխարեն էլ ավելի են սրել իրավիճակը։ Դա ինչ-որ մի օր հանգեցրեց պայթյունի, գործընթաց սկսվեց, որին համապատասխանաբար արձագանքեցին տարածաշրջանում շահեր հետապնդող տերությունները։ Կատարվածն ավելի քան օրինաչափ էր։

Առհասարակ ցանկացած պրոցես պատճառահետեւանքային շղթայի տեսանկյունից դիտարկելու համար առաջին հերթին պետք է առաջնային պլան մղել ներքին պատճառները, զի միայն դրանք կարող են վճռական ազդեցություն ունենալ, իսկ արտաքին պատճառները ածանցյալ են ներքին պատճառների։ Նույն տրամաբանությունը գործել է նաեւ Հյ. Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում` հրդեհի պես բռնկված «Արաբական գարնան դեպքում»։

Այսպիսով, եթե Հայաստանում ինչ-որ մի օր հեղափոխական գործընթաց սկսվի, ապա պատճառները պետք է փնտրել ոչ թե արտաքին աշխարհում, այլ հենց պետության ներսում եւ իշխանական փտած համակարգի եւ հանրության միջեւ օրգանական կապի խզման մեջ։ Հեղափոխությունները չեն լինում ինչ-որ մեկի կամքով և քմահաճույքով, այլ՝ այն ժամանակ, երբ համակարգը խցանվում է ու արգելակվում եւ այլևս ի զորու չէ կենդանության որևէ նշան ցույց տալ։ Ոչ ոք չգիտի, թե հեղափոխությունները երբ են սկսում, դրանք գալիս են անկոչ հյուրի պես ու սրբում տանում ճանապարհին հանդիպած ամեն ինչ։

Մուբարաքը, Յանուկովիչը, Բեն Ալին, Քադաֆին եւ Բաշար Ասադը նույնպես փորձում էին ներքին խնդիրների դեմ պայքարող ժողովրդական հուզումները դիտարկել որպես արտաքին աշխարհի սադրանք, բոցաշունչ ելույթներ էին ունենում արտաքին միջամտությունների կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ, բայց՝ անտեսելով ներքին խնդիրները, ի վերջո խեղդվեցին հենց այդ նույն ճահճի մեջ։ Սերժ Սարգսյանն այս նախադեպերից պետք է զգուշանա։ Իշխանության հավերժացման ճանապարհով ընթացող ցանկացած գործիչ պետք է միշտ զգուշանա։