Ասյայի «եվրոն»

Ասյայի «եվրոն»
Ինչպես ռուսները կասեին՝ дожили. Արցախի ներկայացուցչության դարպասներին մի քանի երիտասարդներ «Արցախի ոստիկանա-պետություն» գրությամբ պաստառ են կախել: Նրանք պաշտպանում են «Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի իրավունքները»: Հետաքրքիր է՝ դրանց թվում կա՞ ի լուր հասարակության գռեհկախոսելու իրավունքը, որ Ասյան օգտագործել է հայտնի տեսանյութում: Նշանակություն չունի, որ նա կրկնել է իբր ոստիկանների կողմից իրեն ասածը: Հանուն Ասյայի իրավունքների ոտքի կանգնած աղջիկներին հաճելի՞ էր նման արտահայտություններ լսել: Ասում են՝ ոճը մարդն է:



Ով լսել է Ասյայի «եվրո» խոսքը, երեւի պատկերացում կազմած կլինի նրա մարդկային կերպարի մասին: Որակումներ չանենք, միայն արձանագրենք, որ այն, ինչ Ասյան է պատմում, թողնում է վատ բեմադրված ներկայացման տպավորություն: Արցախում, Ստեփանակերտում ամեն քայլափոխի հանդիպում են գրական հայերենով խոսող կանայք, տղամարդիկ: Նրանց երեխաները դպրոց են հաճախում, սովորում համալսարաններում: Նրանցից շատերն զբաղվում են բիզնեսով: Հանդիպում են նաեւ մատուցողուհիներ: Եւ որեւէ խնդիր չի առաջանում, չկա: Հայաստանից Արցախի գյուղեր տեղափոխված շատ հաջողակ հողագործներ կան, փնտրված մարդիկ, որ հարգանք ու պատիվ են միայն վայելում: Իրականությանը պետք է անաչառ հայացքով նայել: Միտումնավոր, թե ոչ, բայց Ասյա Խաչատրյանը կեղծում է, աղավաղում, աղճատում: Ինչու՞:



Ասում է, որ «հայաստանցի-ղարաբաղցի տարբերություն» չի դնում: Բայց նրա վարքը հակառակն է ապացուցում: Ինչու՞ «բռնության ենթարկվելուց» հետո չի դիմել Արցախի ոստիկանապետին: Նա ամեն օր քաղաքացիների ընդունելության ժամ ունի: Ասյան փորձե՞լ է, Արցախի ոստիկանապետից ընդունելություն խնդրել-մերժվե՞լ է: Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետին դիմե՞լ է: Արցախի գլխավոր դատախազին դիմե՞լ է: Ոչ: Ինչու՞ չի վստահել Արցախի իրավապահներին: Ինչու՞ <<բռնության ենթարկվելու>> հայտարարություն չի արել Արցախի ՄԻՊ-ին, չի դիմել տեղի հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին... Ասյայի «եվրոն» ստացվել է: Ու, երեւի, ճիշտ է ֆեյսբուքի օգտատերերից մեկը, որ կարծում է, թե իր շուրջ բարձրացրած աղմուկն Ասյան վաղը որեւէ դեսպանատան ներկայացնելու շենգենյան վիզա ստանալու փաստարկ: