Աշխատանք որոնողը

Աշխատանք որոնողը
Աշխատանքային օրենսգրքում հստակ սահմանված կետեր չկան փորձաշրջան անցնելու վերաբերյալ, գործատուն ինքն է որոշում, թե որքան ժամանակահատված սահմանի փորձաշրջանի համար: Սակայն դա նույնպես շտկելի խնդիր է: Կարելի է նախապես գրավոր պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի աշխատանք որոնողը չշահագործվի՝ առանց որեւէ փոխհատուցման:



Հայաստանյան իրականությունում բարձիթողի վիճակում է աշխատաշուկան կամ, կարելի է ասել՝ հատկապես աշխատաշուկան։ Այն, որ Հայաստանում գործ չկա, իհարկե, այդքան էլ այդպես չէ։ Գործ կա, սակայն երբեմն պայմաններն են աբսուրդ։ Օրինակ՝ գրեթե բոլոր գործատուները նախընտրում են մոդելային կազմվածքով, գրագետ, բարետես, աշխույժ, ճարտար… աղջիկների՝ բոլորովին հաշվի չառնելով, որ մեր գենետիկան, ենթարկվելով բազմաթիվ փորձությունների, կրել է տխուր հետեւանքներ։ Օրինակ՝ վերոնշյալ արտաքինին փոխարինել է ցածրահասակ, մուգ մաշկով, մեծ քթով… սերունդ մը, որն այսօր կանգնած է գործազուրկ մնալու անդունդի շեմին։ Դե, իսկ քչախոսությունը, հեզությունը, համեստությունը… մեր աղջիկների այցեքարտերն են։ Մինչդեռ գործատուները ցանկանում են արմատական փոփոխություններ կատարել։ Աշխատանք փնտրողի եւ գործատուի միջեւ եղած խնդիրներն այսքանով չեն ավարտվում․ դրանք բազմակողմանի են։ Դրանցից մեկն էլ այն է, որ Հայաստանում չի վերացել «ստրկատիրական հասարակարգը»։ Բոլորը ցանկանում են անվճար աշխատող ունենալ՝ թեկուզ մի քանի ամսով։ Դե, ի՞նչ է եղել որ՝ X անձը մի քանի ամիս փորձաշրջան կանցնի, կաշխատի, հետո չի ընդունվի, մեկ ուրիշը կգա։ Չէ՞ որ աշխատանք փնտրողները բազմաթիվ են եւ այդպես շարունակ։ Մինչդեռ գրեթե բոլոր զարգացած եւ զարգացող երկրներում փորձաշրջան անցնող աշխատողը վճարվում է սահմանված աշխատավարձի կեսի չափով, անգամ կան երկրներ, որտեղ վճարում են լրիվ աշխատավարձը։



Իսկ ինչ է կատարվում Հայաստանում: Աշխատանք որոնողը դիմում է գործատուին, գործատուն սահմանում է փորձաշրջան, աշխատանք որոնողը համաձայնում է՝ առանց որեւէ փաստաթղթի, պայմանավորվածության կամ իրավական արժեք ունեցող որեւէ այլ փաստաթղթի: Իսկ փորձաշրջանը ձգձգվում է, պատճառաբանությունը գրեթե միշտ նույնն է՝ դեռ բավականաչափ հմուտ չես: Ինչ է մնում անել՝ սպասել, քանի որ Հայաստանում աշխատանք գտնելը խաղուպար չէ: Այդ իսկ պատճառով մարդիկ ստիպված համակերպվում են՝ ամիսներ շարունակ փորձաշրջան անցնելով, եւ ի վերջո, հասկանալով, որ իրենց աշխատանքի ընդունելու ցանկության հատիկ անգամ չկա, ստիպված փնտրում են մեկ ուրիշ աշխատանք: Արդյունքում մնում են վատնված ժամանակը եւ գումարը, իսկ փոխարենը՝ դատարկ գրպան եւ մի փոքր էլ աշխատանքային փորձ: Վերջինը, իհարկե, հուսադրող է: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք: Ոլորտը վերահսկողության կարիք ունի: Իհարկե, աշխատանքը շատ կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ պետք է թույլ տանք գործատուին շահագործել մեզ, այնուհետեւ լայն ժպիտով, իրենցից շատ գոհ, որ փորձ ունենալու հնարավորություն են տվել, մաղթել բարի ճանապարհ:



Հայաստանում, իհարկե, գործ կա։ Մնում է անբարեխիղճ գործատուներին բերել օրենքի դաշտ, եւ ամեն բան ավելի փոխշահավետ եւ արդյունավետ կդառնա:



**ՀԳ**․ _Տառապանքս փորձաշրջաններ ունի:_



**Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ**