Ի՞նչ է անում ֆինանսների նախարարի հայրը Նոր Նորքի թաղապետարանում

Ի՞նչ է անում ֆինանսների նախարարի հայրը Նոր Նորքի թաղապետարանում
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում միաժամանակ երկու իրավաբանական բաժին կա, որոնցից մեկը վարչական շրջանի ստորաբաժանումներից է, մյուսը՝ մասնավոր։ Բայց մենք տեղեկացանք, որ երկրորդն ավելի շատ «հաճախորդ» է ունենում, քան Նոր Նորք վարչական շրջանի իրավաբանական բաժինը։ Բանն այն է, որ վարչական շրջանի աշխատակազմի 308-րդ կաբինետում իր իրավաբանական ծառայություններն է առաջարկում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայր Սարիբեկ Արամյանը, որի մոտ են ուղղորդում իրավաբանական բաժին դիմող քաղաքացիներին։



Վարչական շրջանի ղեկավարությունից փորձեցինք ճշտել, թե ինչ է անում Սարիբեկ Արամյանը Նոր Նորք վարչական շրջանի շենքում, եթե գոյություն ունի վարչակազմի իրավաբանական բաժին, իսկ դրա նորանշանակ պետ Աղավնի Կարապետյանը ողջ եւ առողջ է։



Թաղապետարանի աշխատակցուհու խոսքով՝ Սարիբեկ Արամյանը վարչական շրջանի հետ որեւէ կապ չունի․ «Սարիբեկ Արամյանը փաստաբան է, իրավաբան չէ, նա մեր աշխատողը չէ, ուղղակի այստեղ վարձակալությամբ նստած է։ «Փարոսն» էլ է այստեղ, կենսաթոշակն էլ է այստեղ, իրենք մեր աշխատողները չեն, ուղղակի շենքում են»։ Հարցրինք, թե վարչական շրջանի բնակիչներն իրավական հարցերով ավելի շատ ո՞ւմ են դիմում՝ Սարիբեկ Արամյանի՞ն, թե՞ Աղավնի Կարապետյանին։



«Եթե մեր վարչական շրջանի հետ կապված է, դիմում են իրավաբանական բաժին, իսկ եթե ինչ-որ անձնական խնդիր է, նրանք դիմում են փաստաբանին, եթե մեր վարչական շրջանի գործունեության հետ չէ կապված»։



Զրուցեցինք նաեւ **Սարիբեկ Արամյանի** հետ։ Նա չհերքեց, որ հնարավոր է ուղղորդեն իր մոտ, սակայն դրա հետ կապված հետաքրքիր պատճառաբանություն բերեց՝ իրավաբանական բաժնի իրավաբանները գուցեեւ այնքան էլ լավը չեն․ «Լրիվ հնարավոր է, կարող է իրենք գլուխ չեն հանում, ասում են՝ գնացեք Արամյանի մոտ։ Իրավաբանական բաժնում հո սաղ լավ իրավաբաններ չե՞ն։ Կարող է փորձի պակաս ունեն։ Օրինակ, երեկ մեկն էր եկել, տան անվանափոխության հարց էր, բարձրացել է 5-րդ հարկ՝ իրավաբանական բաժին, ըտենց խեղճուկրակ կին էր, չգիտեր որտեղից սկսեր, բնականաբար, իր բոլոր հարցերի պատասխանը ստացավ ու շատ գոհ գնաց։ Բա մեղք են, էս ժողովուրդը մեղք է։ Էս իմ գրասենյակն է, թաղապետարանի հետ որեւէ կապ չունի, մեկ-մեկ գալիս եմ, մեկ-մեկ չեմ գալիս։ Ժողովուրդն ինձ ճանաչում է, 15 տարի ես եղել եմ խորհրդային գործկոմի իրավաբանական ծառայության պետը, ու բոլորն ինձ ճանաչում են։ Բնական է՝ մարդիկ գալիս են, քիչ է մնում հագինդ հանես, իրենց տաս, ո՞նց չպատասխանես, մարդը եկել-հասել է ստեղ, օգնում եմ, կարճ-կոնկրետ՝ օգնում եմ իրենց։ Ինձ գումարը չի էլ հետաքրքրում, ուղղակի գալիս եմ, երբ պարապ եմ լինում, էսա որ ամառը գա, ընդհանրապես չեմ գա»։



Արամյանին հարցրինք, թե այդ դեպքում ի՞նչ գործով է զբաղված, եթե իրավաբանական ծառայություններ առաջարկելն իր համար զուտ հոբբի է եւ ոչ ավելին։ «Այգեգործությամբ եմ զբաղվում, ամենալավ աշխատանքն է, ծառ տնկի, ծառ ջրի, տիրություն արա։ Դրանից լավ բան կա՞»։



Իրավաբանական բաժնի պետ **Աղավնի Կարապետյանին** հարցրինք, թե կա՞ն այնպիսի խնդիրներ, որոնցից իրենք գլուխ չեն հանում, ուստիեւ մարդկանց ուղղորդում են Սարիբեկ Արամյանի մոտ։ Բաժնի նորանշանակ պետը նախ ձեւացրեց, թե չի ճանաչում Սարիբեկ Արամյանին՝ «ո՞վ է Արամյանը», ապա, երբ «տեղեկացրինք», ասաց․ «Մենք էստեղ մեր ցանկացած այցելուին էլ խորհրդատվություն տալիս ենք, եթե էնպիսի հարց է լինում, որ փաստաբանի կարիք է լինում, նոր ասում ենք՝ դիմեք փաստաբանի, Արամյանի անունը չենք տալիս»։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**