Բացահայտել պատճառները, պատժել մեղավորներին

Բացահայտել պատճառները, պատժել մեղավորներին
Մարդկային ցավը երբեք անարձագանք չի մնում։ Աշխարհը ցնցվեց Կեմերովոյի ողբերգությունից։ Մարդիկ կարդում եւ նայում էին անասելի ցավ պատճառող այդ կադրերը, կարդում հաղորդագրությունները, որ դահլիճում բանտարկված եւ մահվան դատապարտված անմեղ մանուկները գրել էին իրենց հարազատներին, եւ ողբում էին նրանց մերձավորների հետ միասին։ Այնպես, ինչպես 1988-ին մեզ հետ ողբում էր ողջ աշխարհը, փորձում ամոքել այն անասելի ցավը, որ զգում էինք մենք՝ հայերս, երկրաշարժի պատճառով մոտ 25 հազար մարդու անժամանակ կորստի առիթով։



Բայց ողբն ու կականն անզորության նշան է, եւ այն չի կարող երաշխիքներ տալ, որ հետագայում նման դեպքերը չեն կրկնվի։ Իսկ նման ողբերգությունները պետք է գոնե դաս լինեն, հետեւություններ անելու, նման անհեթեթ աղետները կանխելու հմտություններ սերմանեն հանրային գիտակցության մեջ։ Երբ 1988-ին մեծ աղետը եղավ, մենք շատ անպատրաստ էինք եւ ապրում էինք մի երկրում, որտեղ մարդկային կյանքը գրոշ չարժեր, ուստի հետեւություններն ու դասերն էլ շատ մեծ չէին։ Աղետն ու դրա պատճառները մենք քննարկում էինք ընդամենը կենցաղային մակարդակում՝ չարվեցին լուրջ փորձաքննություններ, չհայտնաբերվեցին ու չպատժվեցին մեղավորները։ Իսկ երբ պատճառները չեն բացահայտվում, դրանց կրկնվելու հավանականությունը մեծ է։



Ուստի ոչ մի երաշխիք չկա, որ նոր երկրաշարժի պարագայում մենք չենք ունենալու նման ողբերգական իրավիճակ եւ նորից չենք սգալու անմեղ զոհերի համար։ Առհասարակ՝ ողբերգություններից, հատկապես՝ տարերային աղետներից, ոչ մի պետություն ապահովագրված չէ։ Սակայն պետության ամրությունն ու պետական կառույցների կայացածությունը երեւում են աղետի հետեւանքները վերացնելիս, պատճառները բացահայտելիս եւ, ամենակարեւորը՝ մեղավորներին պատժելիս։