«Կապույտի մեջ թեմա կա՞»․ Բողոքի ակցիա ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի

«Կապույտի մեջ թեմա կա՞»․ Բողոքի ակցիա ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի
Մարտի 29-ին ժամը 12-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ[ ](https://www.facebook.com/events/160131511317275/160246304639129/?notif_t=plan_mall_activity¬if_id=1522232737432044)են [նախաձեռնել](https://www.facebook.com/events/160131511317275/) դեպի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչություն՝ ի համերաշխություն և ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի:



Քաղաքացիները հավաքվելու են Բարեկամություն մետրոյի հարևանությամբ (Հրաչյա Քոչարի կողմից)։



Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը, որը աշխատում և ապրում է Ստեփանակերտում, հայտնել է, որ փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտեցել երեք ոստիկան եւ ենթարկել ֆիզիկական և հոգեբանական ճնշման։ Ըստ Ասյայի՝ առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ապտակել են, հայհոյել և սպառնացել։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել նաև Ասյայի ընկերուհին։ Ասյան պատմել է, թե իրեն ասել են՝ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։



Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմել է գլխավոր դատախազություն, ինչից հետո նրա տուն են այցելել տեղամասի ոստիկանները և փոխանցել, որ նա առանց ծանուցման պետք է ներկայանա 6-րդ վարչություն։



Բողոքի ակցիայի կազմակերպիչները տարածել են հետևյալ հայտարարությունը. «Մարտի 29-ին ժամը 12-ին հավաքվում ենք Բարեկամություն մետրոյի հարևանությամբ (Հրաչյա Քոչարի կողմից), որպեսզի բողոքի երթով շարժվենք դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչություն՝ ի համերաշխություն և ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի:



Ասյա Խաչատրյանը Արցախում խտրականության և բռնության է ենթարկվել ընդամենը կապույտ մազեր ունենալու և ծխելու համար: Ցանկալի է, որ երթի մասնակիցները ունենան գունավոր մազեր և զինված լինեն ծխախոտներով՝ նույնիսկ չծխողները (ոչինչ մի անգամ ծխելը ձեզ չի սպանի): Իսկ ովքեր գունավոր մազեր չունեն, ապա կարող են կեղծամներ կամ էլ կապույտ ինչ-որ հագուստ կրել:



Կատարվածը չի կարող անպատիժ մնալ, քանի որ մի կողմից կոպտագույն կերպով խախտվել են մարդու իրավունքները, իսկ մյուս կողմից էլ՝ փորձ է արվել արհեստական տարանջատում մտցնել հայաստանցու և արցախցու միջև:



Այս ակցիայի միջոցով մենք փորձելու ենք նաև շեշտադրել այն հանգամանքը, որ մենք Արցախի նկատմամբ ունենք համահավասար իրավունքներ, ինչպես արցախաբնակ հայերը, ուստի մեր պահանջն այն է, որ բոլոր հանցագործները անհապաղ կերպով պատժվեն։»