Շուշանիկ Կուրղինյան եւ Զաբել Եսայան

Շուշանիկ Կուրղինյան եւ Զաբել Եսայան
Տաղանդաշատ հայուհիներով ամբողջ աշխարհն է հիանում, օրինակ հեռավոր Փարիզում ստալինիզմի զոհը դարձած մեծանուն հայուհու` Զաբել Եսայանի անունով ճեմուղի են անվանակոչում, իսկ Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում, այդ նույն Զաբել Եսայանի ժամանակակիցը հանդիսացող, մեկ այլ տաղանդաշատ հայուհու` Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին լքված ու անխնամ վիճակում կանգնած է, բոլորի կողմից մոռացության մատնված, անմխիթար և քարուքանդ զբոսայգու մեջ:



Վերջերս Երևանի քաղաքապետարանի, կարծեմ «Ելք» դաշինքը ներկայացնող պատգամավորները հարց էին բարձրացրել, թե ինչու՞ է Երևանի բյուջեից հսկայական գումարներ ուղղվում Մոսկովյան կոչվող փողոցի բարեկարգման համար, այն դեպքում երբ այդ փողոցը շատ էլ բարեկարգ վիճակում է, իսկ ահա շատ ու շատ ուրիշ փողոցներ իսկապես խիստ անբարեկարգ վիճակում են ու դրանց վերանորոգման համար ոչ մի կոպեկ չի տրամադրվում: Ակամայից հիշեցի վերջին տարիների երևանյան այն խայտառակ ավանդույթը, երբ փողոցների նորմալ ասֆալտապատ ծածկույթը քերում- հանում են ու նորից ասֆալտապատում: Մարդիկ սովորաբար դա բացատրում են այն տեսանկյունից, որ երևանյան չինովնիկները այդպես ուղղակի քաղաքային բյուջեի փողերն են գրպանում` կոռուպցիոն տարբեր սխեմաների (ատկատներ և այլն) միջոցով, սակայն դա այնքան էլ այդպես չի, որովհետև նրանք կարող էին այդ գումարները ծախսել իսկապես անմխիթար վիճակում գտնվող փողոցների վերանորոգման կամ ուրիշ շատ խնդիրների լուծման վրա, ու այդ կոռուպցիոն սխեմաները գործի դնելով` նույնպես գրպանել այդ գումարների մի մասը, որի արդյունքում քաղաքը ինչ որ կերպ այնուամենայնիվ կօգտվեր:



Սակայն դա չի արվում, որովհետև նրանց արջև խնդիր է դրված անել ամեն ինչ, որպեսզի առանց այն էլ քաղաքին հատկացվող սուղ միջոցները նպատակային չօգտագործվեն, այլ ուղղակի մսխվեն, և Երևանը հանկարծ մայրաքաղաքին վայել տեսք չունենա, չէ՞ որ այն նախատեսում են դարձնել ինչ որ հեռավոր գուբերնիայի ադմինիստրատիվ կենտրոն, այլ ոչ թե անկախ ու ինքնիշխան երկրի մայրաքաղաք:



Իսկ այդ գուբերնիայում Շուշանիկ Կուրղինյանների ու Զաբել Եսայանների հիշատակը պիտի ջնջվի ընդմիշտ, նրանց արձանները բոլորի կողմից արհամարհված պիտի կանգնեն ավերակի վերածված երբեմնի զբոսայգու անշուք անկյուններից մեկում, կամ նրանց անունով ոչ մի ճեմուղի չպիտի լինի Երևանում, առավել ևս, որ այդ ճեմուղիները արդեն թշնամական եվրոպաների քաղաքներում են սկսվել հայտնվել:



**Թորոս Ալեքսանյան**