Պետությունն իր ուսերից թոթափում է պետական թատրոնների պահպանության բեռը

Պետությունն իր ուսերից թոթափում է պետական թատրոնների պահպանության բեռը
Մարտի 27-ը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայստանում նշվում է, որպես Թատրոնի համաշխարհային օր, որը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ։ Հայստանում այն նշանավորվում է արդեն ավանդույթ դարձած «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ եւ կոչումների ու պարգեւների հանձնմամբ։



Բեմադրիչ **Նիկոլ Ծատուրյանն** անդրադառնալով թատրոնի խնդիրներին, նշեց, որ հանդիսատեսի խնդիր այսօր գոնե Գյումրիում չկա, որովհետեւ ըստ նրա, տնօրենը հետաքրքիր եւ նախաձեռնող անձնավորություն է եւ կարողացել է ստեղծել այնպիսի մի համակարգ, որ 70 հազարանոց քաղաքում դահլիճները լեփ լեցուն լինեն․«Հսկայական դահլիճ 648 տեղանոց, համարյա 300-400 հոգին միշտ կան։ Ներկայացումներն էլ շատ հաճախ են դրվում, համարյա ամիսը 20-22 ներկայացում։ Ուրեմն անձից է կախված, ինչպես է ղեկավարում, նախաձեռնո՞ղ է, թե՞ ուղղակի նստած է այդ պաշտոնում։ Ես հակված եմ նրան, որ իսկապես թատերասեր հասարակություն լինի, թող լինի 150 հոգի, բայց մակարդակով հանդիսատես, իսկ մենք ժողովրդի ճաշակը փչացրել ենք նրանով, որ ինչ ասես ցույց ենք տալիս եւ չափանիշները լավի եւ վատի վերացել են»,-ասում է նա ու նկատում, որ այդ չափանիշները վերացել են ընդհանրապես ամեն բնագավառում ու սա արդեն կրում է համատարած բնույթ․ «Որովհետեւ հանդիսատեսը ուզածդ ներկայացումը ծափահարում է, ռաբիզ երաժշտության դահլիճները լեփ լեցուն են եւ այդ երգիչ երգչուհիները՝ «աստղերը» այնքան շատ են, որ արդեն ծածկում են արեւը։ Շատ են նաեւ այդ կոչումները, մեդալները»։



Ծատուրյանը նկատում է՝ ինքն ընդգրկված է պետական մրցանակների շնորհման հանձնաժողովի մեջ եւ արդեն որերորդ անգամն է մրցանակ չի տրվում թատերարվեստի ոլորտին․ «Թեպետ կարող էինք մտածել՝ տանք, թող 5 հազար դոլար ստանան, մեղք են, բայց ոչ, մեղք չեն, ուղղակի մենք չտեսանք այն ներկայացումները, որոնք արժանի են պետական մրցանակի։ Նորից եմ ասում չափանիշները վերացել են, դրա համար ով ասես, ինչ կոչում ասես ստանում է։ Լավ ներկայացում լինի, թե վատ՝ ծափահարում են։ Հայերեն մի բառակապակցություն կա, կոչվում է՝ էլի․․․այ դրանով ենք առաջնորդվում՝ դե բեմադրում ենք էլի, ապրում ենք էլի, հանդիսատես է, էլի, թատրոն է, էլի, այ էս «էլիները» սարսափելի են»։



Այն, որ այս տարվանից կրճատեցին թատրոններին տրվող պետական սուբսիդիան 7 տոկոսով, ապա պատճառը պարզ է․ «Աղքատ երկիր ենք, փող չկա, այսինքն կա, բայց որոշ մարդկանց ձեռքին եւ կան օլիգարխներ, որոնց գումարները գերազանցում են ամբողջ Հայաստանի բյուջեի 1 տարվա չափը»,-ասում է բեմադրիչն ու հավելում, որ այդ հարցով նամակ են գրել կառավարություն, որն իրենց ընդառաջ է գնացել, քանի որ թատրոնները բիզնես կամ շահույթ հետապնդող կառույցներ չեն․«Այնուամենայնիվ, այս մեր նոր նախարարից գոհ եմ, ինչու, որովհետեւ ինչ որ քայլեր ձեռնարկում է, օրինակ «Մշակութային կանգառի» դեպքում շատ լավ բան է արված, որովհետեւ շրջանները, մարզերը, այս շերեփուկ պետությունից պետք է մի քիչ տարբերվեն։ Ինչո՞ւ շերեփուկ, որվհետեւ ունենք հսկայական Երեւան եւ փոքրիկ պոչ՝ բոլոր մարզերը։ Պետք է մի քիչ այդ կենտրոնացումը վերացնել»։



Թե որքանո՞վ է գոհ այսօրվա բեմադրվող ներկայացումների որակից, ապա Ծատուրյանը կարծում է, որ մեր թերությունն այն է, որ դպրոց չունենք․«Թատերական դպրոց գոյություն չունի, դրա համար էլ լինում են ընդամենը առկայծումներ, հանկարծ մի հատ լավ ներկայացում, ու նորից դատարկություն, այ սա է, որ վատ է մեզ մոտ, օրինակ, Նարինե Գրիգորյանը լավ բեմադրիչ է, հետաքրքիր ներկայացումներ է անում, բայց ընդամենը դա։ Շատ բան պետք է արվի, գնում եմ Մոսկվա, նայում եմ ներկայացումները, տեսնում եմ ծրագրի հետեւում մի ամբողջ էջ տրամադրել են հովանավորներին՝ մոտ 30-40 հովանավոր, իսկ մեզ մոտ խեղճ ու կրակություն է»։



Թատերագետ **Նվարդ Ասատրյանի** կարծիքով այսօր գրեթե բոլոր թատրոններն ունեն շենքային վատ պայմանների խնդիր, որոնք փորձում են այս կամ այն կերպ լուծել․«Մի տեսակ միտում նկատվեց, որ պետությունը իր ուսերից պետական թատրոնների պահպանության բեռը թոթափելու կամ գոնե թեեւացնելու համար, թատրոնների վրա դրեց լրացուցիչ պարտավորություններ, որ դուք պահեք ձեր շենքը, դուք ավելացրեք ձեր դրամարկղային հասույթը, դուք ընտրեք թե ինչ ստեղծագործական խումբ է անհրաժեշտ, դուք գտեք լրացուցիչ լծակներ, մեկենասներ, խթաններ, որպեսզի կարողանաք 21-րդ դարասկզբին հարիր թատրոն ունենալ եւ հանդիսատեսի հետաքրքրությունը միշտ վառ պահել»։



Թե այսօր ինչպես են արժեւորվում այս կամ այն, լավ ու վատ ներկայացումները, թատերագիտական անդրադարձեր կարծես քիչ են արվում, Նվարդ Ասատրյանն ասաց․«Արդի թատերարվեստի առաջին խոցը հենց թատերական մամուլի բացակայությունն է։ Ընդունվում, ավարտում են թատերագետներ, նրանց մեջ կան կարող, գիտելիքի որոշակի պաշար ունեցող, ներկայացումները դիտելու եւ գնահատելու կարողություններ դրսեւորած ուժեր, բայց չկա թատերական մամուլ։ Եվ հետո չի հաղթահարվել կղզիացած գործնեությունը տարբեր թատրոնների, համքարական միասնությունը չի հասել այն մակարդակի, որպեսզի կարողանան չանձնավորված գնահատականներ տալ։ Իմ կարծիքով բարձր արվեստ ստեղծելու համար ստեղծագործական առումով պակասում է անկեղծությունը ու անկեղծությունն էլ երբեմն գրոշի արժեք չունի հենց ստեղծագործողի համար։ Բոլորը ենթադրում են ունենալ միանշանակ գովասանական գնահատական, անկախ նրանից, որ սրտի խորքում գիտակցում են, որ իրենց նոր արված աշխատանքները ինչ-ինչ թերություններ ունեն, որոնք ընթացքում պետք է հաղթահարվեն։ Այս համագործակցությունը չկա՝ թատերաքննադատ եւ գործող թատրոն։ Ի վերջո ինչ է նշանակում թատերագետ, նա թատրոնի տեսաբանը չէ, նա պետք է լինի միանգամայն անկեղծ, անկողմնակալ իր դիրքորոշումով ու աշխատաոճով, ով նոր ներկայացում ստեղծելիս լինի ստեղծագործական խմբի կողքը եւ հենց այդ ժամանակ իր ծանրակշիռ նկատառումներն անի՝ ավելի լավը տեսնելու ներկայացումն արդեն առաջնախաղում։ Այս սրա պակասը կա։ Ասեմ նաեւ, որ դեռ նոր սերնդի հանդիսատես չի կրթվել՝ բարեկիրթ հանդիսատես, իսկ դրանում իր մեղքի առույծի բաժինն ունի հեռուստաեթերը, որը ճաշակ է թելադրում, ճաշակ փչացնում ու արմատացնում։ Սա ամենակարեւոր խոցերից մեկն է»,-ասում է թատերագետն, ում դիտարկումներով այսօր մենք ունենք երիտասարդական կատարողական նոր ուժ, որոնք կարող են նոր խոսք ասել թատերարվեստում։



**Սոնա Ադամյան**