Հետհաշվարկից առաջ

Հետհաշվարկից առաջ
ՀՀ նախագահի նստավայրից հետաքրքրվեցինք` արդյոք Սերժ Սարգսյանն սպառե՞լ է մեդալների այն քանակը, որ նրան տրամադրվել էր 10 տարվա նախագահության շրջանի համար: Նախ հետաքրքրվեցին` ով է զանգում: Երբ ներկայացա, միանգամից սկսեցին «մուննաթ» գալ, թե դու այդ ի՞նչ լրագրող ես, որ մինչեւ հիմա չգիտես, որ մեդալների քանակը Սերժ Սարգսյանն է որոշում: Ինչքան պետք լինի, այդքան էլ կտրամադրվի: Պահոոո՝ մտածեցի, նշանակում է, որ ես դեռ ռիսկային գոտում եմ, մինչդեռ ինձ թվում էր, թե օրերս տեղի ունեցած մեդալատվությունը վերջինն էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Հիմա ես եւ Սերժ Սարգսյանը մեր տրամադրության տակ մի քանի օր ունենք․ ես` խուսափելու, նա` ինձ մեդալ տալու համար: Տեսնենք, թե հիմա ում մերը տղա կբերի:



Զատիկը բարով-խերով որ անցնի, Սերժ Սարգսյանին ընդամենը մեկ շաբաթ կմնա, բայց, դատելով նախագահականի ինքնավստահ տոնից, հնարավոր է, որ նա եւս մեկ անգամ կատարի իր համար ամենահաճելի այդ պարտականությունը: Ի դեպ, նա այդպես էլ ասել է` ամենահաճելի. «Մեդալներ, կոչումներ, շքանշաններ հանձնելը հանրապետության նախագահի, թերեւս, ամենահաճելի պարտականությունն է: Սակայն դա զուտ արարողակարգային միջոցառում չէ, եւ, ըստ իս, դրանում մեծ խորհուրդ կա»: Պետք է ենթադրել, որ մեդալ ստացողները կամ նրանցից շատերն այդ արարողությանը գնում են նաեւ նախագահին այդ հաճույքից չզրկելու համար: Այդ նպատակով են նախագահի ձեռքից մեդալ ստանում հատկապես նրանք, որոնք, երբ հետ են նայում իրենց անցած ճանապարհին, միայն ամայություն են տեսնում: Սրանց դեպքում նախագահի նշած «մեծ խորհուրդը» միանգամից երկիմաստ է դառնում, որովհետեւ, եթե մի դեպքում այն նշանակում է արված գործի գնահատում, ապա մյուս դեպքում մեդալը կարող է նորահայտ տիրոջը դրդել, որ այս կյանքում գոնե մի նորմալ բան անի, այլապես այն կյանքն էլ իր օրենքներն ու մեդալներն ունի:



Մի պահ վերադառնանք այն օրերը, երբ Հայաստանում էր ռուսական էստրադայի պրիմադոննան` Ալլա Պուգաչովան, ու նրան բերել էին Սերժ Սարգսյանի մոտ, որ մեդալ տան: Ի դեպ, դրանք Պուգաչովայի ամենափարթամ ու շքեղ տարիներն էին, եւ, կարծեմ, դեռ Կիրկորովի հետ էր ամուսնացած, ու Գալկինը չկար նրա տեսահորիզոնում: Ինչեւէ, հիմա պետք է Սերժ Սարգսյանը Խորենացու մեդալ տա Պուգաչովային, իսկ տալն էլ այն է, որ այդ մեդալը նա պետք է հարմարեցնի ռուս երգչուհու կրծքին: Եվ երբ Ալլա Պուգաչովան իր մարմնի համապատասխան մասն առաջ էր տվել ու աչքերն էր փայլեցնում, Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահի այդ ամենահաճելի պարտականությունը կատարեց մեծ ոգեւորությամբ, թերեւս` մեդալի «մեծ խորհրդի» մասին մի քիչ մոռացած: Արարողության բոլոր մասնակիցներն ուրախ էին եւ ժպտում էին, բացառությամբ Խորենացու, որ հայտնվել էր մի ազգի ներկայացուցչի կրծքին, որի մասին ինքը որեւէ պատկերացում օբյեկտիվորեն չէր կարող ունենալ: Այստեղ արժանին պետք է մատուցել Սերժ Սարգսյանին: Նա Ալլա Պուգաչովային Խորենացու մեդալ տալու լավագույն մեկնաբանությունն էր գտել` նշելով, որ Պուգաչովան իր գործունեությամբ մի քանի սերունդ է կրթել ու դաստիարակել: Չմոռանանք, որ մենք` խորհրդահայերս էլ էինք Պուգաչովայի կրթած, դաստիարակած սերնդից, ու նրա երգերը Հայաստանում ավելի քիչ չէին հնչում, քան Ռուսաստանում: Իսկ թե Խորենացու մեդալը հետո ինչ խորհուրդ ունեցավ Պուգաչովայի համար, թերեւս ոչ ոք չգիտի եւ չի էլ իմանա, եթե մի հայ, երբեւէ, Կորյունի նման գլխահակ չնստի ու չգրի իր «Վարք Պուգաչովայի» ստեղծագործությունը ու չպատմի, թե ինչ երեւելի գործեր կատարեց նա Խորենացու մեդալն ստանալուց հետո:



Հազիվ թե Սերժ Սարգսյանը հաճույքի նույն զգացումով նույն` Խորենացու մեդալը կախած լինի, օրինակ Հայկ Բաբուխանյանի դոշից: Չմտածեք, թե հատուկ եմ առանձնացնում Հայկ Բաբուխանյանին, պարզապես կոնտրաստը Պուգաչովայի հետ շատ մեծ է՝ դրա համար: Բանն այն է, որ Բաբուխանյանը ո՛չ սերունդ էր կրթել, ո՛չ էլ, մանավանդ, դաստիարակել: Նրա ամենամնայուն գործն էլ հայ-թուրքական արձանագրություններին նվիրված, այսպես կոչված՝ դիսերտացիան է, որը Սերժ Սարգսյանն այդ արձանագրությունների հետ նետեց աղբարկղ: Ճիշտն ասած` չգիտեմ, Բաբուխանյանից գիտական աստիճանը հե՞տ են վերցրել, թե՞ գիտական աստիճան շնորհելն էլ «հաճելի պարտականություն» է, որի խորհրդի մասին, պարզապես, մտածող չկա:



Լավ, էս ազիզ օրով եկեք տխուր բաների մասին չխոսենք, մանավանդ, որ մեդալատվության այս վերջին արարողությունից հետո ուշաթափություններ հասարակության շրջանում տեղի չունեցան: Պարգեւատրվածների շարքում են նաեւ մեր գործընկերները, որոնց ի սրտե շնորհավորում եմ եւ մաղթում, որ հանրապետության նախագահի համար այդ ամենահաճելի զգացումները զուգակցեն մեդալի ու պարգեւների մեծ խորհրդի հետ:



Ինձ հիմա մի հարց է հետաքրքրում` ո՞վ է կազմում պարգեւատրվողների ցանկերը, եւ, արդյոք, Սերժ Սարգսյանը, Պուգաչովայի դեպքը չհաշվենք, ազդեցություն ունի՞ այդ ցանկի վրա: Ըստ երեւույթին, կա մարդկանց մի խումբ, որ հետեւում է ՀՀ բոլոր քաղաքացիների գործունեությանը, արած-չարածին ու ըստ այդմ, որպես ժյուրի, որոշում, թե ում մեդալ տան եւ ում չտան: Մյուս կողմից էլ, եթե Սերժ Սարգսյանն ասի` ֆլանին բերեք մոտս` հաճույքով մեդալ տամ, չեմ կարծում, թե որեւէ մեկն առարկի:



Հիմա ասածս ի՞նչ է: Չմտածեք, թե ես գոռոզ եմ կամ ընկերներիցս պակաս եմ ուրախանում ու տպավորվում, երբ նրանք հանրապետության նախագահի ձեռքից մեդալ ու պարգեւ են ստանում: Թող աստված մեկը հազար անի: Բայց ես, որ ճիշտն ասեմ, ո՛չ այնպիսի մի բան եմ արել, որ դրա համար մեդալ ստանամ, ո՛չ էլ հոգեբանորեն այնքան հանգիստ եմ, որ մի գեղեցիկ օր չեն ասի` արի մեդալ տանք: Մեդալը ծանր բան է, պարտավորեցնող բան է, իսկ ես չեմ սիրում որեւէ բան անել պարտավորվածության զգացումով: Մի խոսքով` ուզում եմ այս մի քանի օրն էլ առանց անակնկալի անցնի, գնանք, հանգիստ քնենք:





**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**