Կին հեղափոխականներ

Կին հեղափոխականներ
Ես անկեղծորեն հիանում եմ այն կանանցով-աղջիկներով, որոնք իրենց վառ գույներով, համարձակ պահվածքով, հեղափոխական հայացքներով առանձնանում են գորշ զանգվածից։ Մի տեսակ մարտահրավեր են նետում մեր պահպանողականությանը, կին-տղամարդ հարաբերությունների իրենց դարն ապրած ստերեոտիպներին, առհասարակ՝ հասարակական կարծիքին։ Կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները, չեն ամաչում խոսել ու գրել իրենց ազատության մասին։



Սիրում են, սեքսով են զբաղվում, ամուսնանում են, երբ իրենք են ուզում եւ ում հետ իրենք են ուզում, այլ ոչ թե շրջապատի մարդիկ։ Նման կանանց թիվը մեզանում փոքր չէ։ Վաղամեռիկ Ամալյա Կոստանյանը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության հիմնադիրը, ՄԻԺԻ կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, բնապահպանական հարցերով զբաղվող Մարիամ Սուխուդյանը, կանանց իրավունքների հարցերով զբաղվող Զարուհի Հովհաննիսյանը, Ղարաբաղում ոստիկանների կողմից բռնության ենթարկված եւ այժմ իր իրավունքների համար պայքարող Ասյա Խաչատրյանը, սեքսի ու սիրո մասին համարձակ հրապարակումներով հանդես եկող Լյուսի Քոչարյանը, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը եւ էլի շատ շատերն այդ հեղափոխական կերպարներից են՝ հասարակության որակ փոխող, օրակարգ սահմանող, տղամարդկային հասարակության եւ տղամարդկային ագրեսիայի առաջ չնահանջող տեսակներ։ Նրանք՝ ամեն մեկն իր գործունեության ոլորտում փորձում է ինչ-որ բան փոխել, ավելի լավը դարձնել մեր երկիրն ու կյանքը։



Նրանց շնորհիվ է մեր երկիրը կայանալու, նորանալու, առաջ գնալու։ Նրանց բերած մտածողությունն ու նրանց դաստիարակած սերունդն է լուծելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։ Մի խանգարեք նրանց, մի կանգնեք նրանց ճանապարհին։ Նրանք մեր փրկության բանաձեւն են, նրանցն է ապագայի բանալին։