Բայց աշխարհի հիշողությունը կարճ չէ

Բայց աշխարհի հիշողությունը կարճ չէ
Ընթացիկ տարում Վրաստանին նշանակալի ֆինանսական օգնություն ցույց տալու մասին ԱՄՆ որոշումը Բաքվում առիթ է տվել դժգոհելու, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Վրաստանի տարածքների օկուպացիան, իսկ Ադրբեջանինը՝ ոչ:



[Հրապարակման](http://www.vesti.az/news/357804) հեղինակը վերստին շոշափել է ԱՄՆ «երկակի ստանդարտների քաղաքականության» թեման, դարձյալ կրկնել այն, ինչ ասված է բազմիցս: Նրան, թերեւս, կարելի է հասկանալ. մարդն ապրում է համատարած ամնեզիայի, կեղծիքի եւ նենգափոխության երկրում, որտեղ ղարաբաղյան հակամարտությունը ներկայացվում է որպես «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում», ներկայիս իրավիճակը՝ «ռազմական ագրեսիայի, օկուպացիայի եւ էթնիկ զտումների հետեւանք», իսկ կարգավորումը՝ միայն «օկուպացված տարածքների անվերապահ ազատում, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձ իրենց մշտական բնակության վայրերը, այդ թվում եւ՝ Լեռնային Ղարաբաղ»:



Այդ կերպ Բաքուն արդեն քառորդ դարից ավելի է՝ ճգնում է տպավորություն եւ միջազգային կարծիք ստեղծել, որ Ադրբեջանը «խաղաղ եւ կատարյալ համերաշխության օազիս էր, բայց Հայաստանը տարածքային պահանջներ ուներ, ուստի դիմեց ռազմական ագրեսիայի, տարածքներ գրավեց, մեկ միլիոնից ավելի մարդ դարձավ փախստական, հիմա հարկ է վերականգնել արդարությունը, պատժել ագրեսորին»: Բայց ինչպես իրականությունն է վկայում, աշխարհի հիշողությունը բոլորովին էլ կարճ չէ:



Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կա միջազգայնորեն ձեւավորված մոտեցում, որ դա գերազանցապես հայկական տարածք է, որը խորհրդային Ադրբեջանի կազմ է մտցվել բոլշեւիկների կամայական, իրավական տեսակետից բացարձակապես չհիմնավորված որոշմամբ, արցախցիները երբեք չեն հաշտվել կատարվածի հետ, գորբաչովյան ազատականացման տարիներին հարցը բարձրացվել է մարզային խորհրդարանի մակարդակով, ինչին ի պատասխան Ադրբեջանը դիմել է բռնությունների, տնտեսական ճնշումների, ապա՝ կատարյալ շրջափակման եւ վերջապես՝ զինված ագրեսիայի: Այս իրողությունն է, ի դեպ, արտացոլված ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման մեջ, որով Ադրբեջանը փաստացի ճանաչված է ագրեսոր, Լեռնային Ղարաբաղը՝ ագրեսիայի ենթարկված կողմ: Այս տրամաբանությունն է ընկած ԼՂ կարգավորման միջնորդական հայեցակարգի հիմքում, որով ճանաչվում է արցախահայության ինքնորոշման իրավունքը:



Այստեղ «երկակի ստանդարտների քաղաքականության» մասին խոսք լինել չի կարող: Ամեն ինչ չափազանց պարզ է. աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես ինքնորոշման սուբյեկտ: Եւ ըստ այդմ էլ գործում է, այդ թվում՝ Արցախի հետ ուղղակի կամ միջնորդավորված, պաշտոնական կամ կիսապաշտոնական շփումների եւ հարաբերությունների ձեւով: Եւ Ադրբեջանում վերջապես պետք է հասկանան, որ խորհրդային ամբողջատիրությունը վաղուց է հանձնվել Լեթայի ջրերին, որ անցյալին վերադարձ չի լինելու, որ հարկ է սեւեռվել ոչ թե կույր վրեժխնդրության անհեռանկար գաղափարին, այլ՝ խաղաղ համագործակցությանը, բարիդրացիությանը, փոխգործակցությանը: Աշխարհը փոխվել է, փոխվում է ամեն պահ: Ով դիմադիր է համաշխարհային առաջընթացին, նա չի կարող միջազգային աջակցության արժանանալ: Ադրբեջանը էությամբ, համակարգով եւ դավանած արժեքներով ժամանակակից պետություն չէ: Դրա համար էլ ստանում է արժանի վերաբերմունք: Նեղսրտելու, դժգոհելու, նվնվալու, երբեմն էլ ատամ կրճտացնելու փոխարեն Բաքվում խելոք կլինեին, եթե ընտրեին վերափոխումների ճանապարհը: Բայց դա այլ թեմա է: