Ռուսաստանը Բաքվին անորակ սպառազինություննե՞ր է մատակարարում

Ռուսաստանը Բաքվին անորակ սպառազինություննե՞ր է մատակարարում
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը բավական ծավալուն անդրադարձ է կատարել բելառուսական UDF.bu կայքում ռազմական փորձագետ Յուրի Բարանովիչի հոդվածին, որտեղ հեղինակը, հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, խոսում է 2017թ. Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի Բաքվում տեղի ունեցած նիստի ժամանակ տեղի ունեցած փակ քննարկումների մասին:



Հեղինակը [մանրամասնել է](http://virtualaz.org/aktual/115415), որ ադրբեջանական կողմը հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ փոխվարչապետ Ռոգոզինին խորը դժգոհություն է հայտնել մատակարարված սպառազինությունների՝ պայմանագրով նախատեսված չափանիշներին անհամապատասխանության, տեխնիկական, այդ թվում՝ գործարանային անսարքությունների, շահագործման համար անհրաժեշտ կոմպլեկտավորող մասերի բացակայության կապակցությամբ:



Մասնավորապես, ադրբեջանական կողմը պահանջ է ներկայացրել համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգի արկերի որակի վերաբերյալ: Դժգոհության պատճառներից մեկն էլ Mi-35 ուղղաթիռն է դարձել, որի ջերմային գոլորշի արձակող համակարգը չի գործում: Ադրբեջանական կողմը Ռոգոզինին առկա թերությունները մինչեւ 2018թվականը վերացնելու խիստ պահանջ է ներկայացրել, սակայան վերջինս հակադարձել է, որ ռազմաարդյունաբերության ոլորտում ֆինանսական խնդիրների պատճառով մինչեւ 2021թվականը ոչինչ անել հնարավոր չէ: Բելառուսցի ռազմական փորձագետը ստեղծվախ իրավիճակով է բացատրում Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Մինսկ, որտեղ նա բանակցություններ է վարել ամենաբարձր՝ նախագահ Լուկաշենկոյի մակարդակով:



Ենթադրվում է, որ Ադրբեջանը փորձում է գտնել այլընտրանք, եւ Բելառուսը, որի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի, կարող է լրացնել բացը: Ընդսմին, բելառուսցի փորձագետը նաեւ կարծիք է հայտնել, որ չի բացառվում, որ Ռուսաստանն Ադրբեջանին անորակ սպառազինություն է մատակարարում գիտակցված, որպեսզի չխախտվի Հայաստանի անվտանգությունը: Չափազանց ուշագրավ է, որ այս տեղեկատվությունը հիշյալ կայքի ռուսերեն տարբերակում հասանելի է մնացել հազիվ մի քանի րոպե, ապա հեռացվել: Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմի համար ցանկալի չէ, որ նման նուրբ թեմայով լրատվությունը հասանելի լինի ավելի մեծ լսարանի: