Զատուլինի հետքերով

Զատուլինի հետքերով
ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ աշխատանքի հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Երեւանում հայտարարել է, որ Ռուսաստանը հետեւություններ է արել եւ Ադրբեջանին հետայսու այն ծավալով սպառազինություն չի մատակարարի, ինչ 2016-ի ապրիլից առաջ էր: Զատուլինը նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը ձեռք բերած զենքը փորձարկելու այլ ձեւ չի գտել, քան ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում դրանց մարտական կիրառումը: Այստեղ, կարծես, ակնարկ կա, որ ռուս-ադրբեջանական ինչ-որ պայմանավորվածություն խախտվել է: Այսինքն, Ռուսաստանը սպառազինություններ է մատակարարել պայմանով, որ դրանք չեն կիրառվելու, բայց Ադրբեջանը ապրիլյան էսկալացիայի ժամանակ լրիվ ծավալով օգտագործել է ձեռքի տակ եղածը, ինչից Ռուսաստանը հետեւություններ է արել: Ադրբեջանին հետայսու սպառազինություն վաճառել-չվաճառելու հարցը պետական դումայում եւ առանձնապես Զատուլինի կոմիտեում չէ, որ քննարկվում է:



Այդ առթիվ կարելի է պաշտոնական համարել առնվազն փոխվարչապետ Ռոգոզինի մակարդակի հավաստիացումը, ինչը չի արվել գոնե առ այս պահը: Զատուլինը, հավանաբար, միջնորդավորված տեղեկատվության կրող է, ուստի նրա հայտարարությանը պետք է վերապահումով մոտենալ: Բայց կա հարցի երկրորդ «երեսը»․ եթե Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը քաղաքական նպատակ չի հետապնդում, այլ միայն բիզնես է, ինչպես ավելի վաղ ասում էին ռուս գործիչները, ապա հետեւություններ անելու ի՞նչ հարկ կա: Եթե հետեւութններ արվել են, ուրեմն Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություններ վաճառել է որոշակի պայմաններով կամ՝ նպատակով: Ի՞նչ է տեղի ունեցել: Ադրբեջանն օգտագործել է այդ զինատեսակները, բայց որեւէ շոշափելի հաջողության, որին կարող էր հետեւել ռազմաքաղաքական գործընթաց, չի հասել, ուստի Ռուսաստանի համար եկել է հետեւություններ անելու ժամանակը: Ընդ որում, պարզ չէ՝ ի՞նչ հետեւություններ է արել Մոսկվան:



Համոզվել է, որ Ադրբեջանն անհուսալի՞ է, անգործունա՞կ, որ նման երկիրն արժանի չէ ժամանակակից սպառազինություն ունենա՞լ: Ռուսաստանի կողմից հետեւությունների հանգելու մասին Զատուլինի հայտարարությունը ենթադրությունների մեծ միջակայք է բացում: Եւ տրամաբանական է դառնում հարցը. Իսկ մինչապրիլյան Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակի՞ցը չէր, ՀԱՊԿ անդա՞մ չէր: Ինչու՞ էր Ռուսաստանը հետեւողականորեն խախտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը: Նպատակը ո՞րն էր: Եւ ի՞նչ է փոխվել, որ Ռուսաստանը հետեւություններ է արել եւ սկսել Հայաստանին տրամադրել ժամանակակից սպառազինություններ: Ռուս խորհրդարանականը պատրաստ է այս հարցադրումներից գոնե մեկին պատասխանելու: