Միայն ԱԱԾ-ն կարող է կարդալ ձեր հաղորդագրությունները եւ չպատժվել, ուրիշ ոչ ոք

Միայն ԱԱԾ-ն կարող է կարդալ ձեր հաղորդագրությունները եւ չպատժվել, ուրիշ ոչ ոք
Օրերս քննչական կոմիտեն մի իսկական հանցագործություն է բացահայտել, թե ինչպես է 22-ամյա աղջիկը մուտք գործել իր ընկերոջ մոր սոցիալական կայքի անհատական էջ և գաղտնաբառը փոխել: «Հանցագործ» աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:



Այս հաղորդագրությունը առնվազն ծիծաղելի է, քանի որ բոլորս գիտենք, թե ինչպես է ՀՀ ԱԱԾ-ն աջ ու ձախ կարդում մեր և ձեր հաղորդագրությունները, առանց որեւէ հիմնավորման, որեւէ դրդապատճառի:



Հայաստանի իշխանությունները ոտնահարում են ՀՀ քաղաքացու իրավունքները ինչպես օֆլայն, այնպես էլ օնլյան տիրույթում: Բազմիցս դեպքեր են եղել, երբ բարձրաստիճան պաշտոնյաները որեւէ ինֆորմացիա փոխանցելիս զգուշացրել են՝ «ֆեյսբուքով, վայբերով ոչինչ չգրել, ամեն ինչ կարդում են, հետո բազառ է դառնալու»: Բանն այն է, որ սոցցանցերով գրագրությունների համար նրանք հաճախ են պատմությունների մեջ ընկնում, այդ պատճառով շատ լավ գիտեն յուրային ԱԱԾ-ին:



Դեռ ամիսներ առաջ ծանոթս հպարտորեն պատմում էր, թե ինչպես է իր մտերիմ ԿԳԲ-շնիկի միջոցով ԱԱԾ-ից վերցրել փեսայի հեռախոսային խոսակցությունները եւ հայտնաբերել, թե ինչ սրիկա է նա, զարմանքով լսում էի ու մտածում, թե ինչպես է շարքային քաղաքացին կարողացել ձեռք բերել ուրիշի անձնական կյանքին վերաբերող այդ խոսակցությունները։ Ընդ որում՝ փեսան եւս խոշոր քաղաքական գործիչ չէր, որ մտածենք, թե իշխանությունը հատուկ գաղտնալսում է նրան։ Իսկ դա նշանակում է՝ մեր երկրում անձնական կյանքի գաղտնիության պահպանման տարրական կանոնները չեն աշխատում եւ մենք բոլոր ԱԱԾ «ափի մեջ ենք»։ Եթե հեռախոսային խոսակցություններն են այդպես մատչելի, ապա հաղորդագրությունների ու ֆեյսբուքի գաղտնիության մասին ավելորդ է անգամ խոսելը: Իսկ ամենավատն այն է, որ այս պարագայում քո իրավունքները ոտնահարողը հենց այն բարձրագույն մարմինն է, որին կարող էիր բողոքել: