Պատմության քմահաճույքը

Պատմության քմահաճույքը
Շատերը երեւի կընդդիմանան ինձ, բայց միեւնույն է, ուզում եմ հարցնել՝ մենք որքանո՞վ գիտենք իրական պատմությունը: Տեղյա՞կ ենք, որ առաջին Հանրապետությունը Կարսի մարզում իշխանություն չէր ունենա, եթե Անդրկովկասում բրիտանական հրամանատարությունը թուրքերին չստիպեր: Գիտե՞նք, որ նույն ձեւով Նախիջեւանն է ենթարկեցվել Հայաստանի իշխանությանը, բայց կարճ ժամանակ անց տեղի մուսուլմանական ուժերն ապստամբել են, եւ հայկական ադմինիստրացիան թողել-հեռացել է:



Իրազեկ ե՞նք, որ երբ Նախիջեւանը տրվել է Հայաստանին, Ղարաբաղում էլ, դարձյալ բրիտանացիների պարտադրանքով, ստեղծվել է ադրբեջանական գեներալ-նահանգապետություն: Այսինքն, տեղի է ունեցել «տարածքային փոխանակում», Կարսը եւ Նախիջեւանը՝ Հայաստանին, Ղարաբաղը՝ Ադրբեջանին: Եւ պատմաբանի խնդիրն է, որ պարզի՝ բրիտանացիների միջնորդությամբ հայ-ադրբեջանական նման համաձայնություն եղե՞լ է, ինչ-որ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, թե բրիտանացիները գործել են սեփական նախաձեռնությամբ եւ հանուն նպատակահարմարության:



Բայց էականը դա չէ, այլ՝ թե ինչու՞ ժամանակին եւ տեղում չի կանխատեսվել, որ բրիտանացիները մի օր Անդրկովկասից հեռանալու են, եւ մնալու ենք թուրքերի հետ դեմ առ դեմ: Ըստ երեւույթին, սխալ է պատկերացումը, թե քեմալական շարժումը միայն բոլշեւիկների օգնությամբ է սկսվել: Փաստերը հակառակն են ապացուցում. Պատերազմում պարտված Թուրքիան արեւելյան ճակատում՝ Անատոլիայում եւ նախկին ռուս-թուրքական ճակատի ուղղությամբ չի կապիտուլացվել, թուրքերը զենքը ցած չեն դրել, թույլ չեն տվել, որ դաշնակիցներն իրենց զինաթափեն: Կապիտուլյացիային չենթարկված մի քանի զորահրամանատարի անուն է հիշվում՝ Վեհիբ փաշա, Կարաբեքիր փաշա, Մուստաֆա Քեմալ:



Այսինքն, դեռեւս 1919թ. էր ստույգ, որ թուրքերն Անատոլիայում բանակներ են պահում, չեն ենթարկվում Մուդրոսի զինադադարի պայմաններին, արեւելքում պահանջում են Բերստ-Լիտովսկի պայմանագրով Թուրքիային թողնված սահմանները: Պետք է կանխատեսվեր, որ բրիտանացիների հեռանալուց հետո հայ-թուրքական պատերազմն անխուսափելի է: Ինչի՞ վրա էին հույս դրել: Փարիզի խաղաղության կոնֆերանսի՞: Եւ երբ տեղի ունեցավ անպատկերացնելին՝ բոլշեւիկները բրիտանացիների հետ համաձայնության եկան, եւ Ռուսաստանի հարավը դատարկվեց դենիկինյան ուժերից, բոլշեւիկների համար Կովկասի ճանապարհը բացվեց, ինչու՞ հասկանալի չեղավ, որ հարցեր որոշողը ոչ թե Սեւրի պայմանագիրն է, որն, ի դեպ, այդպես էլ ոչ մի երկրի կողմից չվավերացվեց, այլ դեպի Անդրկովկաս արշավող բանակը, որի առջեւ մի գիշերում բացվեցին Բաքվի դարպասները, եւ Ադրբեջանը հռչակվեց խորհրդային-սոցիալիստական հանրապետություն: Ամերիկյան քաղաքականության խոհանոցին տեղյակ Գոբլն ասում է, որ Թրամփի համար Կովկասն առաջնահերթություն չէ: Սիրիայում ռուս-ամերիկյան կոշտ դիմակայությունը պետք է որ նման եզրակացության տեղ թողնի:



Մինչդեռ մեզնից շատերը հույս են փայփայում, որ ԱՄՆ-ը «կճանաչի Արցախի անկախությունը»: Ուժեղները պայմանավորվում են թույլերի հաշվին: 1919-ի տարեվերջին բիրտանացիներն սկսեցին հեռանալ Անդրկովկասից, որովհետեւ Ռուսաստանի հետ այդպես էին պայմանավորվել: Իրենց ստանալիքը նրանք ստացել էին Մերձավոր Արեւելքում: Վաղը Նահանգները եւ Ռուսաստանը կպայմանավորվեն Սիրիայի եւ առհասարակ մերձավորարեւլյան հարցերում: Եւ Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի «նուրբ փորատակ», որովհետեւ ուժեղները մեկը մյուսի շահերը նաեւ հարգել գիտեն: Թուրքիան այդ մեծ պայմանավորվածությունների մասնակից է: Դա նվաճած իրավունք է, որ Թուրքիան կզիջի միայն պատերազմում պարտությամբ, բայց դա շատ հիպոթետիկ է: Եւ պատմության քմահաճույքն է, որ հարյուր տարում երկրորդ անգամ ընտրության առջեւ ենք կանգնում: Եւ դարձյալ մեծ է սխալվելու հավանականությունը, որովհետեւ շարունակաբար խուսափում ենք իրական պատմությունից եւ փայփայում գեղեցիկ առասպելներ...