Մենք ականատես ենք հուշարձանի պղծման, վանդալիզմի երեւույթի

Մենք ականատես ենք հուշարձանի պղծման, վանդալիզմի երեւույթի
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ մշակույթի եւ ֆինանսների նախարարություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը․ «Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու հանցագործությունների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:



Դրանից բացի, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակեց Արդվի հուշարձանի վերականգնման ընթացքից՝ մակագրելով դրանք այսպես․ «Հուշարձանները պղծվում են որոշ «Մասնագետների» եւ «Կրոնավորների» կողմից»։ **Արմեն Աբրոյանից** հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են այդ մարդիկ։



-Կոնկրետ չեմ ուզում մատնանշել, որովհետեւ մեր գործակալությունն արդեն դիմել է մարզային դատախազությանը, որպեսզի պարզենք, թե ով է եղել, ու մեղավորներն իրենց պատասխանատվությունը կրեն։



**- Դուք նաեւ գրել էիք, որ բացակայում են հուշարձանի ուսումնասիրությունները, չափագրությունները, մի շարք նյութեր։ Ո՞վ պետք է դա իրականացներ, եւ ո՞ւմ հսկողության տակ պետք է լինեին։**



Դա հեղինակային կազմակերպության կողմից պետք է արվեր, որի համար պայմանավորվածություն է եղել, դրա մասին բոլոր կողմերը տեղյակ են եղել, սակայն, հակառակ այդ ամեն ինչին, տեղում իրականացման աշխատանքներ են տարել եւ հատկապես՝ քանդման, ինչն օրենքով արգելվում է։



**- Այսինքն՝ վերականգնումը քանդման ճանապարհո՞վ են արել։**



Այո, նախատեսված վերականգնման նախագիծը, որը համարում ենք չակերտավոր՝ ընդունելի, դա ենթադրում էր հուշարձանի փոփոխություն, իսկ փոփոխությունը կատարվում է կառավարության թույլտվությամբ։ Նման թույլտվություն չի եղել։



**- Դուք նաեւ գրել էիք, որ ձեր գործակալությունն էլ համաձայնություն չի տվել։ Այդ դեպքում ո՞վ է թույլտվություն տվել, գրանցամատյաններից, դրանցում առկա փաստաթղթերից հնարավոր չէ՞ պարզել։**



Որոշ փաստաթղթեր կան, որոնք իմ ձեռքում չկան, եւ դրա համար իրավապահ մարմինների միջոցով պետք է բոլոր փաստաթղթերը նայենք։



**- Այսինքն՝ վերականգնումն իրականացնող կազմակերպությունը շրջանցել է ձեր գործակալությունը։**



Ես կարծում եմ, որ այդ կազմակերպությունը, ընկերությունը, որ իրականացրել են քանդման այդ գործողությունը, ունեցել են որոշ հովանավորչություն եւ դրա համար արել են, հակառակ դեպքում որեւէ մեկը չէր անի նման բան։



**- Նման հովանավորչությունը շարքային աշխատակիցների մակարդակով չէր արվի, պարբերաբար շրջանառվում է փոխնախարար Արեւ Սամուելյանի անունը, ի՞նչ կասեք այդ մասին։**



Ճիշտ չի լինի, որ ես հիմա անուններ տամ, ես կարող եմ միայն մեր գործակալության անունից խոսել, որն ի պաշտոնե ղեկավարում եմ եւ պատասխանատու եմ իմ ասածների համար։ Ես նման համաձայնություն չեմ տվել, ընթացակարգն օրենսդրական չի եղել, կատարված աշխատանքներն օրենքին դեմ են եղել։ Մասնագիտական առումով ունեցել ենք բազմաթիվ բաց մասեր, եւ այդ բացերը լրացնելու ընթացքում դեռ նոր է եկել համաձայնություն ստանալու նամակը նախագծող կազմակերպության կողմից, բայց դրանից առաջ արդեն քանդո՞ւմ են…, թող քննություն ընթանա, եւ պարզվի, թե ինչ է կատարվել։



**- Այսինքն՝ հիմա հուշարձանին անդառնալի վնաս է հասցվել։**



Այո՝ մասնակիորեն, որովհետեւ քանդվել է, եւ այս պահին ես չեմ հաշվառել, թե ինչ է պահպանված մնացել այդ հուշարձանից, որ վերականգնելի լինի, սակայն անդառնալի մաս ունի, եւ նաեւ նախագիծը չի ենթադրում հուշարձանի նույն տեսքի վերականգնում, ինքը ենթադրում է հուշարձանի փոփոխություն։ Այսինքն՝ մենք ականատես ենք լինելու հուշարձանի պղծման, վանդալիզմի երեւույթի։



**- Իսկ այդ նախագիծը գիտխորհրդի նիստում չի՞ հաստատվել։**



Այո, գիտամեթոդական խորհրդում քննարկվել է։



**- Այդ դեպքում ո՞նց են հաստատել, եթե այդպիսի դիսոնանս կա, եւ վերականգնումն իրականացվելու է հուշարձանը մասնակի քանդելու, վնասելու հաշվին։**



Թերացումով, հեղինակը ներկայացրել է թերի տվյալներ, գիտամեթոդական խորհուրդը չի ստուգել տվյալները՝ ճիշտ են, թե ոչ։ Հաստատվել է թերացումներով, որի մասին ես բոլորին տեղեկացրել եմ ե՛ւ ժամանակին, ե՛ւ այս տարի, բոլորը տեղեկացված են եղել, որ նման խնդիր կա։



**- Գիտամեթոդական խորհրդի նախագահը փոխնախարար Արեւ Սամուելյա՞նն է։**



Այո։



**- Դատախազությունը քրեական գործ է հարուցել հուշարձանների ամրակայման գործով թույլ տրված խախտումների մասով։ Արդվին կա՞ այդ ցանկում, հիմա դադարեցվե՞լ են աշխատանքները։**



Դատախազության գործը չի առնչվում Արդվիի հուշարձանի քանդման հետ, դատախազության գործը վերաբերել է ֆինանսների նախարարության կողմից պետական բյուջեով իրականացված ստուգումներին։



**- Ամեն դեպքում՝ հիմա Արդվիում շինարարությունը դադարեցվե՞լ է, թե՞ ոչ։**



Մենք երեկ դատախազությանը խնդրել ենք, որ դադարեցվի։ Սպասում ենք, որ ընթացք ստանա։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**